ՆՐԱՆՔ ՊՂԾՈՒՄ ԵՆ ՄԵՐ ՀԱՅՐԵՆԻՔԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Այս կիրակի Հրազդանում եւ Թալինում տեղի ունեցան քաղաքապետի ընտրություններ, որոնցում, ըստ տեղացիների, գործող ՀՀԿ-ական քաղաքապետերի հաղթանակն ապահովելու համար տոտալ ընտրակաշառք է բաժանվել: Նկարում ՀՀ ՊԵԿ մաքսանենգության դեմ պայքարի եւ կրկնակի մաքսային հսկողության վարչության պետ Սամվել Սանամյանն է, ՀՀ ջրային տնտեսության պետական կոմիտեի նախագահ Արամ Հարությունյանը (բուլկի Արամ), ՀՀ Կոտայքի մարզպետ Կարապետ Գուլոյանը եւ Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը: Առաջին երեքին կիրակի օրը լրագրողները տեսագրել են Հրազդանում, եւ ըստ լուրերի՝ հենց նրանք են եղել այդ քաղաքի ընտրակեղծարարների հրամանատարները: Իսկ ինչ վերաբերվում է Կամո Արեյանին, նա էլ Թալին է «գործուղված» եղել նույն նպատակով, որ հանկարծ ընտրողները չհամարձակվեն ինքնուրույն ընտրություն կատարել:
Այսինքն՝ կյանքը կրկին անգամ ապացուցում է, որ ընտրակեղծարարը՝ սկսած հրահանգներ տվող բարձրաստիճան պաշտոնյայից, վերջացրած թաղային խուժանով, որը զբաղվում է ընտրողներին տեղերում ընտրակաշառք բաժանելով եւ նրանց տեղամասեր «բերման ենթարկելով», անհայրենիք, անբարոյական եւ մարդկային բոլոր որակներից զուրկ արարածներ են: Ժամանակն է, որ ընտրակեղծարարը, ընտրակաշառք բաժանողը նույնականացվեն հայհոյանքի հետ: Այսինքն՝ եթե որեւէ մեկին ցանկանում ես ամենավերջին հայհոյանքը տալ, ապա նրան կարող ես ասել, որ դու ընտրակեղծարար ես կամ ընտրակաշառք բաժանող, եւ դրանով ամեն ինչ ասված է:
«Չկա հրեշ, որ կարողանար գերազանցել անհայրենասերին, որը հոգեբանորեն անտարբեր է դեպի երկիրն ու ժողովուրդը». Գարեգին Նժդեհ:

 

 
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցում մի էջ է բացվել, որը կոչվում է «Ռուբեն Վարդանյան. Հայաստանի նախագահ»: Էջի հեղինակները ներկայանում են իբրեւ Վարդանյանի հետ կապ չունեցող անձինք: Ըստ նրանց՝ իրենց նպատակը հասարակական տրամադրությունները պարզելն է: Իրենց նպատակի մասին նրանք գրում են. «Իհարկե, դժվար կլինի 100 000 լայք (հավանություն) հավաքելը, բայց եթե դա մենք անենք, ապա համոզված ենք՝ Ռուբեն Վարդանյանը այդ մասին կիմանա եւ կգնահատի, որովհետեւ եթե նման քանակությամբ քաղաքացիների աջակցություն կա, նշանակում է, դա ինչ-որ մեկին պետք է»: Հարկ է նկատել, որ էջը ռուսերեն է, հեղինակների տեքստն էլ ռուսերենով է գրված: Այլ կերպ ասած՝ ակնհայտ է, որ հեղինակների թիրախը հատկապես Ռուսաստանում ապրող հայերն են: Եւ Վարդանյանն ինքն էլ, եթե Հայաստանի ներքաղաքական կյանք մտնելու փորձ անի, պետք է առաջին հերթին հրաժարվի ՌԴ քաղաքացիությունից, ապա 6 տարի մշտապես բնակվի ՀՀ-ում: Տեղեկացնենք, որ խումբը 9 ժամում հավաքել էր 152 «լայք»:

