ԱՆՕՐԻՆԱԿԱՆ ՄԻԳՐԱՆՏՆԵՐԻՆ ՀԵՏ ԵՆ ՎԵՐԱԴԱՐՁՆՈՒՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բելգիայի Անտվերպեն քաղաքի «Նուարդ» մշակութային միության, Բելգիայի հայկական կազմակերպությունների համադաշնության նախագահ, տեղի «Լրագիր» ամսաթերթի հիմնադիր եւ գլխավոր խմբագիր Գեւորգ Մինասյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ այսօր Բելգիայում ոչ լեգալ ճանապարհով «հայտնված» հայերը խնդիրների առաջ են կանգնել:
-Պարո՛ն Մինասյան, այսօր տեղեկություններ են շրջանառվում, որ հայերն այժմ էլ լուրջ խնդիրներ ունեն Բելգիայում: Խնդրում եմ նշել, թե ինչ խնդիրների մասին է խոսքը:
-Մշտապես ասվել է, թե Բելգիայում ապրում է 800-1000 մարդ, այնուհետեւ նշվեց, որ կա մոտ 2000 հայ: Բելգիայում Հայաստանի դեսպանը բազմիցս հայտարարել է, որ Բելգիայում բնակվում է 5000 հայ: Բայց այժմ Բելգիայում ապրում է 35.000 հայ: Բելգիայում ապրող հայերը կարծես 3 խմբի բաժանված լինեն՝ հիմնականում Արեւմտյան Հայաստանի հետ կապվածներ, Մերձավոր Արեւելքի հետ կապվածներ եւ ՀՀ-ի ու ԽՍՀՄ մյուս հանրապետություններից եկածներ: Ահա մեծ խնդիրը, այս երեք խմբերն իրար հետ լեզու չեն գտնում: Բելգիան օրենքի երկիր է բոլորի համար, մի քանի ամիս առաջ թագաժառանգը խախտում էր կատարել, տուգանեցին, ու բոլոր թերթերը խայտառակեցին: Ե՛վ թագավորն է օրենքի առաջ հավասար, ե՛ւ փախստականը:
-Տեղեկություններ կան, որ այժմ հայերը սոցիալական լուրջ խնդրի առաջ են կանգնել, մարդիկ չեն կարողանում իրենց թոշակների հարցը լուծել: Ինչպե՞ս է լուծվում այդ խնդիրը:
-Սոցիալական խնդիր Բելգիայում չկա, եթե մարդը խելացի է, եթե մարդն օրինավոր ապրում է այդ երկրում, հարգում է օրենքները, ապա սոցիալական որեւէ խնդիր չի կարող լինել: Շատ ճկուն համակարգ է ստեղծված:
-Բայց այժմ Բելգիայում ապրող քաղաքացիները լուրջ խնդրի առաջ են կանգնել, միգրանտներին ստիպում են, որ լքեն Բելգիան:
-Ոչ թե միգրանտներին, այլ անլեգալ միգրանտներին: Ես մարդ գիտեմ, որ 12 տարի ճամբարում է ապրում, նա ո՛չ կեցության եւ ո՛չ էլ աշխատանքի իրավունք ունի: Անվճար տեղը տվել են, անվճար սնունդը կա, իրենց համար ապրում են: Այժմ օրենքը փոփոխվել է, երբ որ Եվրամիությունն անդրադարձավ միգրանտների հարցին, արդեն ցանկանում են անլեգալներին հետ վերադարձնել:
-ՌԴ-ի միգրանտներին փողոց են «քշում», իսկ ինչպե՞ս է իրավիճակը Բելգիայում:
-Ես մուրացիկ հայ չեմ տեսել, իրենք մնում են ճամբարներում: Իսկ այս խստացումից հետո մեկ-երկու ամսվա ընթացքում պետք է այդ հարցը լուծվի: Վերադարձնում են քո հայրենիքը:

ՍՈՆԱ ԳՐԻԳՈՐՅԱՆ




Լրահոս