Երեւանի քաղաքապետ Կարեն Կարապետյանը օրերս ավտոկայանատեղերի կառավարման եւ քաղաքային լուսավորության ոլորտում համագործակցության հարցեր է քննարկել SWARCO ընկերության գլխավոր տնօրեն Ալբին Լայսմյուլերի հետ: Հայտարարվեց, որ ավստրիական ընկերությունը պատրաստ է վերոնշյալ ոլորտներում քաղաքապետարանի հետ առաջարկել «շահագրգիռ համագործակցության փաթեթ»:Նշենք, որ քաղաքապետի այս գործունեությունը պայմանավորված է դեռ նախորդ տարեվերջին կառավարության կողմից ԱԺ բերված հերթական չարաբաստիկ օրենսդրական նախաձեռնությամբ, որով նախատեսվում է Երեւանում եւ հանրապետության այլ քաղաքներում ու գյուղական համայնքներում ներդնել վճարովի ավտոկայանատեղերի համակարգ, որի գանձման գործառույթները Երեւանի քաղաքապետարանը կարող է վերալիազորել որեւէ մասնավոր ընկերության կամ իրավաբանական անձի, ինչը նշանակում է, որ հիմա էլ Երեւանի փողոցները այս օրենքի անվան տակ բաժան-բաժան կարվեն: Օրենք, որն այս պահին գտնվում է ԱԺ-ում` «նախաառաջին ընթերցման ռեժիմի» հանգրվանում: Բայց Ազգային ժողովը, ինչպես վկայեցին պատգամավորների հետ մասնավոր զրույցները, ամենեւին էլ մտադիր չէ տեղական ինքնակառավարման համակարգի իշխանություններին ու քաղաքապետարանին նման լիազորություններ տալ: Օրինակ՝ ՀՅԴ-ական պատգամավոր Արա Նռանյանը այսպիսի առաջարկներ է ներկայացրել` ըստ որի` նախ պետք է վերանայվի մեկ ավտոմեքենայի կայանման վարձավճարը, որը այս տեսքով կազմում է մեկ ժամի համար 500 դրամ, իսկ մեկ օրվա համար` 3000 դրամ, կոնկրետություն մտցվի վճարովի եւ անվճար կայանման տեղերի համամասնության մեջ եւ անպայման կհստակեցվի վճարովի եւ անվճար տեղերի այլընտրանքը: Այսինքն` եթե կանգնեցնում ես մեքենադ վճարովի ավտոկայանատեղիում, պետք է իմանաս, որ հարյուր կամ երկու հարյուր մետր այն կողմ ունես մեքենադ անվճար տեղում կանգնեցնելու հնարավորություն:«Այլապես, եթե այս օրենքն այս տեսքով ընդունվի, ապա վերջին հինգ մարդը, որ դեռ դուրս չի եկել կառավարության դեմ, դուրս կգա»,-նշեց ՀՅԴ-ական պատգամավորը:Ա. Դ.
ՌԵԿԵՏԸ ՕՐԻՆԱԿԱՆԱՑՎՈՒՄ Է
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