 

 
Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ գլխավոր հարկադիր կատարող Միհրան Պողոսյանը, նույն ինքը` Քեթրինի Միհրանը, հրաժարականի դիմում է ներկայացրել: Նա չի էլ թաքցրել, որ, այսպես կոչված, պանամական գործի հետ կապված է հրաժարական ներկայացրել: Հիշեցնենք, որ օրերս մամուլում հրապարակվեց մի նյութ, ըստ որի՝ Միհրան Պողոսյանը օֆշորային տարածքում մի քանի ընկերություններ ունի, որոնց միջոցով տարեկան մի քանի միլիոն դոլարի ստվերային եկամուտներ է ստանում՝ իր պաշտոնական դիրքն օգտագործելով: Բացի այդ, կիրակի` ապրիլի 17-ին էլ նրա թիկնապահները «Զվարթնոց» օդանավակայանում ծեծի էին ենթարկել օդանավակայանի աշխատակցին, ինչը, թերեւս, դարձել էր վերջին կաթիլը: «Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Պողոսյանին ՀՀ նախագահի նստավայրից մտերմաբար խորհուրդ են տվել ինքնակամ հրաժարականի դիմում ներկայացնել ու վայելել կուտակած ունեցվածքը, ինչն էլ նա արել է: Սակայն «Ժողովուրդ»-ի աղբյուրները տեղեկացնում են, որ Պողոսյանի մասով մի քանի դրվագով իրավապահները քննություն են տանում:

 

 
Պաշտոնաթող գեներալ, ՀՀ ԱԺ պատգամավոր, ԵԿՄ վարչության նախագահ Մանվել Գրիգորյանը ահռելի հարստության տեր է: Նրա դրամական միջոցները անցած տարի կազմել են մոտ 348.5 մլն դրամ, 45 հազար դոլար եւ 45 հազար եվրո: Անցած տարեվերջին նրա վերադարձրած փոխառության՝ վարկի գումարը կազմել է 170 մլն դրամ: Սակայն ամսական ստանում է 571 հազար դրամ աշխատավարձ: Բացի այդ՝ նա անցած տարվա ընթացքում ստացել 2 մլն 200 հազար դրամի չափով եկամուտ: Բացի այս՝ ԵԿՄ վարչության նախագահը ընդհանուր 148 մլն 250 հազար դրամի չափով շահաբաժին ունի երկու ընկերություններում: Նշենք, որ Մանվել Գրիգորյանի որդին՝ Կարեն Գրիգորյանը, Էջմիածնի քաղաքապետն է, իսկ դուստրը՝ Նաիրա Գրիգորյանը, Արմավիր մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր է: Կինը` Նազիկ Ամիրյանը, գործարար է: Նկատենք, որ տարիներ առաջ Մանվել Գրիգորյանին մի շարք բիզնեսներ սկսելու իրավունք տրվեց, որպեսզի դրանցից ստացված եկամուտով ապահովի կարիքավոր ազատամարտիկներին: Սակայն նա գերադասեց հարստանալ` ԵԿՄ-ի ֆինանսավորման համար գումար ստանալով այլ մարդկանցից ու աղբյուրներից: Թերեւս ժամանակն է սթափվելու: Միայն Արցախ մեկնելով մեր երկրի խնդիրները չեն լուծվի:

 

 

