ՊԱՇՏՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱԽԱՐԱՐԻ ՀԵՐԹԱԿԱՆ «ԱՆԱԿՆԿԱԼԸ»

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Օգոստոսի 16-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը հանդիպել է  «Բազե» համահայկական երիտասարդական փառատոնի երիտասարդների հետ ու այնտեղ մի սկանդալային բացահայտում արել: Նա անկեղծացել է ու պատմել, թե ինչպես է չեզոքացվել 2008-ի մարտի 4-ի գիշերը ԼՂՀ Մարտակերտի շրջանի Լեւոնարխ գյուղի ուղղությամբ հակառակորդի կազմակերպած դիվերսիան:
«Հեռախոսը վերցրեցի եւ ԼՂ պաշտպանության նախարարին ուղղակի ասացի՝ հրամայում եմ հետ վերցնել դիրքը: Եվ մեր հասարակ զինվորները 2-3 ժամվա ընթացքում այդ դիրքը հետ վերցրեցին: Արդյունքում՝ հակառակորդի հատուկ նշանակության ստորաբաժանումներն ունեցան 19 զոհ, մեր կողմից ունեցանք երկու վիրավոր»,-ասել է նա: Նկատենք, սակայն, որ ղարաբաղա-ադրբեջանական սահմանը հսկում են ԼՂՀ պաշտպանական բանակի զինվորները, որոնք ենթարկվում են ԼՂՀ ՊԲ-ին: Այնինչ իր հայտարարությամբ ՀՀ պաշտպանության նախարար Ս. Օհանյանը ցույց է տալիս, որ իրականում Հայաստանն է ղեկավարում առանձին հանրապետության` ԼՂՀ-ի զորքերը, եւ այս հայտարարությունն անում է մի մարդ, որը նախկինում ղեկավարել է ԼՂՀ ՊԲ-ն: Միգուցե իրականում ԼՂՀ ՊԲ-ն ՀՀ-ից է ղեկավարվում: Բայց այդ մասին, քաղաքական նպատակահարմարությունից ելնելով, երբեք պետական մակարդակով չի բարձրաձայնվել: Թե ինչպես է Օհանյանին հաջողվել նման հրամաններ «արձակել» ու ինչու այժմ որոշեց անկեղծանալ, «Ժողովուրդ»-ը փորձեց պարզել ազատամարտիկներից:

Գեներալ-մայոր, Արցախյան ազատամարտի հերոս, նախկինում ՀՀ պաշտպանության փոխնախարար ԱՐԿԱԴԻ ՏԵՐ-ԹԱԴԵՎՈՍՅԱՆ (Կոմանդոս)
-Պարո՛ն Տեր-Թադեւոսյան, ՀՀ պաշտպանության նախարարը նոր բացահայտում է արել՝ 2008թ. մարտի 4-ին ԼՂՀ-ում տեղի ունեցած իրադարձությունների հետ կապված: Նա հայտարարել է, որ ինքը ԼՂՀ ՊԲ նախարարին ռազմական առաջադրանքի հրահանգ է տվել: Դուք ինչպե՞ս եք վերաբերում այդ հայտարարությանը:
-Դուք ճիշտ հարց եք բարձրացրել, մենք ասում ենք, որ Արցախն անկախ հանրապետություն է, մենք ասում ենք, որ իրենք նախագահ ունեն, իրենք պաշտպանության նախարար ունեն, այսինքն՝ իրենք պետականորեն ամեն ինչ ունեն: Մենք ասում ենք, որ բոլոր հարցերը պետք է այնտեղ լուծվեն: ԼՂՀ բանակը մեր բանակի մի մասն է, բայց կարծես թե դա մենք գիտենք միայն մեզ համար: Դա գիտեն բոլորը, այդ փաստի մասին բոլորն են տեղեկացված: Ես կարծում եմ, որ Սեյրան Օհանյանը կարող էր նման հրաման տալ, բայց, իմ կարծիքով, դրա մասին պետք չէր ասել: Դա դիվանագիտություն է, կարծես մենք մեզ հակադարձում ենք, մենք այլ բան ենք ասում, բայց այլ բան ենք անում: Ես չեմ ասում, որ Ս. Օհանյանը չէր կարող նման հրաման տալ, բայց ուղղակի մի բան է հստակ, որ չպետք էր դրա մասին ասել: Այդ ամենի մասին շուտով Ադրբեջանը կիմանա, շուտով այնտեղի լրատվամիջոցները դրա մասին տեղեկություններ կտարածեն:
-Ըստ Ձեզ՝ այս հայտարարությունն ինչքանո՞վ է ազդելու ԼՂՀ հարցի հետագա զարգացումների վրա, հնարավոր համարո՞ւմ եք, որ լուրջ իրադարձություններ լինեն այս հայտարարությունից հետո:
-Ղարաբաղի ու Հայաստանի համար այդ վնասն արդեն կա, Ադրբեջանն ասում է, որ Ղարաբաղը Հայաստանի մի մասն է, ու ինչ այնտեղ կատարվում է, ամեն ինչում Հայաստանն է մեղավոր: Իրենք ասում են՝ մենք Ղարաբաղի հետ գործ չունենք, նման պետություն իրականում գոյություն չունի: Իսկ մենք ասում ենք, որ Ղարաբաղն անպայման պետք է մասնակցի բանակցություններին, որովհետեւ առանձին պետություն է: Ղարաբաղը, Հայաստանն ու Ադրբեջանը պետք է մասնակցեն այդ ամենին: Չի կարելի այդ հարցն այդպես դնել, որ դա գաղտնիք է: Բայց կարծում եմ՝ հրապարակել պետք չէ: Իրենց համար տեղեկություն իմանալը հեշտ է, լսում են, իմանում են, կարողանում են ինֆորմացիա իմանալ: Բայց այս հարցում Ձեզ հետ համաձայն եմ, որ պետք չէր հրապարակել այդ տեղեկատվությունը:

«Տիգրան Մեծ» աշխարհազորային գնդի հրամանատար, ազատամարտիկ ՍՄԲԱՏ ԱՅՎԱԶՅԱՆ
-Պարո՛ն Այվազյան, Ս. Օհանյանը երիտասարդների հետ հանդիպման ժամանակ մի բացահայտում է կատարել ու հայտարարել, որ ինքը 2008թ. հրաման է տվել ԼՂՀ ՊԲ նախարարին՝ նրան հորդորելով հետ վերցնել ադրբեջանցիների կողմից գրաված դիրքը: Ինչպե՞ս կմեկնաբանեք այդ հայտարարությունը:
-Անկեղծ ասած, չեմ ուզում Սեյրանին մեկնաբանել, նյութին ամբողջությամբ չեմ տիրապետում: Մի բան հստակ է, որ եթե ադրբեջանցին դիրք է գրավել, պետք էր պարտադիր հետ գրավել ու մի բան էլ ավել առաջ գնալ: Դա գաղտնիք չէ, իմ կարծիքը դա է, որ պետք էր առաջ գնալ: Ղարաբաղն էլ Հայաստանի 11-րդ մարզն է, ինձ համար որեւէ գաղտնի բան չկա, մի քիչ ավելի կարեւոր, քան մյուս մարզերը՝ ռազմավարական առումով: Այսքանը:

ՀՀ ՊՆ նախկին փոխնախարար ՄԻՔԱՅԵԼ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
-Պարո՛ն Հարությունյան, Ս. Օհանյանը հայտարարել է, որ ինքը 2008թ. հրաման է տվել ԼՂՀ ՊԲ նախարարին, որ Ադրբեջանի կողմից գրաված դիրքը հետ վերցնեն: Ի՞նչ կասեք՝ այդ հայտարարության հետ կապված:
-Իսկ ինչո՞ւ իրենից չեք հարցնում: Խնդրում եմ, որ այդ հարցը տաք իրեն: Ես չեմ պաշտպանության նախարարը:
-Դուք չեք, բայց Դուք կարող եք Ձեր տեսակետն ասել այդ հարցի շուրջ:
-Ես նորից եմ կրկնում՝ այդ հարցը տվե՛ք իրեն՝ պաշտպանության նախարարին, ինքն էլ կպատասխանի Ձեզ:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս