Թալինի քաղաքապետը պետական միջոցներով տորթեր է գնում. տոների սիրահարը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ Արագածոնտի մարզի Թալինի քաղաքապետարանի աշխատակազմի գնումները ուսումնասիրելիս պարզ է դառնում, որ այս քաղաքում առաջնային խնդիրը ուտել-խմելն է: Հանրապետությունում չկա մի տոն, որը Թալինի քաղաքապետարանի աշխատակազմը բաց թողնի, ընդհուպ մինչեւ գրադարանավարի օրը: Նրանք պետական միջոցների հաշվին տոնում են բոլոր օրերը:

«Ժողովուրդ»-ի ձեռքի տակ է հայտնվել Թալինի քաղաքապետ Սարգիս Արամյանի կողմից օգոստոսի 4-ին հաստատված գնումների պլանը, որտեղ հատուկ բաժին կա` «Միջոցառումներ» անվանումով: Միջոցառումների համար նախատեսված գնումները սկսվել է ծաղիկներով. գնվել է 200 հատ վարդ, որի համար ծախսվել է 100 հազար դրամ, 500 հատ մեխակ` 50 հազար դրամ, 50 հատ ծաղկեպսակ` 600 հազար դրամ: Թալինի քաղաքապետարանի աշխատակազմը տարին սկսել է կանանց տոնը նշելով, որի համար նախ գնել է 300 հատ վարդ` ծախսելով 150 հազար դրամ, 10 հատ 6000 դրամանոց տորթ, որի համար պետական միջոցներից ծախսվել է 60 հազար դրամ: Մարտի 8-ը տոնելու համար գնվել է 20 հատ գինի եւ ծախսվել 24 հազար դրամ: Նաեւ գնվել են հուշանվերներ` անհայտ քանակությամբ, որոնց համար ծախսվել է 120 հազար դրամ:

Թալինի քաղաքապետարանի աշխատակազմը չի մոռացել նաեւ ապրիլի 7-ի համար եւ շտապել է քաղաքային բյուջեի հաշվին տորթեր, գինիներ ու հուշանվերներ գնել: Գնվել է այս անգամ ավելի շատ՝ 300 հատ վարդ, որոնց համար ծախսվել է 150 հազար դրամ, 10 հատ 6000 դրամանոց տորթ եւ 20 հատ գինի: Միայն այս անգամ գնվել է 1500 դրամանոց գինի. նախորդից 300 դրամով թանկ: Եւ էլի անհայտ քանակությամբ հուշանվերներ` ծախսելով 120 հազար դրամ: Եղեռնի հիշատակի օրվա համար գնվել է 3 հատ ծաղկեպսակ` ծախսելով 36 հազար դրամ, 300 հատ մեխակ` 30 հազար դրամով:

Իսկ հաղթանակի օրվա կապակցությամբ քաղաքապետարանը գնել է անհայտ քանակությամբ հուշանվերներ, որոնց համար ծախսել է 210 հազար դրամ, 5 հատ ծաղկեպսակ` 62.500 դրամ, 200 հատ մեխակ` 30 հազար դրամով: Հոկտեմբերի 5-ին Թալինի քաղաքապետարանը կտոնի նաեւ մանկավարժի օրը, որի համար նախատեսել է գնել 10 հատ տորթ, որոնց համար կծախսի 60 հազար դրամ, 14 հատ շամպայն` 25 հազար 200 դրամ, 100 հատ վարդ՝ 50 հազար դրամ:
Երեխաների պաշտպանության օրվա համար էլ քաղաքապետարանը չի մոռացել թալինցի փոքրիկների մասին եւ գնել է 1000 հատ պաղպաղակ` 150 հազար դրամ արժեքով, 50 տուփ գունավոր կավիճ՝ 50 հազար դրամ, 200 հատ փուչիկ` 200 հազար դրամով:

Գրադարանավարի օրը եւս չի վրիպել քաղաքապետարանի աշխատակազմի տեսադաշտից: Բայց այս դեպքում 10 հատ տորթի փոխարեն քաղաքապետարանը գնելու է ընդամենը մեկ հատ տորթ` 6000 դրամանոց, եւ երկու հատ շամպայն` 3600 դրամով, 50 հատ վարդ` 25 հազար դրամով:

Թալինի ՀՀԿ-ական քաղաքապետ Սարգիս Արամյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում շտապեց հայտարարել, որ գնված տորթերը, գինիները, շամպայնները ոչ միայն աշխատակազմի, այլեւ քաղաքի դպրոցների, մանկապարտեզների համար է: Հարցին` պարտադի՞ր է, արդյոք, քաղաքային բյուջեի հաշվին գնվեն տորթեր, գինիներ, քաղաքապետը արձագանքեց. «Դե, եթե միջոցառումը բոլորի համար է արվում, ուրեմն դրանք էլ են արվում»:

Հ.Գ. Ի դեպ, տեղեկացնենք, որ գնումների պլանում «այլ» միջոցառումների համար ծախսվել է 700 հազար դրամ: Սակայն փաստաթղթում նշված չէ, թե կոնկրետ ինչ միջոցառման համար է ծախսվել «այլ գումարը»: Այս թեմայի շուրջ քաղաքապետ Արամյանը խուսափեց մեկնաբանել` նշելով, որ տեղյակ չէ, եւ իր ձեռքի տակ չկա փաստաթուղթ:

Սյունէ Համբարձումյան




Լրահոս