Եվրամիությունը չի ցանկանում հետաքննել, թե ով է նախահարձակ եղել (տեսանյութ)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Քառօրյա պատերազմի հնարավոր դրդապատճառների եւ հետեւանքների մասին «Ժողովուրդ»-ը զրուցել է Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ:

-Պրն. Սվիտալսկի, Ձեր կարծիքով՝ ինչո՞ւ Ադրբեջանը որոշեց հենց այս փուլում հարձակում գործել Արցախի սահմանների վրա:

-Ես չեմ ուզում ինչ-որ ենթադրություններ անել: Վերջին տարիների ընթացքում ականատես էինք եղել զոհերի թվաքանակի աճին, կրակոցների ինտենսիվությանը: Թեկուզ վերցնենք հենց վերջին երեք տարին. կարելի է նկատել, որ կար հստակ սրացում, եւ այս տեսանկյունից ռազմական գործողությունների սաստկացումը տրամաբանական կարելի է համարել:

-Այս օրերին ԵՄ կողմից չեղան հասցեական հայտարարություններ, թե, ի վերջո, ո՞ր կողմն էր նախաձեռնել ռազմական գործողությունները: Չեք կարծո՞ւմ, որ նման հայտարարությունները միգուցե ինչ-որ տեղ զսպեին ագրեսոր Ադրբեջանին: Ո՞րն է այս լռության պատճառը:

-Թույլ տվեք եւս մեկ անգամ նշել, որ ԵՄ-ն աջակցում է հարցի խաղաղ կարգավորմանն ուղղված բոլոր ջանքերին: Ռազմական գործողությունների վերսկսումից անմիջապես հետո ԵՄ գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինին հանդես եկավ հայտարարությամբ, հեռախոսազրույց ունեցավ երկու երկրների արտգործնախարարների հետ, Հարավային Կովկասում ԵՄ հատուկ ներկայացուցիչն անընդմեջ կապի մեջ էր գտնվում երկու երկրների բարձրաստիճան պաշտոնյաների հետ:

Եվրախորհրդարանում տեղի ունեցած քննարկումն առաջինն էր իր տեսակի մեջ վերջին 6-7 տարիների ընթացքում, ինչը շատ կարեւոր էր եւ նշանակում էր, որ այս հակամարտությունը սպառնալիք է ոչ միայն տարածաշրջանի, այլեւ ԵՄ կայունության համար: Այդ իսկ պատճառով համաձայն չեմ այն անձանց հետ, ներառյալ Հայաստանում առկա կարծիքին, որ ԵՄ լռում էր կամ չէր ցուցաբերում հետաքրքրվածություն այս հարցում: Հակառակը, վերջին տարիներին ԵՄ-ն իր հնարավորության սահմաններում արել է այն ամենը, ինչ կարող էր` ռազմական տարբերակը բացառելու եւ կողմերին բանակցությունների սեղանի շուրջ բերելու համար: ԵՄ-ն չի ցանկանում հետաքննական գործընթացի մեջ մտնել՝ պարզելու, թե ով եւ երբ սկսեց:

-Այնուամենայնիվ, չեք կարծո՞ւմ, որ դա կարեւոր է:

-Մենք պետք է հասկանանք, որ քաղաքական քննարկումները այժմ շատ զգայուն փուլում են: Տարիներ շարունակ ԵՄ-ն իր աջակցությունն է ցուցաբերել այն ընթացակարգերի եւ փաստերի բացահայտման մեխանիզմների ստեղծմանը, որոնք կօգնեին պարզել 1994 թվականի հրադադարի խախտման յուրաքանչյուր դեպք: Մենք ափսոսում ենք, որ նման մեխանիզմ դեռեւս չի գործում: ԵՄ-ի համար հիմնական առաջնահերթությունն այժմ դեպի ապագա նայելն է: Այստեղ հարցը մեղավորներ կամ ավելի մեղավորներ փնտրելը չէ, մեղադրանքների խաղը չէ, այլ դեպի խաղաղ կարգավորում ճանապարհ գտնելը:

-Հայկական կողմին վերադարձված բոլոր 18 զինվորների մարմինները խոշտանգված էին: Ինչպե՞ս եք գնահատում այս խոշտանգումների, դիակապտության, գլխատումների, խաղաղ բնակիչների նկատմամբ ադրբեջանական զինվորների վայրագությունների փաստերը:

-Վայրագությունների մասին փաստող զեկույցները եւ նկարները, հատկապես խաղաղ բնակիչների նկատմամբ իրագործած խոշտանգումները շատ մտահոգիչ են, քանի որ դա կնշանակի, որ խախտվել են պատերազմ վարելու հիմնակա նորմերը, կանոնները եւ կոնվենցիաները, այդ իսկ պատճառով կարծում եմ՝ այս դեպքերը պետք է լրջորեն հետաքննվեն: Պատերազմող երկրների պատասխանատվությունն է վերահսկել սեփական զինված ուժերի վարքագիծը: Սակայն ինչ-որ պահի միջազգային կառույցները կարող են եւ նույնպես պետք է ներգրավվեն հետաքննության գործընթացին:

Միայն համապատասխան հետաքննությունից եւ հաստատումից հետո նման վայրագությունները պետք է դատապարտվեն, իսկ պատասխանատուները հաշվետու լինեն այդ ամենի համար: Նման գործողությունները չեն կարող իրականացվել ԵՄ-ի տարածքում, ԵՄ քաղաքակրթության մեջ:

-Լավ, իսկ այդքանից հետո արդյո՞ք Ղարաբաղի բնակիչները կարող են հավատալ ադրբեջանցիների հետ խաղաղ համակեցության հնարավորությանը: Ի՞նչ երաշխիքներ կարող են լինել, որ ապագայում Ադրբեջանը կրկին նման գործողությունների չդիմի:

-Հայերը եւ ադրբեջանցիները պետք է պատրաստ լինեն խաղաղության: Մենք հիմա անցնում ենք շատ պատասխանատու մի փուլով, որտեղ շատ մեծ ջանքեր են գործադրվում միջնորդների, համանախագահող երկրների կողմից, եւ ոչ միայն արտաքին գործերի նախարարների, այլեւ առաջնորդների մակարդակով: 1945-ից հետո եվրոպական ինտեգրացիան եւ Եվրոպայի հաջողությունը, բարգավաճումը, ազատությունը հիմնված են հենց հաշտեցման գաղափարի վրա:

Եվրոպան անցել է արյունոտ պատերազմների, կոնֆլիկտների միջով, որոնք ազդեցություն են ունեցել շատ երկրների վրա: Եվրոպայի ինտեգրացիան սկսվեց Գերմանիայի եւ Ֆրանսիայի, Լեհաստանի եւ Գերմանիայի հաշտեցումից հետո, որը նոր փուլ էր Եվրոպայի պատմության մեջ: Եվրոպայի փորձը հաշտեցման գործում Հայաստանի եւ Ադրբեջանի համար պետք է օրինակ ծառայի: Միգուցե հաշտեցումը հնարավոր կլինի խնդրի կարգավորումից, վստահության ամրապնդումից եւ անվտանգության կայուն երաշխիքների ապահովումից հետո: Մեծ հույսեր ունեմ, որ Եվրոպայի այս հաջողված փորձը հնարավոր կլինի բերել նաեւ այս տարածաշրջան: Ես վստահ եմ, որ հատկապես այս երիտասարդ սերնդի պարագայում հնարավոր է հասնել հանդուրժողականության եւ հաշտեցման, կառուցել ծաղկուն տարածաշրջան:

Զրուցեց Սյուզի Մուրադյանը




Լրահոս