ԿՍԹԱՓԵՑՆԻ ՄՅՈՒՍՆԵՐԻՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ֆուտբոլային հանդիպումների պայմանավորված լինելու վերաբերյալ հրապարակումներն ու բացահայտումները կարծես թե դարձել են սովորական երեւույթ: Դրանք առավել մեծ տարածում ստացան այն բանից հետո, երբ շրջանառության մեջ դրվեցին բուքմեյքերական ընկերությունները, որոնք յուրաքանչյուր խաղից առաջ խաղադրույքներ են ընդունում: Իհարկե, այլ մարզաձեւերում նույնպես դա առկա է, սակայն քանի որ ֆուտբոլն ամենամասսայական մարզաձեւն է, դրան առնչվող քննարկումներն ավելի շատ են:
Եթե Հայաստանը ՈՒԵՖԱ-ի, ՖԻՖԱ-ի անդամ է, անցկացնում է երկրի առաջնություն, տարբեր հավաքականներ մասնակցում են միջազգային մրցաշարերի, նույնիսկ մրցավարներ ունի, ինչպե՞ս կարող է հեռու մնալ այդ` ֆուտբոլը քայքայող ախտից: Հուլիսի կեսերին հրապարակումներ եղան այն մասին, որ հուլիսի 11-ին Եվրոպայի լիգայի որակավորման առաջին փուլի «Ինտեր» Տուրկու (Ֆինլանդիա)-«Վիկինգուր» Ֆարերյան կղզիներ հանդիպումը սպասարկած հայաստանյան մրցավարական անձնակազմի գլխավոր մրցավար Անդրանիկ Արսենյանի եւ Հովհաննես Ավագյանի կողմից կողմնակալ մրցավարության եւ խաղադրույքներ կատարելու նպատակով խաղի ելքի վրա ազդելու միտումնավոր գործողություններ են կատարվել: Մասնավորապես, Ա. Արսենյանը երկու անհիմն 11 մետրանոց էր նշանակել:
Այդ կապակցությամբ օգոստոսի 6-ին ՀՖՖ նախագահ Ռուբեն Հայրապետյանը գործկոմի նիստի ժամանակ ներկայացրել է ինչպես ֆեդերացիայի փորձագիտական կոմիտեի, այնպես էլ իր ներկայացուցիչների կատարած մանրակրկիտ ուսումնասիրություններն ու դրանց արդյունքները: Պարզվել է, որ հիշյալ մրցավարական անձնակազմը ներգրավված է եղել պայմանավորված խաղի գործընթացում, կատարել է անթույլատրելի, պատժելի գործողություններ, որոնք ապացուցված են ինչպես ՈՒԵՖԱ-ի, այնպես էլ ՀՖՖ-ի կողմից արված բազմաթիվ ուսումնասիրություններով:
Պայմանավորված խաղում իրենց ներգրավվածության մասին պատմել են նաեւ հիշյալ մրցավարները, որոնք այդ մասին գրել են բազմաթիվ ապացույցների ճնշման տակ: Պարզվել է, որ այդ գործընթացին մասնակցել են նաեւ «Շահումյան» ֆուտզալի թիմի ղեկավար Գրիգոր Հովասափյանը եւ «Արարատ»-ի նախկին ֆուտբոլիստ Էդգար Սաֆարյանը: Մրցավարների նման արարքի համար սահմանված է 3 տարուց մինչեւ ցմահ որակազրկում, եւ ՀՖՖ գործկոմը որոշել է հիշյալ մրցավարներին ցմահ որակազրկել ֆուտբոլային գործունեության իրականացումից, կարգապահական վարույթ իրականացնել մյուս անձանց նկատմամբ եւ կիրառել կարգապահական կանոնակարգերով պայմանավորված խաղերի հետ կապված խստագույն միջոցներ: Հույս ունենք, որ այս որոշումը կսթափեցնի մյուս բախտախնդիրներին:

ՌՈՒՍԼԱՆ ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս