«ՄԻ ԲԱՆ ԱՆԵԼ-ՀԱՍՑՆԵԼՈՎ» ԱՐԴԱՐԱԴԱՏՈՒԹՅՈՒՆ ԿԼԻՆԻ՞

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Դատական համակարգում նոր դժգոհությունների ալիք է բարձրանում: «ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ մի խումբ դատավորներ դատական գործերով ծանրաբեռնվածության հետ կապված դիմել են ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին` առաջարկելով իրավիճակին լուծում տալ, սակայն նրանց բողոքը տեղ չի հասել:

Հայաստանում դատավորների գերծանրաբեռնվածության խնդիրը նոր չէ: 2015 թվականի նոյեմբերի 11-ին ՀՀ դատական օրենսգրքում փոփոխություններ նախատեսող օրենսդրական նախագիծը բազում հարցերի տեղիք տվեց: Նախագծով առաջարկվում էր կոնկրետ ավելացնել Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն, Աջափնյակ եւ Դավթաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանների դատավորների թվաքանակը: Ըստ հիմնավորման՝ դատավորների թվի ավելացման անհրաժեշտությունը պայմանավորված է նրանով, որ Երեւանի Արաբկիր եւ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի մեկ դատավորի տարեկան միջին ծանրաբեռնվածությունն ուսումնասիրվող ժամանակահատվածում գերազանցում է Երեւան քաղաքում մեկ դատավորի տարեկան միջին ծանրաբեռնվածությանը: Նախագծի քննարկման ժամանակ ԱԺ ՀԱԿ խմբակցության անդամ, նախկին զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանն ասել էր, որ մինչեւ 1996 թվականը, երբ Հայաստանի բնակչությունը 4 մլն էր, դատավորների թիվը եղել է 120, եւ նրանք հասցրել են բոլոր գործերը քննել: Իսկ այժմ, երբ բնակչությունը 2 մլն-ի սահմաններում է, դատավորների թիվը հասել է 250-ի, բայց աշխատում են մեծ ծանրաբեռնվածությամբ. «Ո՞նց կարող է այդքան քաղաքացիական գործ լինել 2 մլն բնակչության դեպքում, ուրեմն արդարադատություն չի իրականացվում, պատվերով է, դրա համար դատարանները գործերով հեղեղված են»,- եզրակացրել էր նախկին զինդատախազը:
Ինչեւէ, վերոնշյալ դատարաններում դատավորների թիվը ավելացվեց, սակայն ինչպես նկատում ենք՝ դատարաններում խնդիրը չի կարգավորվել, քանի որ արդեն տեւական ժամանակ է, ինչ մի խումբ քաղաքացիներ դիմում են տարբեր դատարաններ եւ բարձրաձայնում, որ իրենց դատական գործերը օդից կախված են մնացել: Ավելին՝ դատական համակարգին մոտ կանգնած մեր աղբյուների փոխանցմամբ` դատավորները դատական գործերով ծանրաբեռնվածության եւ քաղաքացիների բողոքների առնչությամբ դիմել են ՀՀ վճռաբեկ դատարանի նախագահ Արման Մկրտումյանին` ասելով, որ քաղաքացիներն իրենցից են պատասխան ուզում, թե ինչու են իրենց գործերը ամիսներով հետաձգվում, իսկ իրենց ծանրաբեռնվածության մասին արդարացումները որեւէ կերպ չեն հետաքրքրում նրանց: Դատավորներն Արման Մկրտումյանին ասել են, որ անհրաժեշտ է դատավորների թիվը ավելացնել, այլապես անհնար կլինի իրավիճակը փրկել: Սակայն դատավորների մտահոգությունն ու քաղաքացիների դժգոհությունները մնացել են անպատասխան, քանի որ ի պատասխան ասվել է, որ այսօր մեր պետությունն այն վիճակում չի գտնվում, որ կարողանա ավելացնել դատավորների թիվը, ուստի միակ տարբերակը հետեւյալն է՝ մի բան արեք, հասցրեք:
Արդյունքում շատ դատավորներ այս օրերին հայտնվել են ծանր վիճակում եւ չգիտեն, թե ինչպես դուրս գան դրանից: Նկատենք, որ որոշ դատական գործերի հետ կապված ամբողջ 8 ամիս որեւԷ դատական նիստ չի կայացել: Օրինակ` ԱԻՄ առաջնորդ Պարույր Հայրիկյանը 2013թ. իր դեմ մահափորձ իրականացրած Էպոսագետ, նախագահի նախկին թեկնածու Վարդան Սեդրակյանի, նրա «կաֆելչիկներ» Խաչատուր Պողոսյանի եւ Սամվել Հարությունյանի դեմ հայցադիմում է ներկայացրել Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ պահանջելով որպես իրեն պատճառած վնասի փոխհատուցում բռնագանձել 42 միլիոն 524 հազար դրամ: Առաջին ատյանի դատարանը բավարարել է ԱԻՄ առաջնորդի պահանջը, սակայն Վարդան Սեդրակյանի հարազատները բողոքարկել են այս որոշումը ՀՀ վերաքննիչ դատարան, որն էլ գործը ուղարկել է Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան՝ նոր քննություն իրականացնելու համար: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում էպոսագետի կինը՝ Ռուզաննա Սեդրակյանը, ասաց, որ անցել է շուրջ 8 ամիս, սակայն այս գործով որեւէ դատական նիստ չի կայացել. «Համենայնդեպս ո՛չ ինձ, ո՛չ մեր փաստաբանին որեւէ ծանուցագիր չի ուղարկվել, թե ով է գործով դատավորը, երբ է կայանալու դատական նիստը»: Այս պատմության մեջ ամենազարմանալին այն է, որ արդեն 2 տարի է, ինչ Վարդան Սեդրակյանի ընտանիքին պատկանող գույքի եւ դրամական միջոցների վրա արգելանք է դրված:
Մեկ այլ օրինակ՝ արդեն 1,5 ամիս է, ինչ Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանում չի կայացել Էրեբունի եւ Նուբարաշեն վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի նախագահի հոր` Ռադիկ Օհանյանի յուրացումների գործով դատական նիստը: Հիշեցնենք, որ այս գործով նախկին դատավորը Նապոլեոն Օհանյանն էր, որն առողջական խնդիրների պատճառով մեկնեց արձակուրդ եւ դադարեց քննել գործը, արդյունքում այն փոխանցվեց նույն դատարանի դատավոր Անդրանիկ Մնացականյանին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

