«ԱՇԽՈՒՅԺ ԵՐԵԽԱՆԵՐԸ»
Օգոստոսի 5-ին Երեւանի ավագանու նախկին անդամ, ԲՀԿ-ական Արա Վարդանյանի՝ «Ճվճվ Արոյի» որդին հերթական անգամ հայտնվել է ոստիկանների ուշադրության կենտրոնում՝ Nissan մակնիշի 91 VP 999 համարանիշի ավտոմեքենան կեսգիշերին խախտումներով վարելով: 2013թ. մարտի 15-ին էլ նույն Արոյի որդին՝ Սարգիսը, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, ոստիկանության նախկին բարձրաստիճան պաշտոնյա Նվեր Չախոյանի որդու՝ 22-ամյա Նարեկ Չախոյանի հետ բերման էր ենթարկվել ոստիկանություն, քանի որ նրանց վարած ավտոմեքենայում հայտնաբերվել էր պոլիէթիլենային փաթեթ՝ 06 գրամ դեղնականաչավուն զանգվածով եւ մեկ կաթուցիչով:
«Ինչո՞ւ եք անընդհատ հայտնվում աղմկահարույց իրադարձությունների կենտրոնում»: «Ժողովուրդ»-ի այս հարցին Արա Վարդանյանի կինը` Նաիրա Վարդանյանը, «լցված» պատասխանեց. «Ամեն անգամ ոստիկանները գալիս են, թե սա եք արել, նա եք արել, թող գան, ապացույցներով ասեն: Մի անգամ հասկացանք, որ մի դեպք եղել է: Աշխույժ երեխաներ են, բայց այս աստիճանի ընկնել այս երեխաների հետեւից` չի կարելի: Ես արդեն լուրջ կասկածներ ունեմ, որ միտումնավոր են այս ամենը սարքում, իսկ թե ով` չգիտեմ: Երկու օրը մեկ գալիս են, թե այս մեքենաները պետք է տեղափոխվեն տուգանային հրապարակ: Հոգնել ենք, ինչ են ուզում մեզանից»,- ասաց տիկին Նաիրան՝ չկարողանալով զսպել արցունքները:
ԲՈՂՈՔԱՐԿԵԼ ԵՆ
Երեւանի Միքայելյանի անվան վիրաբուժական հիվանդանոցում ծնոտի վիրահատությունից երկու օր հետո` հունիսի 20-ին մահացած 28-ամյա Մերուժան Ավետիսյանի հայրը` Սիմակ Ավետիսյանը, «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ երեկ ստացել են իրենց որդու մահվան դատաբժշկական փորձաքննության արդյունքները. «Ըստ եզրակացության` տղայիս մահը վրա է հասել սրտի հետ կապված խնդիրներից, բայց մենք բողոքարկել ենք այդ արդյունքները, եւ նշանակվել է լրացուցիչ փորձաքննություն: Մենք այս անգամ քննիչին ասել ենք, որ հատուկ ուշադրություն դարձի մեր կողմից նշված կետերին, այլ ոչ թե հերթական անգամ սպասեն, թե ինչ եզրակացություն կլինի, որ մեզ ասեն, թե սա է, որ կա: Մենք մնում ենք այն կարծիքին, որ հիվանդանոցում բժիշկներն անուշադրության են մատնել մեր տղային»:
ԶՎԱՐՃԱՆՔՆ ՈՒ ԿՐԱԿՈՑԸ
Օգոստոսի 4-ին «Շառլոթ» գիշերային ակումբում հնչած կրակոցների պատճառը, ըստ ակումբի տնօրեն Արմենի, եղել է այն, որ մի քանի երիտասարդներ փորձել են «զվարճանալ». «Մենք չգիտենք, թե կոնկրետ ինչ է եղել, ինչ ուրախություն է եղել, բայց երբ լսել ենք կրակոցի ձայնը, մեր ոստիկանների հետ փորձել ենք հանգստացնել, հանդարտեցնել երիտասարդներին, եւ տեսանք, որ պնեւմատիկ ատրճանակից են կրակել: Այդ երիտասարդները մեր մշտական հաճախորդները չեն, եւ, առհասարակ, նրանց չեմ ճանաչում: Միայն կարող եմ ասել, որ ոստիկանները եկան-տարան»,- «Ժողովուրդ»-ին հայտնեց ակումբի տնօրենը: