ԱՅՍ ՎԻՃԱԿԸ ՇԱՏ ԱՐԱԳ ՊԵՏՔ Է ՇՏԿՎԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Չնայած անցած տարվա առաջին երկու ամիսների համեմատ այս տարի տնտեսությունում շրջանառությունը մի փոքր ավելացել է, սակայն Հայաստանի բնակչությունը շարունակում է աղքատանալ:

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ այս տարվա հունվար-փետրվար ամիսներին, անցած տարվա նույն ժամանակահատվածի համեմատ, առեւտրի շրջանառությունը նվազել է մոտ 2 տոկոսով: Գումարային արտահայտությամբ առեւտրաշրջանառությունն անցած տարվա համեմատ նվազել է 5,5 միլիարդ դրամով: Թվերն ավելի ողբերգական են, երբ դրանք համեմատում ենք նախորդ՝ 2014 թվականի արդյունքների հետ: Այս դեպքում երկու ամսվա կտրվածքով առեւտրաշրջանառության անկումը կազմում է 13 միլիարդ 277 միլիոն դրամով: Վերը բերված թվերը նշանակում են, որ նույնիսկ պաշտոնական թվերով Հայաստանի բնակչությունը անցած երկու տարվա ընթացքում անընդհատ աղքատացել է, եւ ամենավատն այն է, որ այս գործընթացը չի դադարում:
Ի դեպ, ԱՎԾ-ի հրապարակած վերջին՝ վիճակագրական տվյալներում ներկայացված են նաեւ 2015 թվականին օտարերկրյա ներդրումների ընդհանուր թիվը: Պաշտոնական վիճակագիրները ընդհանուր ներդրումների մասով 2015-ին նախորդ՝ 2014-ի համեմատ աճ են արձանագրել 198,8 մլն դոլարի չափով: Սակայն տնտեսության մեջ իրականացված օտարերկրյա ներդրումների հիմնական ցուցանիշը՝ ուղղակի ներդրումների թիվը, այնուամենայնիվ, չեն կարողացել լավատեսական մոտիվներով ներկայացնել: Ուղղակի ներդրումները 2014-ին եղել են 404,3 մլն դոլար, իսկ անցած տարի այն կազմել է 180,5 մլն դոլար: Այսինքն՝ անցած տարվա ընթացքում Հայաստանի տնեսության մեջ ուղղակի ներդրված օտարերկրյա միջոցները նվազել են 223,8 մլն դոլարով: Նաեւ այս հանգամանքով է պայմանավորված Հայաստանի բնակչության տարեցտարի աղքատանալու փաստը:
Մեզանում առկա ծանր վիճակի մասին է վկայում նաեւ այն փաստը, որ անցած տարվա երկու ամիսների արդյունքներով այս տարվա նույն ժամանակահատվածում պետական բյուջեի եկամուտները նվազել են: Ընդհանուր եկամուտներն այս տարվա հունվար-փետրվարին կազմել են 155 միլիարդ 565,9 միլիոն դրամ՝ անցած տարվա 158 միլիարդ 838,2 միլիոն դրամի դիմաց: Սակայն ուշագրավն այն է, որ այդ անկումը տեղի է ունեցել հարկեր-տուրքերից ստացված եկամուտների նվազման արդյունքում: Մասնավորապես, այս տարվա հարկեր-տուրքերը կազմել են 149 միլիարդ 608,6 միլիոն դրամ՝ անցած տարվա 152 միլիարդ 658,5 միլիոն դրամի դիմաց: Ի դեպ, հարկատեսակներից հատկապես նվազել է հիմնական հարկատեսակի՝ ավելացված արժեքի հարկի գծով պետբյուջեի մուտքերը: ԱԱՀ-ի գծով անցած տարվա առաջին երկու ամիսներին պետական բյուջե է հավաքագրվել 63 միլիարդ 708,6 միլիոն դրամ, իսկ այս տարի այդ ցուցանիշը կազմել է 58 միլիարդ 826,5 միլիոն դրամ:
Հայաստանի տնտեսության վիճակի բարելավման եւ օր առաջ առողջացման խնդրի լուծումը դարձել է առավել քան կարեւոր՝ հաշվի առնելով ապրիլի 2-ից 5 տեղի ունեցած քառօրյա պատերազմի «դասերը»: Եթե մինչ այդ թվում էր, թե տնտեսության վիճակի վատթարացումը սպառնում է միայն արտագաղթով, ապա ներկայումս ակնհայտ է, որ տնտեսության ներկա բացասական զարգացումների շարունակվելն ուղղակի սպառնում է Հայաստանի ազգային անվտանգությանը: Հայաստանին անհրաժեշտ է դինամիկ եւ հաստատուն զարգացող տնտեսություն, որը հնարավորություն կտա համալրել եւ ուժեղացնել հայկական բանակի սպառազինությունը: Ադրբեջանական ագրեսյան ցույց տվեց, որ ներկա պայմաններում Հայաստանի բնակչությանը եւ զինվորներին թշնամու ոտնձգություններից պաշտպանելու համար Հայաստանի սպառազինությունը պետք է համալրվի ժամանակակից զինատեսակներով: Հակառակ դեպքում թշնամու ագրեսիան զսպելու համար մենք ստիպված ենք լինելու վճարել մեր երիտասարդների կյանքի գնով:

