Հարց քաղաքացիներից` ինչպես են կազմակերպվում մարզերում մանկավարժների ընդունելության աշխատանքները

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ՝ մարզերում մանկավարժական կադրերի նպատակային ընդունելության նախապատրաստական աշխատանքները ի՞նչ կարգով են կազմակերպվում:

Ելենա Մնացականյան (32 տարեկան, մանկավարժ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ մանկավարժական կադրերի նպատակային ընդունելության նախապատրաստական աշխատանքները մարզերում կազմակերպում են.

ա. Դպրոցի տնօրենը՝

ՀՀ մարզպետին է ներկայացնում պահանջվող առարկայի մասնագիտական անվանական հայտը հիմնավորմամբ: Հայտում նշված պետք է լինի անձի՝ տվյալ համայնքի բնակիչ լինելը եւ ավարտած դպրոցը՝ հայտը ներկայացնող դպրոցի կնիքով հաստատված: Տվյալ մարզի այլ համայնքի բնակչի համար դպրոցի տնօրենը բացառության կարգով կարող է միայն օտար լեզվի հայտ ներկայացնել՝ դպրոցում որեւէ օտար լեզու չուսումնասիրելու պատճառը մասնագետի բացակայության հիմնավորմամբ:

բ. Համայնքի ղեկավարը՝

Հաստատում է դպրոցի տնօրենի կողմից ներկայացված հայտում նշված անձի՝ տվյալ համայնքի բնակիչ լինելու իսկությունը՝ իր ստորագրությամբ եւ կնիքով:

գ. ՀՀ մարզպետները՝
Հավաքագրում, ամփոփում են մարզի համայնքներից ստացված հայտերը, ուսումնասիրում հիմնավորումները, վերահաստատում եւ մարզի նպատակային ընդունելության դիմորդների անվանացանկը ներկայացնում են ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն՝ մինչեւ 2005 հուլիսի 5-ը (անվանացանկին պետք է կցված լինեն դպրոցների տնօրենների հայտերի բնօրինակները):

ՀՀ կրթության եւ գիտության նախարարություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ պետական ուսումնական հաստատության մեկ դրույքով պաշտոնավարող վարչական աշխատողը համապատասխան որակավորման դեպքում համատեղության կարգով կարող է ունենալ շաբաթական մինչեւ ութ դասաժամ ուսումնական ծանրաբեռնվածություն: Կես դրույքով պաշտոնավարող եւ համապատասխան որակավորում ունեցող պետական ուսումնական հաստատության վարչական աշխատողը համատեղության կարգով կարող է ունենալ շաբաթական մինչեւ տասնչորս դասաժամ ուսումնական ծանրաբեռնվածություն:




Լրահոս