Իջեւան քաղաքի բնակիչ Աշոտ Սարհատյանին մեղադրանք է առաջադրվել այն բանի համար, որ նա 2015թ. հունվար-փետրվար ամիսներին գաղտնի հափշտակել է Իջեւան քաղաքի Աբովյան 24/78 հասցեի տան երկրորդ հարկում գտնվող, իր հորը՝ Պատվական Սարհատյանին պատկանող երկու բազկաթոռ, կարի մեքենա եւ վերմակ՝ հորը պատճառելով 175 հազար դրամի վնաս: Ա. Սարհատյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 177 հոդվածի 1-ին մասով: Իջեւանից ստացված տեղեկության համաձայն՝ Աշոտ Սարհատյանի ընտանիքը բնակվում է նույն տան առաջին, իսկ հոր ընտանիքը՝ երկրորդ հարկում, նրանց միջեւ վատ հարաբերություններ են:
Նշենք, որ մինչ այդ Ա. Սարհատյանը գտնվում էր կալանքի տակ «Կոշ» քրեակատարողական հիմնարկում, քանի որ 2015թ. հունիսի 15-ին ծեծել էր իր կնոջը: Սական 2015թ. հոկտեմբերի 9-ին Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանը որոշել էր Ա. Սարհատյանի դեմ ՀՀ քրեական օրենսգրքի 118 հոդվածով առաջադրված մեղադրանքը կարճել՝ իր կնոջ՝ տուժողի հետ հաշտվելու պատճառով: 2016թ. մարտի 16-ին Տավուշի մարզի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանում Պատվական Սարհատյանից դիմում է ստացվել այն մասին, որ նա հաշտվել է որդու՝ Աշոտ Սարհատյանի հետ, նրանից որեւէ պահանջ չունի եւ խնդրել է նրան պատասխանատվության չենթարկել:
Դատաքննության ժամանակ Աշոտ Սարհատյանը հայտնել է, որ ինքը հաշտվել է հոր հետ եւ խնդրել է քրեական գործի վարույթը կարճել: 2016թ. ապիրիլի 14-ին Բերդ քաղաքում Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանի դատավոր Զոյա Զաքինյանը որոշել է Աշոտ Սարհատյանին առաջադրված մեղադրանքով քրեական գործի վարույթը կարճել ամբաստանյալի հետ տուժողի հաշտվելու պատճառով, Աշոտ Սարհատյանի հանդեպ խափանման միջոցը վերացվել է:
Ոսկան Սարգսյան
Տավուշ