ՎԱՀԱԳՆ ՀՈՎԱԿԻՄՅԱՆ

 

 

 
ԱՇԽԱՏԱՆՔԱՅԻՆ ԽՈՒՄԲ
Ապրիլի 2-ից 5-ը ընկած ժամանակահատվածում Ադրբեջանի կողմից Արցախի ուղղությամբ կատարված լայնածավալ ռազմական գործողությունների մասով ստեղծվել է հանձնաժողով, որը, ըստ էության, պետք է գնահատի եւ վերլուծի Ադրբեջանի կողմից իրականացված գործողությունները եւ այն ներկայացնի միջազգային կառույցներին: Մեր տեղեկություններով՝ այս նախաձեռնության առանցքային դերակատարները լինելու են Արցախի եւ Հայաստանի մարդու իրավունքների պաշտպանները: «Ժողովուրդ»-ը ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակից փորձեց պարզել, թե ովքեր են հանձնաժողովի անդամները: Ի պատասխան մեր հարցման՝ օմբուդսմենի գրասենյակի մամուլի պատասխանատու Ռոնա Ահարոնյանն ասաց. «Քառօրյա պատերազմի ընթացքում կատարված գործողությունների ուսումնասիրման համար ստեղծվել է աշխատանքային խումբ, որում ներառված են պաշտպանի աշխատակազմի ներկայացուցիչները, այս պահին այսքանը կարող եմ հայտնել»:

 

 

ՉԵՆ ՀԱՆԳՍՏԱՆԱ
Վանաձորի բնակիչ, 15-ամյա հանդբոլիստ Դավիթ Հովակիմյանին 2013 թվականի հոկտեմբերին սպանելու մեջ մեղադրվող Կարեն Կունգուրցեւը երեկ` ապրիլի 15-ին, Լոռու մարզի ընդհանուր իրավասության դատարանի կողմից արդարացվել է: Կարեն Կունգուրցեւը հենց դատարանի նիստերի դահլիճից ազատ է արձակվել: Սպանված երիտասարդի հայրը՝ Հակոբ Հովակիմյանը, անդրադառնալով Կունգուրցեւի ազատ արձակմանը, ասաց. «Ես չեմ կարող հանգստանալ, մինչեւ իմ որդու սպանողը չպատժվի: Միանշանակ, Կունգուրցեւը սպանության հետ կապ չունի»:

 

 

ՀԱՅ Է, ԲԱՅՑ ՉԻՆԱՑԻ
«Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ երեկ Գյումրիում Չինաստանի Սիան քաղաքի պատվիրակության ղեկավարը հայտարարեց, որ Գյումրիի քաղաքապետ Սամվել Բալասանյանին շնորհվել է 9 միլիոն բնակիչ ունեցող Սիանի պատվավոր քաղաքացու կոչում եւ հրավիրեց սեպտեմբերին հենց Սիանում փաստաթղթերը ստանալու: Սա բավական զարմանալի է, քանի որ մի կողմից՝ ահռելի է Սիանի ու Գյումրու մասշտաբների ու պոտենցիալների տարբերությունը, մյուս կողմից՝ Չինաստանում այդքան էլ հաճախ չեն շնորհում նման կոչումներ: Ինչի՞ հետեւանք է սա. Սամվել Բալասանյանի անձնական կապերի՞, թե՞ չինական իշխանությունների՝ Հայաստանի հետ կապված որոշակի հեռուն գնացող պլանների, դժվար է ասել, բայց փաստն ինքնին խոսուն է: Ի վերջո, ողջ աշխարհին է հայտնի, որ Չինաստանը ողջ աշխարհով մեկ տարածքներ է փնտրում, որտեղ հնարավոր կլինի հիմնադրել չինական համայնքներ:

 

 

ՏԱՆ ՎՐԱ
Երեկ՝ ժամը 18:00-ի սահմաններում, ոստիկանությունն ահազանգ է ստացել այն մասին, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի` Իսակովի պողոտայում գտնվող առանձնատան վրա նռնակ է նետվել: Ավելի ուշ պարզեցինք, որ ուսումնական նռնակ է նետվել, որը չի պայթել: ArmLur.am-ը երկրորդ նախագահի գրասենյակի պատասխանատու Վիկտոր Սողոմոնյանից հետաքրքրվեց, թե ովքե՞ր են տուժել պայթյունի հետեւանքով. «Մենք նախագահի հետ Մոսկվայում ենք՝ մասնակցելու «Սիստեմա» ընկերության խորհրդի նիստին: Ամեն ինչ նորմալ է, տուժածներ չկան»:

 

 

 

