ՖՈՏՈ․ Այսօր Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի ծննդյան օրն է

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Թաթուլ Կրպեյան (ապրիլի 21, 1965, Թաթուլ, Թալինի շրջան, Հայկական ԽՍՀ, ԽՍՀՄ – ապրիլի 30, 1991, Գետաշեն, Գոյգյոլի շրջան, Ադրբեջանական ԽՍՀ, ԽՍՀՄ), Արցախյան ազատամարտի մասնակից, Հայաստանի ազգային հերոս։ Արցախյան ազատամարտի ժամանակ՝ 1990 թվականի սեպտեմբերից մինչև 1991 թվականի մայիս ամիսը, եղել է Գետաշենի ենթաշրջանի (Գետաշեն-Մարտունաշեն) ինքնապաշտպանության ընդհանուր հրամանատարը։

Թաթուլը ծնվել է 1965 թվականի ապրիլի 21-ին Հայաստանի Թալինի շրջանի Արեգ գյուղում։

1972-1982 թվականներին սովորել է հայրենի գյուղի միջնակարգ դպրոցում։ Դպրոցն ավարտելուց հետո ծառայել է խորհրդային բանակում։ 1985-1986 թվականներին սովորել և գերազանցության դիպլոմով ավարտել է Թալինի թիվ 76 պրոֆտեխնիկական ուսումնարանը։ Այնուհետև 1987-1990 թվականներին սովորել է Երևանի պետական համալսարանի պատմության ֆակուլտետում։

Համալսարանի չորրորդ կուրսում Թաթուլը միացել է Հայկական ազատագրական շարժմանը։ 1987-1989 թվականներին Թաթուլը նաև եղել է Արցախը Հայաստանի հետ վերամիավորելուն ուղղված «Միացում» կազմակերպության անդամ։

Երևանի պետական համալսարանում սովորելուն զուգահեռ երգել է «Մարաթուկ» ազգագրական երգի-պարի համույթում, հավաքագրել ու մոռացությունից փրկել է ժողովրդական, և ազգային-ազատագրական պայքարի մասին երգեր ու պարեր։ Երևանի պետական համալսարանում հիմնադրել է «Կարս» ազգագրական երգի-պարի համույթը։

1989 թվականին Թաթուլ Կրպեյանն ամուսնացել է Իրինա Բարսեղյանի հետ։ 1990 թվականի փետրվարի 20-ին ծնվել է նրանց դուստրը՝ Ասպրամ Կրպեյան։ Ընտանիքը բնակվել է Նոր Նորքի 2-րդ զանգվածի՝ ասպիրանտների համար նախատեսված 18 հարկանի շենքում։

1990 թվականին ընդունվել է Հայ հեղափոխական դաշնակցության (ՀՅԴ) շարքերը։

Կրպեյանը եղել է Արցախյան շարժման երիտասարդական թևի սիրված առաջնորդներից, զանգվածային երթերի ու հանրահավաքների, նստացույցերի ու դասադուլների կազմակերպիչներից և ուսանողության շրջանում քարոզչություն իրականացնող առաջամարտիկներից մեկը։

1990 թվականի սեպտեմբերին Թաթուլը մեկնեց Արցախ, որտեղ վիճակը շարունակում էր վատթարանալ։ Իր իսկ հիմնած զինված խմբով 1990 թվականի սեպտեմբերից մինչև 1991 թվականի մայիս ամիսը ղեկավարել է Գետաշենի ենթաշրջանի ( ինքնապաշտպանությունը՝ ընդդեմ ադրբեջանական զինված ուժերի, ռուսական բանակի և ոստիկանական խմբավորումների։

Զոհվել է 1991 թվականի ապրիլի 30-ին՝ Օղակ գործողության ժամանակ։ 1996 թվականի սեպտեմբերի 20-ին արժանացել է Հայաստանի Ազգային հերոսի կոչմանը։ Պարգևատրվել է նաև «Հայրենիք» շքանշանով։

2015 թվականի մարտի 18-ին Երևանի ավագանու որոշմամբ մայրաքաղաքի զբոսայգիներից մեկը վերանվանվեց Թաթուլ Կրպեյանի անվամբ։ 2015 թվականի հոկտեմբերին նրա անվամբ անվանակոչվեց Երևանի թիվ 62 ավագ դպրոցը։

Թաթուլ Կրպեյանի անունով են կոչվում Արեգ գյուղի, Կովսական քաղաքի (ԼՂՀ Քաշաթաղի շրջան), Երևանի թիվ 62 ավագ դպրոցները, դասարաններ հանրապետության տարբեր դպրոցներում (Երևանում և Գյումրիում), լսարան ԵՊՀ պատմության ֆակուլտետում, որտեղ սահմանվել է նաև Թաթուլ Կրպեյանի անվան կրթաթոշակ, ազգագրական երգի-պարի համույթներ՝ «Քաջն Թաթուլ»՝ Երևանում և «Թաթուլ»՝ Կովսականում, զբոսայգի Երևանի Նոր Նորքի 1-ին զանգվածում, ՀՅԴ տեղական և արտերկրյա կազմակերպություններ։ Արեգ գյուղում Կրպեյանի շիրիմի վրա կանգնեցված է տուֆակերտ հուշակոթող, որի ճարտարապետն է Տարիել Հակոբյանը։




Լրահոս