ԱՆՏԱՌՆԵՐԻ ԱՊՕՐԻՆԻ ՀԱՏՈՒՄՆԵՐ ԵՂԵԼ ԵՆ, ՇԱՐՈՒՆԱԿՎՈՒՄ ԵՆ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

«Ժողովուրդ»-ի հետ զրույցում ՀՀ բնապահպանության նախարար Արամայիս Գրիգորյանը, անդրադառնալով Մարդու իրավունքների պաշտպանի՝ 2015 թվականի տարեկան զեկույցում տեղ գտած իր ոլորտի քննադատություններին ու թերություններին, ասաց. «Մենք չենք թերացել, այո, կա խնդիր, անտառների ապօրինի հատումներ եղել են, շարունակվում են, բայց դա ներկայացնել, որ մենք գործունեություն չենք իրականացնում, բնականաբար, ճիշտ չեմ համարում»:

Հիշեցնենք, որ այդ զեկույցը հեղինակել է Մարդու իրավունքների նախորդ պաշտպան Կարեն Անդրեասյանը: Պարզապես գործող օմբուդսմենը իմի բերեց եւ հրապարակեց այն:
-Պարո՛ն Գրիգորյան, անցել է 15 օր, ինչ ՄԻՊ զեկույցը հրապարակվել է, ուսումնասիրել եք, թե ինչ խնդիրների մասին է բարձրաձայնել օմբուդսմենը:
-Ճիշտ ասած չեմ ուսումնասիրել:
-Ինչո՞ւ, ի՞նչն էր խանգարում:
-Զուտ ժամանակի առումով:
-Քանի որ Դուք դեռ չեք հասցրել ուսումնասիրել, ես կարող եմ կոնկրետ ասել, թե Ձեր ղեկավարած ոլորտում ինչ թերություններ են առկա, որը արձանագրել է օմբուդսմենը: Ըստ զեկույցի՝ նախարարությունն իր լիազորության շրջանակներում չի ձեռնարկել արդյունավետ միջոցներ բնապահպանության ոլորտում խախտումների բացահայտման եւ կանխարգելման ուղղությամբ, ինչպես նաեւ չի իրականացրել ի սկզբանե նախատեսված քանակի բնապահպանական տեսչական ստուգումներ:
-Միգուցե զեկույցի մեջ նման տողեր կան, բայց Դուք պիտի նաեւ բացեք եւ նայեք մեր կայքը, որտեղ զետեղված են բոլոր նյութերը եւ հստակ գրված, թե մենք ինչ աշխատանքներ ենք արել: Բոլոր առումներով ներկայացրել ենք, թե ինչ աշխատանքներ են կատարվել նաեւ քրեական գործերի հետ կապված: Այսինքն՝ ոչ միայն տուժ-տուգանքներ կիրառելով անցել ենք, այլ նաեւ քրեական գործեր են եղել: Մենք պետք է հասկանանք, որ պահպանվող տարածքները եւ «Հայանտառը» դրանք տարբեր բաներ են, եւ «Հայանտառում», եթե կատարվում են որոշակի չարաշահումեր, եւ այսօր արդեն կան քրեական գործեր հարուցված, բնական է՝ մենք այնտեղ անելիք չունենք: Բանն այն է, որ իրավապահ մարմինները մեզ պիտի ներկայացնեն համապատասխան փաստաթուղթ, թե երկրորդ անգամ ինչի հիման վրա պետք է ստուգում իրականացվի: Որտեղ որ կան քրեական խնդիրներ, այնտեղ բնական է, որ իրավունք չունենք ստուգումներ իրականացնել:
-Խոսքը ի սկզբանե նախատեսված քանակի բնապահպանական տեսչական ստուգումների մասին է:
-Ես մի քանի անգամ արդեն ասել եմ, այն բոլոր տեղերը, որոնք առնչվում են բնապահպանության նախարարությանը եւ պարտադիր տեսչական ստուգումներ են պահանջում, մենք դա իրականացնում ենք:
-Զեկույցում անդրադարձ կա նաեւ, որ Ձեր ղեկավարած կառույցը 2015թ.-ին պատշաճ կերպով վերահսկողություն չի իրականացրել ապօրինի անտառահատումների դեպքերի հայտնաբերման, ինչպես նաեւ դրանց կանխարգելման եւ բացառման ուղղությամբ:
-Ապօրինի անտառահատումների հետ կապված դա իրականություն է, կան ապօրինի հատումներ, բայց եւս մեկ անգամ կուզենայի, որ տարբերակեին «Հայանտառ» եւ հատուկ պահպանվող տարածքներ հասկացությունները:
-Այսինքն՝ ՄԻՊ-ի ներկայացրած բացթողումներ ձեւակերպման հետ այդքան էլ համամիտ չե՞ք:
-Կիսում եմ տեսակետը, որ կան ապօրինի հատումներ, բայց ինչ է նշանակում, որ աշխատանք չի արվել, եթե մենք գնում ենք, ֆիզիկական անձին եւ իրավաբանական անձին տուժեր ենք ներկայացնոմ կամ քրեական գործ հարուցում, դա աշխատա՞նք չէ: Կրկնում եմ՝ մենք չենք թերացել, այո, կա խնդիր, անտառների ապօրինի հատումներ եղել են, շարունակվում են, բայց դա ներկայացնել, որ մենք գործունություն չենք իրականացնում, բնականաբար, ճիշտ չեմ համարում:
-Իսկ պատրաստվո՞ւմ եք Ձեր դժգոհությունները ներկայացնել ՄԻՊ գրասենյակին՝ հայտնելով, որ համամիտ չեք:
-Նախորդ մարդու իրավունքների պաշտպանի հետ մենք զրուցել ենք եւ մենք կարողացել ենք ներկայացնել մեր տեսակետները եւ պնդել, որ մենք մեր աշխատանքները կատարել ենք:
-Իսկ ներկայիս Մարդու իրավունքների պաշտպանի՞ն:
-Դե, բնական է՝ նոր մարդ է, ինքը ներկայացրել է նախորդ մարդու իրավունքների պաշտպանի աշխատանքները, եթե լինեն առանձնահատուկ խնդիրներ, բնական է՝ մենք կքննարկենք միասին:

