«Գետաշենը կդատարկվի միայն իմ դիակի վրայով…». այսօր Թաթուլ Կրպեյանի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այսօր ՀՀ ազգային հերոս, Արցախյան պատերազմի մասնակից Թաթուլ Կրպեյանի ծննդյան օրն է: Նա Արցախյան ազատամարտի ժամանակ` 1990թվականի սեպտեմբերից մինչև 1991թ. մայիսը եղել է Գետաշեն-Մարտունաշեն ենթաշրջանի ինքնապաշտպանության հրամանատարը:

Թաթուլը ծնվել է 1965 թ. ապրիլի 21-ին Հայաստանի Թալինի շրջանի Արեգ գյուղում։ Տարրական և միջնակարգ կրթությունն ստացել է Թալինի Տեխնիկական դպրոցում, որն ավարտել է գերազանցությամբ։ Խորհրդային Միության բանակում ծառայելուց հետո ընդունվել է ԵՊՀ Պատմության ֆակուլտետ։ Համալսարանի չորրորդ կուրսում Թաթուլը միացել է Հայկական ազատագրական շարժմանը։ Թաթուլը այդժամ անգամ կարևորում էր ուսումը և այդ օրերին պատմություն էր դասավանդում Գետաշենի երկու դպրոցներում։ Թաթուլը նաև Արցախը Հայաստանի հետ վերամիավորելուն ուղղված «Միացում» կազմակերպության անդամ էր։

1990 թ. սեպտեմբերին Թաթուլը մեկնեց Արցախ, որտեղ վիճակը շարունակում էր վատանալ։ Իր իսկ հիմնած զինված խմբով 1990 թ. սեպտեմբերից մինչև 1991 թ. մայիս ղեկավարել է Գետաշենի ենթաշրջանի (Գետաշեն-Մարտունաշեն) ինքնապաշտպանությունը՝ ընդդեմ ադրբեջանական զինված ուժերի և ոստիկանական խմբավորումների։ Թաթուլն ասում էր. «Ինչո՞ւ եք վախենում մահից։ Հողի համար ես հենց հիմա պատրաստ եմ մեռնելու։ Հողի, ազգի համար։ Ես ոչ մի անգամ չեմ գնա Երևանի օդանավակայանում իջնեմ, ասեմ՝ Գետաշենը հանձնեցի։ Ես այստեղ կը մեռնեմ, այդ բանը չեմ անի…»։ Վերջին անգամ, երբ գալիս է Երևան, գնալիս ասում է հետևյալը. «Գիտեմ, որ Երևան այլևս չեմ գա, ինձ կբերեն…»։

Մահացել է 1991 թ. ապրիլի 30-ին՝ «Օղակ» գործողության ժամանակ։ 1996 թ. սեպտեմբերի 20-ին արժանացել է ՀՀ Ազգային հերոսի կոչման։ Թաթուլը թաղված է հայրենի Արեգ գյուղում, որը նրա պատվին վերանվանվել է Թաթուլ։ Գյուղում կանգնեցված է տուֆակերտ հուշարձան, որի ճարտարապետն է Տարիել Հակոբյանը։

2015 թվականի մարտի 18-ին Երևանի ավագանու որոշմամբ մայրաքաղաքի զբոսայգիներից մեկը վերանվանվեց Թաթուլ Կրպեյանի անվամբ:




Լրահոս