Ապրիլի 17-ին ՀՀ Արագածոտնի մարզի Թալին քաղաքում կայացան տեղական ինքնակառավարման մարմինների ընտրություններ: Առաջադրված թեկնածուները երեքն էին՝ ՀՀԿ-ական, գործող քաղաքապետ Սարգիս Արամյանը, «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Գուրգեն Գրիգորյանը եւ ՀՅԴ-ական Տիգրան Հարությունյանը: Ըստ Կենտրոնական ընտրական հանձնաժողովի հրապարակած տվյալների՝ վերընտրվեց գործող քաղաքապետ Սարգիս Արամյանը:
ՀՀ ԿԸՀ-ի տվյալներով՝ Արագածոտնի մարզի Թալին քաղաքում քաղաքապետի ընտրություններին մասնակցել է 3309 ընտրող կամ ընտրողների 62.48 տոկոսը: Գործող քաղաքապետ, ՀՀԿ-ական Սարգիս Արամյանը հավաքել է 1993 ձայն, «Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ Գուրգեն Գրիգորյանը՝ 168, իսկ ՀՅԴ-ական Տիգրան Հարությունյանը՝ 1036 ձայն:
Ապրիլի 17-ի վաղ առավոտից ՀՀԿ-ական Սարգիս Արամյանի ընտրական շտաբում մեծ թվով մարդիկ էին հավաքված: Ներկա էր նաեւ նախկին մարզպետ Սարգիս Սահակյանը: Եւ տպավորություն էր, որ հենց վերջինս է մոբիլիզացնում շտաբի աշխատանքները: Օրվա ընթացքում պարզ դարձավ, որ Թալինում են նաեւ Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանը եւ մի քանի թաղապետեր՝ Նոր Նորքի վարչական շրջանի ղեկավար Արմեն Ուլիխանյանը, Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար Արտակ Ալեքսանյանը եւ Աջափնյակի վարչական շրջանի ղեկավար Արտավազդ Սարգսյանը: Լրագրողների հարցին, թե ինչու եք Թալինում, Կամո Արեյանը կարճ պատասխանեց՝ իմ ծննդավայրն է: Հարկ ենք համարում նշել, որ գործող քաղաքապետի, այսպես կոչված, «թիկնապահները» լրագրողների մուտքը դեպի շտաբ խոչընդոտում էին. շտաբում սենյակներ կային, որոնց դռների մոտ նրանք կանգնել էին եւ չէին թողնում լրագրողներին ներս մտնել: Իսկ լրագրողները վաղ առավոտից փնտրում էին գործող քաղաքապետ Սարգիս Արամյանին, որը չկար ու չկար: Հայտնվեց միայն ժամը 19:45 եւ քվեարկեց վերջինը 15/01 ընտրատեղամասում:
Ժամեր անց հայտնի դարձավ, որ գործող քաղաքապետ Սարգիս Արամյանը վերընտրվել է, ինչի առթիվ հենց քաղաքի հրապարակում հրավառություն է կազմակերպել:
Թալինցիներից շատերը նշում էին, որ Սարգիս Արամյանը վերընտրվեց Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի շնորհիվ: Հիշեցնենք, որ ապրիլի 11-ին Թալին էին այցելել ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանը, Երեւանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը, նաեւ մի քանի նախարարներ: Ըստ թալինցիների՝ նրանք քարոզել էին Արամյանի համար: Նշենք նաեւ, որ Երեւանի փոխքաղաքապետ Կամո Արեյանի ներկայությունից թալինցիները վրդովվել էին, նրանք մեզ հետ զրույցում կարծիք հայտնեցին, որ Արեյանի շնորհիվ «ընտրությունները կկեղծվեն»:
«Ժողովուրդ»-ը դիմեց Երեւանի քաղաքապետարանի տեղեկատվության եւ հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գեւորգյանին եւ հետաքրքրվեց, թե Երեւանի փոխքաղաքապետն ու թաղապետերը ինչ էին անում Թալինի ընտրատեղամասերի մոտ եւ Սարգիս Արամյանի ընտրական շտաբում` անմիջապես ընտրական գործընթացի ժամանակ: Մեր հարցին ի պատասխան` Գեւորգյանը անտարբեր տոնով նկատեց. «Չեք կարծում, որ կիրակի օրը յուրաքանչյուրի համար ոչ աշխատանքային օր է: Ոչ աշխատանքային օրով ցանկացած ոք կարող է իր ժամանակը տնօրինել այնպես, ինչպես ինքն է կամենում: Կոնկրետ վարչական շրջանների ղեկավարները եւ Թալինի քաղաքապետը կուսակից ընկերներ են եւ եթե նրանք գտնվել են այդ ժամանակ իրենց կուսակցության շտաբում, ապա դրանում տարօրինակ բան փնտրել պետք չէ»:
«Հայկական վերածնունդ» կուսակցության անդամ, Թալինի քաղաքապետի թեկնածու Գուրգեն Գրիգորյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ապրիլի 17-ին Թալինում անցկացված ընտրությունների արդյունքները համարեց կեղծ: «Ֆարս ձեւով ընտրված համայնքի ղեկավարին ես նույնիսկ չեմ էլ ուզում շնորհավորել: Ես ո՛չ վիճարկելու եւ ո՛չ էլ բողոքարկելու եմ ընտրությունների արդյունքները, թող ինքը գնա ու իր յուղով տապակվի: Չնայած որ համաձայն չեմ այդ ֆարս ընտրությունների արդյունքների հետ»,- վրդովված նկատեց Գ. Գրիգորյանը:
Մեր զրուցակիցը փոխանցեց նաեւ, որ թիվ 15/03 ընտրատեղամասում իր վստահված անձին «ոստիկանները մոտ 2 ժամ դիտավորյալ պահել են, որովհետեւ խախտումներ են կատարել նրանք»: Բանն այն է, որ երբ նշված տեղամասում Թալինի բնակիչ Մարինե Հովհաննիսյանը եկել է ընտրության, պարզել է, որ իր անվան դիմաց ստորագրված է, այսինքն՝ իր փոխարեն արդեն ընտրել են: Բացահայտված այս խախտման շուրջ նշված ընտրատեղամասում վիճաբանություն է սկսվել հանձնաժողովի նախագահի՝ Ալվիտա Մելքոնյանի եւ քաղաքապետի թեկնածու Գուրգեն Գրիգորյանի վստահված անձի միջեւ: Եւ Գուրգեն Գրիգորյանի խոսքերով՝ իր վստահված անձին ոստիկանները մոտ 2 ժամ պահել են ընտրատեղամասի սենյակներից մեկում: «Ժողովուրդ»-ի հարցին՝ կատարվածից հետո ինչ է պատրաստվում անել, Գրիգորյանն ասաց. «Ես պատրաստ եմ մինչեւ 99 տարեկանը մասնակցել ընտրություններին եւ արմատախիլ անել ՀՀԿ-ականներին»:
ՔԱՂԱՔԱՑՈՒ ԴԻՄՈՒՄԸ ԲԱՆԿԻՑ ԱՆՀԵՏԱՑԵԼ Է
Թվում է, թե Հայաստանում բանկային համակարգը մեր այսօրվա տնտեսության ամենակայացած ճյուղերից մեկն է: Սակայն դա միայն թվում է: Քանի որ հայաստանյան որոշ բանկեր այդպես էլ չսովորեցին հաճախորդներին գրագետ եւ մասնագիտորեն սպասարկել: Ավելին՝ բանկեր կան, որտեղ քաղաքացու դիմումներն ուղղակի անհետանում են:
Խոսքը «Արշինբանկ»-ի մասին է: «Ժողովուրդ»-ը պարբերաբար դժգոհություններ է ստանում կապված այս բանկի սպասարկման եւ գործելաոճի հետ: Այս անգամ «Ժողովուրդ» օրաթերթին դիմած քաղաքացին պատմեց, որ դեռեւս փետրվարի վերջին գնացել է «Արշինբանկ»-ի գլխավոր մասնաճյուղ եւ դիմում գրել՝ յուրաքանչյուր քարտային գործարքի եւ քարտի մնացորդի վերաբերյալ SMS հաղորդագրություն ստանալու նպատակով:
Այսինքն՝ այս կերպ քաղաքացին հնարավորություն էր ունենալու SMS ծառայության միջոցով տեղեկանալ քարտային հաշվի շարժին, բացի այս, ստանալ տեղեկատվություն հաշվի մնացորդի վերաբերյալ: Սակայն օրեր անց քաղաքացին պարզել է, որ այդ ծառայությունն ակտիվացած չէ: Ավելին՝ արդեն երկու ամիս է, ինչ քաղաքացին փորձում է հասկանալ, թե որտեղ է դեռեւս փետրվարին գրված իր դիմումը: Ստացվում է, որ այն բանկից ուղղակի անհետացել է:
