Վերջին օրերին «Ժողովուրդ»-ը ՀՀ քաղաքացիներից պարբերաբար ահազանգեր է ստանում այն մասին, որ Սեւան-Երեւան մայրուղու սկզբնամասում եւ մայրաքաղաքի էլի մի քանի հատվածներում գործում են «թաքնված տեսախցիկներ», որոնք մեքենաներին նկարում են հետեւից: Ըստ վարորդների, ճանապարհների վրա չկան հուշող ցուցանակներ, որոնք կզգուշացնեն արագաչափ սարքի առկայության մասին: Մարդիկ այդ մասին իմացել են արագության գերազանցման համար տուգանքի ակտերը ստանալուց հետո: Ինչո՞ւ եք թիկունքից նկարում: «Ժողովուրդ»-ի այս հարցին Երեւանի ՃՈ պետ Արսեն Արշակյանը պատասխանեց. «Որեւէ թաքուն բան չկա, երկու կողմից էլ տրամադրված են, օրինաչափ են, ու համապատասխան նշաններն էլ տեղադրված են, որպեսզի վարորդը տեղեկանա այդ մասին»: Իսկ «Աքիլես» ավտովարորդների իրավունքների պաշտպանության ՀԿ նախագահ Էդուարդ Հովհաննիսյանը «Ժողովուրդ»-ին բացատրեց, որ, թեեւ օրենքով արգելված չէ, որ արագաչափերը ֆիքսեն հետեւի կողմից, սակայն վատ է, որ հասարակությունից «գաղտնի» է պահվում դրանց գոյությունը:
ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