 
ԱՄՆ-Ի ԱՉՔԵՐՈՎ
«Ժողովուրդ»-ը շարունակում է հրապարակել ԱՄՆ պետական դեպարտամենտի 2015 թվականի Մարդու իրավունքների վերաբերյալ տարեկան զեկույցը: Եվ այսպես՝ զեկույցում անդրադարձ կա, որ ՀՀ կառավարությունը ընդհանրական առումով չի վերահսկել առցանց լրատվականների բովանդակությունը. «Առցանց մեդիան եւ սոցիալական ցանցերը շարունակել են մնալ որպես տեղեկատվության կարեւորագույն ռեսուրս: Վերջիններս մատուցել են տարբերակված քաղաքական տեսակետներ: Ողջ տարվա ընթացքում կարեւոր նշանակություն են ունեցել առանցքային իրադարձությունների առցանց հեռարձակումները»: Զեկույցի այս բաժնում միաժամանակ նշվում է, որ տարվա ընթացքում արձանագրվել են նաեւ լրագրողների նկատմամբ բռնության առանձին դեպքեր: Հիշատակվում է մասնավորապես «էլեկտրիկ Երեւան»-ի ժամանակ լրագրողների նկատմամբ ոստիկանության գործադրած բռնությունների մասին:
Շարունակելով՝ զեկույցի հեղինակները գրում են. «Կառավարությունը չի սահմանափակել կամ խոչընդոտել երկրում համացանցի հասանելիությունը: Անհատները եւ խմբերը ամբողջությամբ կարողացել են արտահայտել իրենց հայացքները՝ կիրառելով համացանցի հնարավորությունները»:
«Խաղաղ հավաքների» ենթաբաժնում զեկույցի հեղինակները փաստում են, որ քաղաքական ղեկավարության կողմից չեն եղել հանրահավաքները կամ ցույցերը կանխելու դեպքեր, չնայած առանձին դեպքերում ոստիկանության կողմից ցուցարարների նկատմամբ բռնությամբ դեպքեր են գործադրվել: Միաժամանակ, հեղինակները նկատում են, որ երբեմն էլ ցուցարարներն են դիմել միտումնավոր գործողությունների՝ այս կերպ սադրելով ոստիկանության ներկայացուցիչներին:
«Կտտանքները եւ այլ դաժան, անմարդկային, արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքն ու պատիժները» ենթաբաժնում նշվում է, որ թեեւ օրենքով այս ամենն արգելված է, սակայն առանձին դեպքերում դրանք շարունակում են իրենց դրսեւորումներն ունենալ:
Պետքարտուղարության ներկայացուցիչները խնդրահարույց են համարել ոստիկանության կողմից ցուցմունքներ վերցնելիս, ինչպես նաեւ բերման ենթարկելու եւ ձերբակալության փուլերում անձանց նկատմամբ կիրառվող բռնաճնշումները: Այս առումով զեկույցում հղում են արված առանձին կազմակերպությունների հաղորդումներին եւ զեկույցներին: Միաժամանակ նշվում է, որ իշխանությունները խնդրի կարգավորման համար քայլեր են իրականացնում՝ վկայակոչելով ԱԺ-ում քրեական օրենսգրքում իրականացված փոփոխությունները:
Ոստիկանական համակարգում առկա խնդիրների թվում նշվում են կոռուպցիան, երբեմն դրսեւորվող անպատժելիությունը, ինչպես նաեւ օրենքի խտրական կիրառումը, նախնական կալանավորման ձեւը:

