
«Չորրորդ իշխանություն» թերթը գրում է. «Երկու շաբաթ է անցել Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների դատարանից «Նուբարաշեն» ՔԿՀ-ում գործող հանցավոր խմբավորման պարագլուխ Սպարտակ Դանիելյանի փախուստից, սակայն ոստիկանությունը մինչեւ հիմա չի հայտնաբերել նրան:
Հիշեցնենք, որ Սպարտակ Դանիելյանը խարդախության համար դատապարտված լինելով 10 տարվա ազատազրկման, ՔԿՀ-ից շարունակել է նորանոր խարդախություններ անել, եւ հիմա միայն Կենտրոնի դատարանում քննվող այս քրեական գործով նա մեղադրվում է 25 դրվագներով խոշոր եւ առանձնապես խոշոր չափերի խարդախություն անելու մեջ:
Երեկ այս գործով երկրորդ դատական նիստն էր, բայց քանի որ Ս. Դանիելյանը մինչեւ հիմա չի հայտնաբերվել, դատավոր Մնացական Մարտիրոսյանը որոշեց գործի վարույթը կասեցնել եւ նրա նկատմամբ հետախուզում հայտարարել:
Հիշեցնենք, որ Ս. Դանիելյանը փախուստի էր դիմել դատարանի՝ կալանավորների պահման համար նախատեսված խցից:
«ՉԻ»-ին հայտնի դարձավ, որ բացի ՔԿ-ում Ս. Դանիելյանի փախուստի փաստով նրա դեմ հարուցված քրեական գործից, եւս մեկ գործ էլ հարուցվել է ՀՔԾ-ում՝ դատապարտյալին ուղեկցող ոստիկանների դեմ, քանի որ նրանց պարտավորությունն է հսկել կալանավորին»:
Ավելի մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: