Հարց քաղաքացիներից` ամուսնալուծության համար կոնկրետ ի՞նչ փաստաթղթեր են ներկայացվում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Ես ուզում եմ իմանալ, թե ամուսնալուծության համար կոնկրետ ի՞նչ փաստաթղթեր են ներկայացվում, եւ ի՞նչ ժամկետում է կատարվում ամուսնալուծության պետական գրանցումը:
Ռուբինա Հայրապետյան (30 տարեկան, տնային տնտեսուհի)

ՊԱՏԱՍԽԱՆ. Տեղեկացնում ենք, որ ամուսնալուծության պետական գրանցման համար ներկայացվում են՝
– անձը հաստատող փաստաթուղթ,
– ամուսնության վկայական (առկայության դեպքում),
-ամուսինների համատեղ դիմումը` ՔԿԱԳ մարմնում ամուսինների միջեւ փոխադարձ համաձայնության առկայությամբ ամուսնալուծություն կատարելու համար,
-ամուսիններից մեկի դիմումը, եթե մյուսը դատարանի կողմից ճանաչվել է անհայտ բացակայող կամ անգործունակ կամ դատապարտվել է ազատազրկման երեք տարուց ոչ պակաս ժամկետով,
-ամուսնու դիմումը եւ դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը դատական կարգով ամուսնալուծություն կատարած լինելու դեպքում:
Հայտնում ենք նաեւ, որ ամուսնալուծության գրանցումը եւ ամուսիններից յուրաքանչյուրին ամուսնալուծության վկայականներ տրամադրելը կատարվում է ՔԿԱԳ մարմնի կողմից ամուսնալուծության մասին դիմում տալու օրվանից առնվազն մեկ ամիս հետո, բայց երեք ամսից ոչ ուշ:

«Ձեր իրավախորհրդատու» փաստաբանական ընկերություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ դատական կարգով ամուսնալուծվելու դեպքում ամուսնալուծության գրանցումը կատարվում է դատարանի վճիռը օրինական ուժի մեջ մտնելուց հետո՝ ՔԿԱԳ մարմին դիմումը ներկայացնելու օրը:

ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել «Ժողովուրդ» օրաթերթին դիմած ընթերցողներին հուզող հարցերի պատասխանները: Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները ստանալու համար կարող եք դիմել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն՝ զանգահարելով (010, 093, 096) 546-423 հեռախոսահամարներին: Կարող եք Ձեր հարցերն ուղարկել էլեկտրոնային տարբերակով՝ [email protected] հասցեին:




Լրահոս