Ք. ՄԱՆՈՒԿՅԱՆ

 

 

ՀԱՆՁՆԵՑԻՆ
Ադրբեջանական կողմը երեկ Կարմիր խաչի միջազգային կոմիտեի եւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի գրասենյակի միջնորդությամբ Բաշ Քարվենդ բնակավայրի մոտակայքում ԼՂՀ-ին է հանձնել զոհված հայ զինծառայողի մարմինը: ԼՂՀ ռազմագերիների, պատանդների եւ անհայտ կորածների հարցերով զբաղվող պետական հանձնաժողովը դեռեւս չի հաղորդում զոհվածի անունը։ Զինծառայողի մարմինը կուղարկվի փորձաքննության՝ մահվան պատճառը պարզելու համար։

 

 
ՀԱՎԱԿՆՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԻ
«Ժողովուրդ» օրաթերթն իր նախորդ համարում գրել էր, որ ««Ֆեյսբուք» սոցիալական ցանցում մի էջ է բացվել, որը կոչվում է «Ռուբեն Վարդանյան. Հայաստանի նախագահ»: Էջի հեղինակները ներկայանում են իբրեւ Վարդանյանի հետ կապ չունեցող անձինք: Ըստ նրանց՝ իրենց նպատակը հասարակական տրամադրությունները պարզելն է: Այս էջի առնչությամբ IDeA հիմնադրամը պարզաբանում է տարածել, որն էլ ներկայացնում ենք ստորեւ. ««Ֆեյսբուք» սոցիալական ցանցում հայտնված՝ «Рубен Варданян в Президенты Армении» էջը որեւէ առնչություն չունի ո՛չ Ռուբեն Վարդանյանի, ո՛չ էլ IDeA հիմնադրամի հետ: Այս կապակցությամբ անհրաժեշտ ենք համարում եւս մեկ անգամ ընդգծել, որ Ռուբեն Վարդանյանը բազմիցս հրապարակավ հայտարարել է, որ քաղաքական հավակնություններ չունի եւ մտադիր չէ պետական պաշտոններ զբաղեցնել, այդ թվում՝ Հայաստանում: IDeA-ի ղեկավարությունը եւս բազմիցս ընդգծել է, որ Հայաստանի զարգացմանն ուղղված մեր բոլոր ծրագրերը զերծ են քաղաքական բաղադրիչից»:

 

 

ԴԻՄԵԼ Է
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը պաշտոնապես դիմել է ՌԴ մարդու իրավունքների հանձնակատարի աշխատակազմին Լեւոն Հայրապետյանի առողջությունը վտանգող պայմանների վերացման եւ անհրաժեշտ բժշկական օգնության տրամադրման հարցով: Պաշտպանն իր մտահոգությունն է հայտնել Լեւոն Հայրապետյանին գերբնակեցված խուց տեղափոխելու կապակցությամբ՝ նշելով, որ վերջինս ամենօրյա բժշկական օգնության եւ հսկողության կարիք ունի, եւ դա կարող է լուրջ սպառնալիք լինել Լ. Հայրապետյանի առողջության եւ կյանքի համար:

 

 

ԿՐԱԿԵԼ ԵՆ
Ապրիլի 19-ի լույս 20-ի գիշերը ադրբեջանա-ղարաբաղյան զինված դիմակայության գոտում օպերատիվ իրադրությունը մնացել է անփոփոխ, առաջնային գծի ողջ երկայնքով հակառակորդը հիմնականում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, խոշոր տրամաչափի դիպուկահար զենքերից եւ 60 միլիմետրանոց ականանետից (1 արկ) կրակի դադարեցման պայմանավորվածությունը խախտել է ավելի քան 50 անգամ: Իսկ ահա հայ-ադրբեջանական պետական սահմանագոտու հյուսիսարեւելյան հատվածում գրանցվել է հրադադարի խախտման 9 միջադեպ:

 

 

ՊԱՐՏԱՎՈՐ Է
Երեւանի ավագանու «Բարեւ Երեւան» խմբակցությունը երեկ դիմել է քաղաքապետ Տարոն Մարգարյանին՝ առաջարկելով բնակարաններ հատկացնել ապրիլի սկզբին ղարաբաղյան շփման գծում մարտական գործողությունների ժամանակ զոհված երկու զինծառայողների ընտանիքներին: «Իհարկե, տեղյակ եք, որ ապրիլյան պատերազմում զոհված երեւանցիներից Սարգիս Խալաֆյանի ու Հրաչ Մուրադյանի ընտանիքներն ապրում են վարձով: Սարգիս Խալաֆյանն ունի 4 չափահաս, իսկ Հրաչ Մուրադյանը 3 անչափահաս՝ 8, 6 եւ 2 տարեկան երեխաներ», – ասված է քաղաքապետի ուղղված դիմումում:




Լրահոս