 
ՀԱՄԱՐԺԵՔ
Այս օրերին Հայաստանում հակառուսական տրամադրությունները թեեւ որոշակիորեն պատճառաբանված են, այդուհանդերձ, կրում են առավելապես էմոցիոնալ եւ ոչ լիարժեք փաստարկված բնույթ: Մասնավորապես դժգոհելով ՀՀ ռազմավարական դաշնակցի պահվածքից՝ մենք, չգիտես ինչու, մոռանում ենք, որ նախ եւ առաջ պետք է ակնկալիքներ ունենանք ինքներս մեզանից եւ մեր պահանջները ներկայացնենք նախ մեր իշխանություններին, ապա միայն որեւէ այլ երկրի ղեկավարի: Եվ, ընդ որում, հենց մեր իշխանություններից պետք է պահանջենք այն հարցի պատասխանը, թե ինչու է մեր ռազմավարական դաշնակիցը նման կերպ իրեն պահում մեզ համար օրհասական փուլում:
Այն, որ Ադրբեջանը պատրաստվում էր խնդիրը ռազմական ճանապահով լուծել, երեւի թե որեւէ բանական մարդու համար անակնկալ չէր. Իլհամի ամենօրյա ռեժիմով հնչող հաթաթաներն ու միլիարդավոր դոլարների զենքի ձեռք բերումը անտեսելու համար պետք էր քաղաքական ինֆանտիլությամբ հիվանդ լինել: Եվ, անկեղծ ասած, թվում էր, թե մեր իշխանությունները գոնե այդ հարցում ունեն սթափ եւ ադեկվատ մտածողություն: Բայց արի ու տես, որ քառօրյա պատերազմը ցույց տվեց, որ հայկական կողմն առանձնապես պատրաստված չէր այս ամենին: Մի կողմ թողնելով մարտական պատրաստության հարցը (դա առանձին եւ շատ նուրբ քննարկման թեմա է, ի վերջո, 92 զոհը չափազանց մեծ թիվ է 2,5 միլիոնանոց Հայաստանի եւ ԼՂՀ համար)՝ մեր անպատրաստությունը երեւաց անգամ միջազգային լրատվամիջոցների հետ տարվող աշխատանքում, որոնցում, ի դեպ, բավականին մեծ տեղ էին գրավում հիշատակումները` հայերի շրջանում ծավալվող հակառուսական տրամադրությունների մասին: Դե, իսկ Սերժ Սարգսյանի` Բեռլինում ունեցած ելույթն ու բարձրաձայնումը, որ հայկական կողմը կռվում է հիմնականում 80-ականների զենքով, առհասարակ, անհասկանալի, անտեղի եւ անհեռանկար քայլ էր: Սրա հետ կապված ոչ հայամետ համարվող ռուս քաղաքագետ Անդրեյ Եպիֆանցեւը նախօրեին ասել էր.«Ես տեսնում եմ, որ իմ երկիրը պահպանում է հավասարակշռությունը, բայց անվճար սպառազինություն է մատակարարում իր դաշնակցին, իմ հարկերի հաշվին, իսկ Ադրբեջանը գնում է այդ սպառազինությունը, եւ դրան ի պատասխան` տեսնում ենք միայն սկանդալներ, ինչը տհաճ է: Եթե ռուսականը չեք ցանկանում, ապա վաստակեք եւ գնեք ինքներդ` հենց Իսրայելից»:
Իհարկե, դառը եւ մեզ համար ոչ հաճելի տեսակետ է, բայց եթե սթափ դատենք, ապա միանգամայն արդարացի է: Ի վերջո, ինչն է մեզ խանգարում զարգացնելու մեր տնտեսությունը եւ իրապես վաստակելու, այլ ոչ թե մուրալու: Հաստատ Ռուսաստանը չէ, որ խանգարում է Սերժ Սարգսյանին վերացնել մենաշնորհներն ու 70 տոկոսանոց ստվերը, արմատախիլ անել կռուպցիան եւ պետական կառավարման համակարգից մաքրել «ատկատների» եւ «օֆշորների» «շնաձկներին»: Մեր բոլոր խնդիրները մեր մեջ են, եւ եթե մենք ինքներս մեզ չենք հարգում, ուրիշներից հարգանք ակնկալելն անիմաստ է:




Լրահոս