 
ՕՐՎԱ ԽՃԱՆԿԱՐ

ՆՇԱՆԱԿՈՒՄ
Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի տնօրինությամբ Մայր Աթոռ Ս. Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Առեն վարդապետ Շահենյանը նշանակվել է Արեւմտյան Եվրոպայի Հայրապետական պատվիրակի փոխանորդ Հոլանդիայում:

 

 

ԲԱՐՁՐԱՑՐԵԼ ԵՆ
ՀԱՊԿ-ի ռազմական կոմիտեի նիստում բարձրացվել է ադրբեջանական սադրիչ գործողությունների հարցը: Այս մասին լրագրողների հետ հանդիպմանը երեկ ասել է ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ Յուրի Խաչատուրովը: «Հայկական կողմն իր լուրջ մտահոգությունն է հայտնել Ադրբեջանի ռազմական ագրեսիվ գործողությունների վերաբերյալ: Դրանք բազմաթիվ անմեղ զոհերի պատճառ են դարձել, զոհեր են եղել նաեւ խաղաղ բնակչության շրջանում: Այս հարցի հետ կապված կատարվել է կարծիքների փոխանակում»,-ասել է Խաչատուրովը:

 

 

ԸՆԴՈՒՆԵԼ Է
ՀԱՊԿ հավաքական անվտանգության խորհրդի նախագահ Սերժ Սարգսյանը երեկ ընդունել է ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Նիկոլայ Բորդյուժային, ՀԱՊԿ միացյալ շտաբի պետ, գեներալ-գնդապետ Անատոլի Սիդորովին եւ ՀԱՊԿ անդամ պետությունների` Ռուսաստանի, Բելառուսի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի զինված ուժերի գլխավոր շտաբերի պատվիրակությունների ղեկավարներին, ովքեր Հայաստան են ժամանել այսօր կայանալիք ՀԱՊԿ ռազմական կոմիտեի ութերորդ նիստին մասնակցելու նպատակով: Հանդիպման մասնակիցները Ս. Սարգսյանին ներկայացրել են ռազմական կոմիտեի նիստի օրակարգում ներառված հարցերն ու վերջիններիս արդիականությունը ՀԱՊԿ ռազմական բաղադրիչի ամրապնդման գործում: Անդրադարձ է եղել կազմակերպության հավաքական անվտանգության կովկասյան տարածաշրջանում անվտանգության ու կայունության ապահովմանը վերաբերող հարցերի, մասնավորապես վերջին օրերին ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում Ադրբեջանի կողմից սանձազերծած ռազմական գործողությունների հետեւանքով ստեղծված իրավիճակին: Հանդիպման ավարտին տեղի է ունեցել Սերժ Սարգսյանի եւ Նիկոլայ Բորդյուժայի առանձնազրույցը:

 

 

ՔՆՆԱՐԿԵԼ ԵՆ
ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանն ապրիլի 15-ին հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն, որի ընթացքում քննարկվել են Ադրբեջանի ագրեսիայի հետեւանքով ԼՂՀ քաղաքացիներին ու բնակավայրերին հասցված նյութական վնասի վերականգնմանը, տարածքային կառավարման օղակների եւ պաշտպանության բանակի ստորաբաժանումների փոխգործակցությանն առնչվող հարցեր: Զեկույցներով հանդես են եկել վարչապետ Արայիկ Հարությունյանը, փոխվարչապետ Արթուր Աղաբեկյանը, պաշտպանության նախարար Լեւոն Մնացականյանը, Ստեփանակերտի քաղաքապետ Սուրեն Գրիգորյանը:

 

 

ՀԱՅ-ՉԻՆԱԿԱՆ
ՀՀ արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանը երեկ Պեկինում Չինաստանի արտաքին գործերի նախարար Վան Իի հետ հանդիպմանը ներկայացրել է Լեռնային Ղարաբաղի դեմ Ադրբեջանի կողմից սանձազերծված լայնածավալ ռազմական գործողությունների հետեւանքով հակամարտության գոտում ստեղծված իրավիճակը, կարգավորման վերաբերյալ Հայաստանի մոտեցումները: Վան Ին վերահաստատել է Չինաստանի աջակցությունը ղարաբաղյան հիմնախնդրի՝ բանակցային ճանապարհով բացառապես խաղաղ կարգավորմանը:

 

 

ԴԵՌ ՉԵՆ ՀԱՏԿԱՑՐԵԼ
«Հայաստանի եւ Ռուսաստանի պաշտպանության նախարարություններն ակտիվ աշխատանքներ են իրականացնում 200 միլիոն դոլարի վարկային համաձայնագրի շրջանակներում Հայաստանին վաճառվող զենքի մատակարարումն իրականացնելու համար: Այս պահին որոշակի զինատեսակներ ձեռք են բերվել, բայց դրանք ամբողջական ցանկով չէ, որ տրամադրվել են: Կարծում եմ, որ մոտակա ժամանակահատվածում կլուծվեն այդ խնդիրները, որոնք նախատեսված են վարկային համաձայնագրով ամբողջական սպառազինություն ձեռք բերելու համար»,- «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ երեկ ասել է Աժ պաշտպանության, ազգային անվտանգության եւ ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:




Լրահոս