Զրուցեց ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆԸ

 

 

 
ԴԵՊԱՐՏԱՄԵՆՏԸ՝ ՄԱՐՏԻ 1-Ի ՄԱՍԻՆ
2016 թվականի ապրիլի 14-ին ԱՄՆ պետական դեպարտամենտը հրապարակել է 2015 թվականի Մարդու իրավունքների վերաբերյալ տարեկան զեկույցը, որն անդրադառնում է աշխարհի տարբեր երկրներում մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում առկա հիմնախնդիրներին: Անդրադարձ կա նաեւ Հայաստանի՝ 2008 թվականի մարտ 1-ի դեպքերին:
Ըստ դեպարտամենտի՝ բազմաթիվ հաղորդումներ կան սպասարկման, շինարարության, հանրային կառավարման, դատական համակարգի, պետական գնումների եւ աճուրդների, առողջապահության, հարկային, իրավապահների ոլորտում կոռուպցիոն երեւույթների վերաբերյալ: Եղել են հաղորդումներ պետական միջոցների յուրացման, պետծառայողների կասկածելի ձեռնարկատիրական գործունեություն կատարելու, հարկերից խուսափելու եւ կառավարության հետ կապ ունեցող ընկերություններին հարկային առավելություններ տալու վերաբերյալ: Անդրադարձ է կատարվում ՀԷՑ-ում բազմաթիվ կոռուպցիոն խնդիրների վերհանմանն ու հունիսի 23-ի ակցիաներին: Նշվում է, որ գլխավոր դատախազն է պատասխանատու եղել քրեական հետապնդում սկսելու, իսկ ՀՀ քննչական կոմիտեն՝ այս գործերով քննություն կատարելու համար: Սակայն, համաձայն հաղորդումների, ո՛չ քննչական կոմիտեն, ո՛չ էլ ոստիկանությունը չեն աշխատել արդյունավետ եւ անկախ, ինչպես նաեւ չունեն բավարար ռեսուրսներ: Նախկին գլխավոր դատախազը նշանակվել է քննչական կոմիտեի նախագահ, ինչն էլ կառույցի անկախությունը կասկածի տակ է դրել՝ համաձայն քաղհասարակության անդամների:
ԱՄՆ պետդեպարտամենի զեկույցի համաձայն՝ Հայաստանում խնդիրներ կան նաեւ կրոնական, սեռական փոքրամասնությունների հանդեպ խտրականություն դրսեւելու, սելեկտիվ աբորտների, մարդու թրաֆիքինգի եւ այլ հարցերի վերաբերյալ: Նշվում է նաեւ, որ կառավարությունը սահմանափակել է աշխատակիցների իրավունքներն ու ոչ բավարար կերպով կիրառել աշխատանքային նորմերը:
Զեկույցի համաձայն, թեեւ, կառավարությունը քայլեր է ձեռնարկել մարդու իրավունքները ոտնահարող պաշտոնյաներին պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ, որոշ պաշտոնյաներ շարունակել են իրավախախտումներ կատարել: Մինչ այժմ իշխանությունները պատասխանատվության չեն ենթարկել որեւէ մեկի 2008 թվականի մարտի 1-ի դեպքերի ժամանակ 10 անձի սպանության համար. «Իշխանությունները ոչ մեկին չհրավիրեցին 2008 թվականի հետընտրական բախումների ընթացքում պատասխանատվության 8 քաղաքացու եւ 2 ոստիկանության աշխատակիցների մահվան կապակցությամբ: Նրանք ներկայացնում էին, որ նախաքննությունը շարունակվում է, սակայն, ի վերջո, չտրամադրեցին ոչ մի նոր տեղեկատվություն գործի հետագա զարգացման հարցում»:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 

