ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք` կամավոր կենսաթոշակային բաղադրիչի մասնակիցն իրավունք ունի՞ իր ցանկությամբ հրաժարվել կամավոր կենսաթոշակային բաղադրիչից:
Գայանե Կարապետյան (33 տարեկան, մանկավարժ)
ՊԱՏԱՍԽԱՆ. Գ. Կարապետյանի հարցին ի պատասխան` տեղեկացնում ենք, որ նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը, մասնակիցն իրավունք ունի ցանկացած ժամանակ ներկայացնելու իր կուտակած միջոցները (նվազեցված ապահովագրության պայմանագրի կնքման եւ կատարման ծախսերը) միանվագ վճարելու պահանջ, եթե տվյալ մասնակցի կողմից համապատասխան կենսաթոշակային ֆոնդին, բանկին կամ ապահովագրական ընկերությանն առաջին կուտակային վճարի կատարման, ավանդի ներդրման կամ ապահովագրավճարի վճարման օրվանից անցել է առնվազն երկու տարի: Բացառություն է կազմում այն դեպքը, երբ կամավոր կենսաթոշակային սխեման ձեռք է բերել գործատուն:
Այս դեպքում հարկը հաշվարկվում է հետեւյալ դրույքաչափով.
1. եթե կուտակած միջոցները կազմում են մինչեւ 120.000 դրամ՝ 24.4 տոկոս,
2. եթե կուտակած միջոցները կազմում են 120.000-2.000.000 դրամ՝ 29.280 դրամին գումարած 120 000 դրամը գերազանցող գումարի 26 տոկոս,
3. եթե կուտակած միջոցները կազմում են 2.000.000 դրամից ավել՝ 518.080 դրամին գումարած 2 000 000 դրամը գերազանցող գումարի 36 տոկոսը:
Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ վարձու աշխատողը համակարգից հրաժարվելու դիմումը ներկայացնում է գործատուի միջոցով: Վարձու աշխատողի սոցիալական վճարը հաշվարկում եւ փոխանցում է գործատուն, որպես հարկային գործակալ, յուրաքանչյուր ամիս հարկային մարմին ներկայացնելով անձնավորված հաշվետվություն` աշխատողին վճարված եկամուտների եւ կատարված սոցիալական վճարի վերաբերյալ: