ՀԱՅԻ ԲԱԽՏ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ճակատագրի բերումով հայերը հաճախ են իրենց երկիրը թողել եւ այլ երկրներում բախտ որոնելու փորձեր արել: Իհարկե, մի մասին հաջողվել է օտար երկրներում դրսեւորվել, սակայն հատկապես վերջին մի քանի ամիսներին հայերի շուրջ ողջ աշխարհում կարծես թե օղակը սեղմվում է:
Եթե տարիներ առաջ Հայաստանից մեկնածներին վերաբերվում էին որպես արարող, աշխատասեր մարդկանց, ապա վերջին տարիներին Հայաստանի քաղաքացիների արտերկրյա իմիջը, մեղմ ասած, ընկել է: Ու այս իրավիճակի պատասխանատուն ոչ այնքան իր տունը կողպեքով փակած եւ օտար երկիր արտագաղթած քաղաքացին է, որքան Հայաստանի գործող իշխանությունը՝ հատկապես ՀՀ արտաքին գործերի նախարարությունը: Հիշեցնենք, որ այս մարմինը «գործադիր իշխանության հանրապետական մարմին է, որը Հայաստանի Հանրապետության Նախագահի ընդհանուր ղեկավարությամբ մշակում եւ իրականացնում է արտաքին գործերի բնագավառում Հայաստանի Հանրապետության կառավարության քաղաքականությունը, կազմակերպում եւ ղեկավարում է դիվանագիտական ծառայությունը` իրեն վերապահված լիազորությունների շրջանակներում»: Այսինքն՝ այլ երկրների հետ Հայաստանի հարաբերությունների ուղղակի պատասխանատուն է: Հենց ԱԳՆ-ն է պարտավոր լուծել մեր քաղաքացիների բոլոր խնդիրները, որոնք ունենում են օտար երկրներում: Սակայն այդ մարմինն իր գործունեությամբ այնպիսի իրավիճակ է ձեւավորել, որ մեր հայրենակիցներին կարող են, օրինակ, ՌԴ-ում շարել մի պատի տակ որպես հանցագործների՝ ընդամենը ստուգելու նրանց ինքնությունը կամ տուն վերադարձնելու: Իհարկե, նախարար Էդվարդ Նալբանդյանը կարող է ասել, թե ինքը միայնակ չի որոշում նման փոխհարաբերություններին առնչվող հարցերը, կամ թե Ռուսաստանն անցել է դասական շանտաժի եւ մտադիր է շուրջ 200 հազար հայերի հետ ուղարկել Հայաստան, քանի որ մենք որոշել ենք գնալ դեպի Եվրոպա:
Այնուամենայնիվ, պետք է փաստել, որ առանձնապես փայլուն չէ նաեւ եվրոպական երկրներում բնակվող մեր հայրենակիցների վիճակը: Մեր ստացած տեղեկություններով, օրինակ, Բելգիայի իշխանություններն առաջվա նման առատաձեռն չեն փախստականների նկատմամբ: Եթե տարիներ առաջ հայ փախստականները Բելգիայում կարողանում էին նորմալ ապրել անապահովության նպաստներով, ապա հիմա այն կա՛մ չկա, կա՛մ էականորեն կրճատվել է: Ու շատ ընտանիքներ պարզապես անելանելի վիճակում են. Հայաստանում վաճառել են իրենց տունն ու ունեցվածքը, որպեսզի ստանան այդքան ցանկալի «վիզան», իսկ հիմա եվրոպական շատ երկրներ հրաժարվում են նրանց «պահել»: Էլի հայը կանգնած է սոված մնալու վտանգի առաջ: Ինչպես ասում են՝ «թախտից փախնես, հո բախտից էլ չե՞ս փախնի»:
Եվ այս իրավիճակը ձեւավորվել է Հայաստանի արտաքին վարկանիշի կտրուկ անկումից հետո: Գաղտնիք չէ, որ բոլոր ցուցանիշներով մեր երկիրը գահավիժում է անդունդը, սակայն պատասխանատվության դեֆիցիտը թույլ չի տալիս բարձրաձայնել այդ մասին:




Լրահոս