Ապրիլի 2-ին ղարաբաղա-ադրբեջանական սահմանում հակառակորդի լայնածավալ գործողությունների հետևանքները մի շարք հարցերի տեղիք տվեցին: Մասնավորապես, բազմիցս շրջանառվեց այն տեղեկությունը, թե զինվորները համապատասխան սպառազինություն չի ունեցել, որն էլ նաև պատճառ է դարձել այդքան մեծ թվով զոհերի:
Սակայն ՀՀ Պաշտպանության նախարարությունը մշտապես փորձում էր վստահեցնել, որ դիրքերում զինվորները ոչ մի բանի կարիք չեն ունեցել, չունեն, բանակը ապահովված է զենքով, զինամթերքով և կապի արդիական միջոցներով իսկ հետախուզությունն էլ բավական լավ է աշխատել: Սակայն Սերժ Սարգսյանի հրամաններից հետո այդ նույն հարցերը կրկին առաջացան: Բանն այն է, որ Սերժ Սարգսյանն աշխատանքից ազատել է ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ-նյութատեխնիկական ապահովման դեպարտամենտի պետ Ալիկ Միրզաբեկյանին, ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի հետախուզության վարչության պետ Արշակ Կարապետյանին եւ ՀՀ ԶՈՒ կապի զորքերի պետ-կապի եւ ավտոմատացված կառավարման համակարգերի վարչության պետ Կոմիտաս Մուրադյանին:
Ով է Ալիկ Միրզաբեկյանը
ՀՀ պաշտպանության նախկին տեղակալի անօրինականությունների մասին մամուլը բազմիցս է գրել, սակայն անձամբ նախարար Սեյրան Օհանյանը ոչ մեկ անգամ հերքել է Միրզաբեկյանի չարաշահումների մասին տեղեկությունները:
Հայտնի է, որ Միրզաբեկյանը մտերիմ է եղել Սերժ Սարգսյանի հետ և զբաղվում էր զինվորներին համապատասխան տեխնիկայի մատուցմամբ: Տարբեր տեղեկությունների համաձայն ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանն այս ազատման գլխավոր «մեղավորներից» մեկն է, ով անձամբ է Սերժ Սարգսյանին զեկուցել կոռուպցիոն այն սխեմայի մասին, որով Միրզաբեկյանն իր ընտանիքի անդամի կողմից հիմնադրած ընկերությունից նախարարության համար գնումներ է կատարել:
«Ժողովուրդ»-ի տեղեկություններով՝ Ալիկ Միրզաբեկյանը բավականին ակտիվ բիզնես գործարքներ է կատարել իր կնոջ` Իվետա Իսրայելյանի հետ, որը բացահայտվել է տարբեր օղակների կողմից իրականացված քննության ընթացքում:
Նախկին տեղակալի «մութ» պատմությունները
2015 թվականի հունվարի 30-ին ՀՀ կառավարությունը որոշում ընդունեց ՊՆ-ի իրավասության տակ գտնվող «Ավտոմատիկա» ՓԲ ընկերության 80% բաժնետոմսերը փոխանցել ՀՀ ԿԱ պետական գույքի կառավարման վարչությանը` մասնավորեցման նպատակով: Նախկինում ՊՆ ենթակայության տակ գտնված այս ձեռնարկությունը Հայաստանի անկախացումից ի վեր նորոգել ու արդիականացրել է ՀՀ հակաօդային պաշտպանության և ռադիոլոկացիոն կայանները:
Որոշումը հիմնավորվեց նրանով, որ ձեռնարկությունը ռազմաարդյունաբերության խնդիրների լուծման համար առաջադրվող պահանջներին չի համապատասխանում, մասնավորապես` ընկերության շենք և շինությունները չեն բավարարում ՀՕՊ ժամանակակից համակարգերի նորոգման և արդիականացման աշխատանքները կազմակերպելու, ինչպես նաև լիարժեք փորձարկումների անցկացման համար:
Սակայն «Ավտոմատիկայի» 20%-ի սեփականատեր Զավեն Թումանյանը դեռ այդ ժամանակ կարծիք էր հայտնել, որ խնդիրը բոլորովին էլ այնպիսին չէ, ինչպես ներկայացվում է և հայտարարել էր, որ խնդիրը կոռուպցիան ու միլիոնավոր գումարների մսխումն է:
2008-ից հետո գործարանը սկսել են քանդել, ասում է Զ. Թումանյանը: Մինչ այդ ՊՆ պաշտոնյաները, ըստ Թումանյանի, չէին համարձակվում միջամտել: Նա ձեռնարկության ներկա վիճակի համար մեղադրում է ՊՆ փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանին և ՊՆ Ռազմաարդյունաբերության վարչության պետ Մուրադ Իսախանյանին. «Պատճառն այն էր, որ ուղիղ ձևով ատկատ էին ուզում: Ո՛չ սովետի ժամանակ, ո՛չ էլ հիմա ես ո՛չ փող եմ գողացել, ո՛չ էլ ասել են` գողացի, տուր մեզ` տվել եմ: Միութենական գործարաններում նման բան չի եղել, որովհետև բարձր աշխատավարձ էր, ու բոլորը գիտեին` ով ով է: Հիմա որևէ պատվեր են տալիս գործարանի տնօրենին ու ասում, որ «պողոսի» կոոպերատիվը կգա պայմանագիր կկնքի, ու գումարը կվճարեք: Իսկ գումարը գնում է իրենց գրպանը», – 168.am-ի հետ զրույցում հայտարարել էր Թումանյանը:
Միրզաբեկյանը ջրից չոր դուրս եկավ
ՀՀ ՊՆ քննչական բաժնում դեռ 2010-ին հարուցվել է քրեական գործ` «Ավտոմատիկա» ՓԲԸ-ում տեղի ունեցած ապօրինությունների առթիվ: Պարզվել է, որ ՀՀ ՊՆ Նյութատեխնիկական դեպարտամենտի կողմից օրենքների կոպիտ խախտմամբ ձեռնարկությանը տարբեր ծառայությունների և նույնիսկ չկատարված աշխատանքի համար հատկացվել են գումարներ, որոնք անհիմն ու աննպատակ են ծախսվել: ՊՆ քննչական ծառայության կողմից առաջադրված հարցերը ստուգել է նաև ՀՀ ֆինանսների նախարարության Ֆինանսական վերահսկողության տեսչությունը: Արդյունքում` արձանագրվել է 110 մլն դրամի ֆինանսական խախտում, որը, Զ. Թումանյանի խոսքով, վատնվել է գործարանի միջոցով:
Սակայն Պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը չէր շտապում մեղադրել Միրզաբեկյանին: «Եթե կոռուպցիոն ռիսկերի մեջ է ներգրավված, թող քրեական գործ հարուցեն, քր. գործը կապացուցի` ով է մեղավոր, ով ոչ: Այն խնդիրները, որոնք վերաբերում են փոխնախարար Ալիկ Միրզաբեկյանին, պատշաճ կերպով իրականացնում ենք», – դեռևս նախորդ տարի նշել էր նա:
Սակայն մեկ բան ակնհայտ է. հիմա գեներալներին պաշտոնանկ անելով՝ խնդիրը չի լուծվի: Պետք է այդ անձանց պատասխանատվության հարցը բարձրացվի:
Նաիրա Հովհաննիսյան