ՎԻՃԱԿԸ ԿԱՅՈՒՆԱՆՈՒՄ Է
Դեռեւս կան վիրավորներ, որոնց վիճակի կայունացման համար պայքարում ենք: Երեկ ասել է առողջապահության նախարար Արմեն Մուրադյանը` անդրադառնալով Երեւանում բուժում ստացող զինծառայողներին: Նա նշել է, որ բժշկական օգնությունը հասնում է իր նպատակին եւ վիրավորների վիճակը կայունանում է:

 

 

125 ՎԻՐԱՎՈՐ
Ղարաբաղա-ադրբեջանական սահմանին ապրիլի սկզբից տեղի ունեցած միջադեպերի հետեւանքով հայկական կողմի վիրավորների թիվը կազմում է 125, որից ծայրահեղ ծանր է գնահատվում 5 հոգու վիճակը: Այս մասին երեկ հայտնել է ՊՆ զինված ուժերի ռազմաբժշկության վարչության պետի տեղակալ Հարություն Գալստյանը: Նա ընդգծել է, որ բոլոր վիրավորների մոտ առկա է առողջության դրական տեղաշարժ: «Ինչպես ասում են՝ հաղթող զինվորի վերքերը շուտ են լավանում: Բոլորի վիճակը վերահսկվում է մասնագետների կողմից, մասնավորապես պաշտպանության նախարարության եւ առողջապահության նախարարության բարձրակարգ մասնագետների կողմից»,-ասել է նա:

 

 

ՉԻ ՑԱՆԿԱՆՈՒՄ ԽՈՍԵԼ
Գյումրիում Ավետիսյանների սպանության մեջ մեղադրվող Վալերի Պերմյակովը երեկ հրաժարվել է դատարանում ցուցմունք տալ: Հարցին` կարո՞ղ է մասնակցել դատական նիստին, Պերմյակովը պատասխանել է, որ առողջական վիճակը նորմալ է: Իսկ հարցին` ինչ-որ բան իրեն կաշկանդո՞ւմ է, նա բացասական պատասխան է տվել: Դատավորը հիշեցրել է, որ նախկինում Պերմյակովն ամբողջությամբ ընդունել է մեղադրանքը: Դատախազի ճշտող հարցին` կա՞ն հանգամանքներ, որոնք խանգարում են իրեն ցուցմունք տալ, Պերմյակովը նույնպես հրաժարվել է պատասխանել:

 

 

60 ԽԱԽՏՈՒՄ
Ապրիլի 14-ի լույս 15-ին հակառակորդը առաջնային գծի ողջ երկայնքով տարբեր տրամաչափի հրաձգային, դիպուկահարային ու ականանետային զինատեսակներից կրակի դադարեցման շուրջ ձեռք բերված բանավոր պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 60 անգամ: Իրավիճակն առավել անհանգիստ է եղել շփման գոտու հյուսիսային (Գյուլիստան), հյուսիսարեւելյան (Թալիշ-Մարտակերտ), արեւելյան (Մարտունի) եւ հարավային (Հադրութ) ուղղություններով, որտեղ ադրբեջանական կողմը, բացի հրաձգային զինատեսակներից, կիրառել է նաեւ 82 մմ-ոց (3 արկ), 60 մմ-ոց (12 արկ) ականանետեր եւ ՀԱՆ-17 տիպի նռնականետ (16 արկ): ՊՆ հաղորդագրությունում նշվում է, որ հակառակորդի կողմից վերջին երկու օրերի ընթացքում նախաձեռնված խախտումներն իրենց բնույթով աստիճանաբար վեր են ածվում միջադեպերի, որոնց արդյունքում լինում են նաեւ կորուստներ: Առաջնային գծում տեղ գտնող միջադեպերից բխող հետեւանքների ողջ պատասխանատվությունը կրում է ադրբեջանական կողմը:

 

 

ՆՈՐ ԳՈՐԾԻՔ
Երեկ Հրազդանում տեղի է ունեցել ընտրությունների արդյունքների հրապարակայնացման եւ վերահսկման նոր՝ «Իրական ընտրություններ» կայքի շնորհանդեսը: Այն թույլ կտա ՀՀ քաղաքացիներին իրական ժամանակի պայմաններում հետեւել համապետական եւ ՏԻՄ ընտրությունների ընթացքին: Կենտրոնական ընտրական հանձնաժողովի կայքին այլընտրանքային առցանց այս գործիքն առաջին փորձարկումը կանցնի Հրազդանի համայնքի ղեկավարի ընտրությունների ժամանակ, որոնք տեղի կունենան ապրիլի 17-ին:




Լրահոս