Սա դեռ բավարար չէ, «Ժողովուրդ»-ին եւ քաղաքացուն օրերով չէր հաջողվում կապ հաստատել բանկի օպերատորներից որեւէ մեկի հետ՝ խնդիրը պարզաբանելու նպատակով: Զանգերն անպատասխան էին: Եւ միայն չորս օր անց ստացվեց «Արշինբանկ»-ի օպերատորի հետ կապ հաստատել: Սակայն երկար զրույցից հետո պարզ դարձավ, որ դիմումը չկա: Խնդրի լուծման համար նա քաղաքացուն խորհուրդ է տվել կրկին գնալ բանկի գլխավոր մասնաճյուղ եւ ծառայությունն ակտիվացնելու համար դարձյալ դիմում գրել: Իսկ թե որտեղ է անհետացել քաղաքացու դիմումը, այդպես էլ անհայտ է մնում: Գուցե բանկի անփույթ աշխատակցի պատճառո՞վ է այն անհետացել: Բայց քաղաքացին պարտավոր չէ վերացնել աշխատակիցների անփութությունները:
Իսկ եթե նույն բանկերից վարկեր վերցրած հազարավոր քաղաքացիներ մեկ օր անգամ ուշացնեն վարկի վճարումը, «պատժամիջոցներ»-ը չեն ուշանա: Ահա մերօրյա զարգացած բանկերի սպասարկման որակը:
Նյութերը՝ ՍՅՈՒՆԷ ՀԱՄԲԱՐՁՈՒՄՅԱՆԻ
ԳԱԶԱՏԱՐ ՈՒՆԵՆ, ԳԱԶ՝ ՈՉ
Տավուշի մարզի Նոյեմբերյանի տարածաշրջանի սահմանագոտու բնակիչները Հայաստանի անկախությունից ի վեր սպասում են բնական գազի: Սահմանամերձ գյուղերում գազատարն արդեն 2 տարի կառուցված է, սակայն գյուղացիների տներ երկնագույն վառելիքն այդպես էլ չի մտնում: ՀՀ կառավարությանն առընթեր «Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացան գրասենյակ» (ԻՖԱԴ) պետական հիմնարկի կողմից Հայաստանին տրված վարկային միջոցներով 2012 թվականից գազաֆիկացման աշխատանքներ են մեկնարկել սահմանամերձ Ոսկեպար, Բաղանիս, Կոթի, Ոսկեվան, Բարեկամավան, Ջուջեւան համայնքներում: Այդ նպատակով տրամադրվել է 675 միլիոն դրամ, կառուցվել է 74.6 կմ ընդհանուր երկարությամբ գազախողովակաշար: Սահմանամերձ վերոհիշյալ գյուղերից խորհրդային տարիներին միայն Ոսկեպարն է գազաֆիկացված եղել:
Հայաստանի տարածքում անկլավ հանդիսացող ադրբեջանական Յուխարի Աքսիբարա (թարգմանաբար՝ Վերին Ոսկեպար) գյուղը սնուցող գազատարն անցնում էր Ոսկեպարի տարածքով, ինչի շնորհիվ գյուղի բնակիչները անցյալ դարի 80-ական թվականներին Ադրբեջանի տարածքից ձգվող գազատարից անվճար էին օգտվում: 2014թ.-ից սահմանամերձ վերոհիշյալ գյուղերը գազաֆիկացված են, սակայն գյուղացիները հնարավորություն չունեն գազատարից իրենց տուն գազի խողովակ անցկացնելու: Սրա համար նրանք յուրաքանչյուր մետրի հաշվով պետք է վճարեն 3800 դրամ, ինչն ամեն ընտանիքի համար կազմում է 70-100 հազար դրամ: Սահմանագոտում ապրող, սոցիալապես անապահով գյուղացիները նման հնարավորություն չունեն: Ոսկեպարի, Ոսկեվանի, Բաղանիսի համայնքապետարաններից տեղեկացանք, որ այդ գյուղերի համայնքապետարանները գազաֆիկացման աշխատանքների դիմաց պարտք ունեն: Համայնքները պետք է գազաֆիկացման աշխատանքների արժեքի 10 տոկոսի չափով ներդրում կատարեին: Այդ գումարի մի մասի չափով նրանք ներդրում կատարել են, իսկ մնացած ֆինանսական ներդրումը համայնքապետարանների փոխարեն կատարել է Հայաստանի պետական ոլորտի էներգետիկ մի կազմակերպություն, որը, սակայն, այժմ համայնքապետարաններից պահանջում է իր ներդրած գումարը, սահմանամերձ համայնքապետարաններն էլ դրա համար ֆինանսական միջոցներ չունեն: Նշենք, որ անցած 25 տարում Տավուշի մարզի անտառամերձ, Ադրբեջանին սահմանակից համայնքները ջեռուցման խնդիրը լուծելիս միշտ եղել են անտառի հույսին, ինչի պատճառով ավելացել են անտառահատումները:
ՈՍԿԱՆ ՍԱՐԳՍՅԱՆ
Տավուշ