Հարց քաղաքացիներից` մինչև կենսաթոշակային տարիքը աշխատանքը կորցրած անձն իրավունք ունի՞ ստանալ իր կուտակային կենսաթոշակը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Խնդրում եմ ասեք, եթե անձը, մինչեւ կենսաթոշակային տարիքը, կորցրել է աշխատանքը, ապա նա իրավունք ունի՞ ստանալ իր կուտակային կենսաթոշակը մինչեւ 63 տարեկան դառնալը:

Լարիսա Մանուկյան (59 տարեկան, քիմիկ)

ՊԱՏԱՍԽԱՆ. Հայտնում ենք, որ աշխատանքը կորցնելը բավարար իրավական հիմք չէ նախքան կենսաթոշակային տարիքը լրանալը կուտակային կենսաթոշակը ստանալու համար: Մասնակիցը մինչեւ 63 տարին լրանալը կարող է ստանալ իր կուտակային միջոցները հետեւյալ դեպքերում՝

1) օրենսդրությամբ սահմանված կարգով ճանաչվել է աշխատանքային գործունեությամբ զբաղվելու կարողության երրորդ աստիճանի սահմանափակում ունեցող հաշմանդամ.
2) առողջական ծայրահեղ ծանր վիճակում է եւ հիվանդ է կենսական կարեւոր օրգանների անբուժելի ախտահարումներով, որը հավաստվում է առողջապահության բնագավառում ՀՀ կառավարության լիազոր մարմնի տված եզրակացությամբ.
3) ՀՀ-ում աշխատող օտարերկրացի մասնակից է եւ վերադառնում է իր մշտական բնակության երկիր:

Օրենքը նախատեսում է կուտակային միջոցների՝ մինչեւ 63 տարեկանը ստանալու եւս մեկ դեպք՝

եթե լրացել է մասնակցի 55 տարին եւ նրա կենսաթոշակային հաշվում առկա ֆոնդի փայերի հաշվարկային արժեքը այնքան է, որ բավարարում է հիմնական կենսաթոշակի 5-ապատիկի չափով ցմահ անուիտետ գնելու համար, ապա նա կարող է ստանալ իր կուտակած միջոցները 55 տարեկանից՝ կենսաթոշակային փայերի մի մասի մարմամբ կնքելով հիմնական կենսաթոշակի 5-ապատիկի չափով անուիտետ, իսկ մնացած մասը ստանալ իր նախընտրած տարբերակով: Սա կոչվում է վաղաժամ կուտակային կենսաթոշակի իրավունք:

Կենսաթոշակային համակարգի իրազեկման կենտրոն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Ավելացնենք, որ տարիքային կենսաթոշակի իրավունք ունի 63 տարին լրացած անձը 25 տարվա ապահովագրական ստաժի առկայության դեպքում: Տարիքային կենսաթոշակի իրավունք ձեռք բերած անձը կենսաթոշակ նշանակելու համար կարող է դիմել առանց ժամկետի սահմանափակման:




Լրահոս