Ինչո՞ւ է Սեյրան Օհանյանը պատվոգրեր շնորհել պահեստազորի մայորին, եթե նա գրագետ հրամանատար չէր (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Նախորդ տարվա դեկտեմբերի 9-ին ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունը պաշտոնական հայտարարություն տարածեց այն մասին, որ ԱԱԾ կողմից իրականացված համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների ընթացքում ստացված օպերատիվ տվյալների իրացման արդյունքում 2015թ. դեկտեմբերի 4-ին ձերբակալվել է Հայաստանի Հանրապետության քաղաքացի, Արմավիրի մարզի բնակիչ, պահեստազորի մայոր՝ Գարիկ Մարությանը:

garik-marutyan
Գարիկ Մարությանը

Ըստ ԱԱԾ հաղորդագրության՝ պահեստազորի մայորը, երկար տարիներ զբաղեցնելով ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոններ, համացանցային սոցիալական կայքերի միջոցով կապ է հաստատել Թուրքիայում գործող ադրբեջանական հատուկ ծառայությունների հետ և վարձատրության դիմաց նրանց փոխանցել ծառայության բերումով իրեն հայտնի դարձած, այդ թվում՝ պետական գաղտնիք պարունակող տվյալներ:

ՀՀ քրեական օրենսգրքի 299-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցված քրգործի նախաքննությունն ավարտվել և գործն ուղարկվել է Արմավիրի մարզի ընդհանուր իրավասության դատարան, մակագրվել դատավոր Վահե Խալաթյանին:

Իսկ ինչ է «բացահայտել» նախաքննությանը:

Այսպես, ըստ մեղադրական եզրակացության՝ Գարիկ Մարությանը, 1997թ. մինչև 2014թ. դեկտեմբերի 29-ը զբաղեցնելով ՀՀ ՊՆ տարբեր զորամասերի հետախուզության պետի պաշտոնը, 2015թ. հուլիս ամսի սկզբներից, համացանցի «odnoklassniki.ru» սոցիալական ցանցում հանդես գալով «M.G.X» կայքէջով, ծանոթացել է «Vazgen Kirakosyan» տվյալներով հանդես եկող օգտատիրոջ հետ և ընկել Թուրքիայում գործունեություն ծավալած Ադրբեջանի հետախուզական ծառայությունների տեսադաշտը:

Կողմնակի անձանց միջոցով 3 դրվագով, ընդհանուր` 700 ԱՄՆ դոլար գումար և հեծանիվ որպես վարձատրություն ստանալով՝ Գարիկ Մարությանը հաղորդագրություններով փոխանցել է ծառայության բերմամբ իրեն հասանելի դարձած տեղեկություններ՝ ՀՀ ՊՆ զորամասերի սպառազինության, դիրքերի, դիտակետերի, զինծառայողների վերաբերյալ, այդ թվում նաև՝ տեղեկություններ, որոնք իրենցից ներկայացնում են ռազմական բնագավառի պետական գաղտնիք:

Հավելենք, որ նախքան պահեստազոր անցնելը՝ Մարությանը եղել է Նոյեմբերյանի տարածաշրջանում տեղակայված, Ադրբեջանի հետ սահմանը պաշտպանող զորամասի հետախուզության պետը:

Մինչդեռ Մարությանի կինը՝ Լիլիթ Մովսիսյանը, ArmLur.am-ի հետ զրույցում միանգամայն այլ պատկեր ներկայացրեց: Նախ նշենք, որ 38-ամյա պահեստազորի մայորի կալանավորումից հետո ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողների հետ զրույցում ասել էր, թե՝ այդ սպան չի կարողացել որպես գրագետ, նորմալ հրամանատար դրսևորվել, և իր կամքով զորացրվել է: Մարությանի կնոջ խոսքով, սակայն, Սեյրան Օհանյանի հայտարարությունը տրամաբանության սահմաններից դուրս է: Բանն այն է, որ Պնախարար Սեյրան Օհանյանը Գարիկ Մարությանին պատվոգրեր է շնորհել՝ որպես նվիրված և հայրենասեր զինծառայողի: Մարությանի պատվոգրերին, որոնք նրա կինը ներկայացրեց ArmLur.am-ի ուշադրությանը, թիվ ու հաշիվ չկար:

13036429_1182453535128029_924485280_o

ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետ, գեներալ-գնդապետ Յուրի Խաչատուրովը, ՀՀ ոստիկանության զորքերի հրամանատար, ոստիկանության պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Լևոն Երանոսյանը և մի շարք այլ ռազմական գործիչներ ևս շնորհակալագրեր և պատվոգրեր են տվել Մարությանին:

13106496_1182453515128031_1520905019_o

Վերջինիս կինը հռետորական հարց է հնչեցնում՝ ինչպե՞ս կարող է երկու տասնամյակից ավել իրեն զինված ուժերին նվիրած մարդը մի հեծանիվի համար ուրանալ իր անցյալը. «Նախորդ տարվա օգոստոսին, երբ հայ-ադրբեջանական սահմանին լարված վիճակ ստեղծվեց Գարիկն արդեն պետք է թոշակի անցներ: Բայց իր զինվորներին միայնակ չթողեց: Նրանց հետ հավասար մարտի դաշտ դուրս եկավ:

13112467_1182453531794696_1596730271_o

Եվ նրա հրամանատարն էլ հայտարարել էր, որ միակ զորքը Գարիկինն էր, որ ոչ մի զոհ չտվեց: Կամ որ տարբեր հրապարակումներ են անում, թե Գարիկը Ղարաբաղից տվյալներ է տվել թշնամու լրտեսին: Ինչպե՞ս կարող էր նա նման բան անել, եթե երբևէ Ղարաբաղի հետ առնչություն չի ունեցել»:

Մեր զրուցակիցը պատմեց, որ «Վազգեն Կիրակոսյանը», ում ԱԱԾ-ն որպես հակառակորդի լրտես է անվանել, իրականում ամուսնու նախկին զինծառայողներից էր. «Ես վստահ եմ, որ ամուսնուս հետ այդ մարդու անվամբ խոսել են ԱԱԾ-ի աշխատողները: Գարիկը մոտ երկու ամիս դրանից առաջ համագործակցել է ԱԱԾ-ի հետ: Վազգեն Կիրակոսյանը հայ է, իսկ ԱԱԾ-ից խոսել են թուրքի անվան տակ: Իմ ամուսինն այնպիսի թեմաներից է խոսել, որոնք բոլորն էլ գիտեն: Յութուբում էլ այդ մասին տեսանյութեր կան, եթե գաղտնիք է պարունակում, համացանցում ինչո՞ւ են տեղադրել: Այդ Վազգեն Կիրակոսյանը ավելի շատ ինֆորմացիա է ունեցել, քան Գարիկը: Ուղղակի, երևի, ԱԱԾ-ում ուզում էին մի աշխատողի պաշտոն բարձրացնել, հեշտ ձև գտան: Կամ եթե այդ լրտեսը թշնամու համար էր աշխատում, ինչպե՞ս կարող էր Գարիկը թույլ տալ, որ մենք նրան հետ ընտանիքներով շփվենք: Այդ հեծանիվն էլ իրականում նվեր էր ուղարկել որդուս: Ամուսինս ինչ-որ մաս էր ուզել նրանից, նա էլ հեծանիվ էր ուղարկել»,- շարունակեց Լիլիթ Մովսիսյանը:

13112501_1182453521794697_1977834309_o

Վերջինս պատմեց նաև, որ այն ժամանակ, երբ ամուսինը դեռևս չէր կալանավորվել, ԱԱԾ աշխատակիցներին հայտնել էր, որ պայմանավորվածություն է ձեռք բերել Վրաստանում հանդիպել այդ լրտեսին՝ նպատակ ունենալով ԱԱԾ-ի ձեռքը հանձնել նրան, սակայն. «ԱԱԾ-ն առանց պատճառաբանության հրաժարվել է Վրաստան գնալ և տեսնել դրան ու բռնել: Ինչո՞ւ չգնացին: Չէ՞ որ Գարիկը նրանց ձեռքն էր հանձնելու թշնամում: Ինչպե՞ս են դա մեկնաբանելու ու բացատրելու: Ու հիմա էլ գործում նա չկա: Միայն Գարիկի վրա է մեղադրանք դրվել: Երևի Գարի՞կն էլ պետք է զոհվեր, որ նրան էլ հերոս կոչեին: Ինչո՞ւ չեն ասում, որ քսան տարուց ավել բանակում ծառայած սպան տուն չունի: Երկու անչափահաս որդու ու կնոջ հետ դրսում է մնացել: Եթե նա գումարի դիմաց երկրին վնաս հասցներ, մի՞թե այդ գումարը 700 դոլար կլիներ»,- վրդովված եզրափակեց Լիլիթը:

Հ.Գ. Մնում է սպասել՝ ինչ կպարզի դատարանը՝ հասկանալու համար՝ իսկապե՞ս պահեստազորի մայոր Գարիկ Մարությանը 700 դոլարի և մի հեծանիվի համար պետական դավաճանության է դիմել:

Տաթև Հարությունյան




Լրահոս