ԵՐԿՈՒ ԱԽՊԵՐ ԵՆ, ԵՐԿՈՒՍՆ ԷԼ ՄԻ ԲՈՅԻ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սերժ Սարգսյանի համար ձեռնտու է, որ Ադրբեջանի նախագահի ընտրություններում հաղթի Իլհամ Ալիեւը: Այդ մասին նա հայտարարել է շաբաթ օրը` «Բազե 2013» ճամբարի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ:
«Հայաստանի համար եւ ոչ միայն Հայաստանի համար ժողովրդավարության ճանապարհով ընթացող հարեւաններն են ձեռնտու: Այստեղից էլ եզրակացություն, որ որպես հարեւան, հատկապես որպես բանակցային գործընկեր` մեզ միանշանակ ձեռնտու է ժողովրդավարական Ադրբեջանը,-հայտարարել է նա եւ հավելել,-բայց եթե այս հանգամանքը մի կողմ դնենք, հարցի պատասխանը հետեւյալն է` մեզ համար թերեւս ամենաձեռնտուն կլիներ, որ գործող նախագահ Իլհամ Ալիեւը հաղթեր: Մենք անկախ նրանից, որ դժվարին, բայց երկար բանակցային ճանապարհ ենք անցել: Եվ գրեթե ուրվագծվել է խնդրի լուծման ճանապարհը` գոնե Մինսկի խմբի համանախագահների առաջարկած սկզբունքները հրապարակավ ընդունվելը: Դրանց շուրջ արդեն չորս տարի է՝ ակտիվ բանակցություններ ենք վարում: Ճիշտ է, հիմա ես չէի ասի, որ բանակցային պրոցեսը շատ ակտիվ է ընթանում, բայց, այնուհանդերձ, բավական ճանապարհ ենք անցել, եւ եթե ընտրություններից հետո Իլհամ Ալիեւը կարողանա կամք դրսեւորել եւ վեր կանգնել հայատյացության իր այդ մոլուցքից, ես կարծում եմ` մեզ համար ամենաընդունելի եւ նախընտրելի տարբերակը դա է»:
Սերժ Սարգսյանի այս հայտարարությունը, թերեւս, բավական ուշագրավ փաստեր է բացահայտում: Այն, որ Հայաստանին ձեռնտու է ժողովրդավարական ճանապարհով ընթացող հարեւան ունենալը, հայտնի փաստ է եւ չի դիմանում որեւէ քննադատության: Համենայնդեպս, հազիվ թե գտնվի մեկը, որ փորձի պնդել հակառակը: Սակայն մյուս կողմից  Ս.Սարգսյանը Հայաստանի հարեւան պետության ղեկին նախընտրում է ոչ թե որեւէ ժողովրդավար թեկնածուի, այլ Իլհամ Ալիեւին, մարդու, որին երկու ամիս առաջ որակում էր «դասական բռնապետ»: «Շարժվելով դասական բռնապետության կանոններով` այդ երկրի իշխանությունները զբաղված են միայն սեփական ժողովրդին հայկական թշնամու կերպարի հրամցմամբ, գարշահոտ պատկերացումներ տարածելով մեր մասին»,-հունիսի 5-ի ԱԱԽ նիստի ժամանակ Ալիեւի հասցեին խոսքեր չէր խնայել Ս.Սարգսյանը` այդ երկրի իշխանությանը մեղադրելով կոռումպացվածության եւ զանազան այլ մեղքերի մեջ: Այնպես որ, առնվազն անտրամաբանական է, թե ինչու է Ս.Սարգսյանը մի կողմից խոսում է ժողովրդավարական հարեւան ունենալու կարեւորության մասին, մյուս կողմից անթաքույց համակրանք արտահայտում բռնապետ Ալիեւի նկատմամբ:
Ս.Սարգսյանը, իհարկե, մեկնաբանել է, թե ինչու է իրենց ձեռնտու, որ Ադրբեջանում նախագահ ընտրվի Ալիեւը: Ըստ նրա` դա պայմանավորված է ԼՂ խնդրով. «Գրեթե ուրվագծվել է խնդրի լուծման ճանապարհը` գոնե Մինսկի խմբի համանախագահների առաջարկած սկզբունքները հրապարակավ ընդունվելը»:
Հարկ է նկատել, որ այս հայտարարությամբ եւս Ս.Սարգսյանը հակասում է իրեն: Բանն այն է, որ այս տարիների ընթացքում ՀՀ իշխանության բարձրաստիճան ներկայացուցիչները, այդ թվում` Ս.Սարգսյանը, ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը եւ այլք, հայտարարել են, որ Ադրբեջանը տորպեդահարում է ԼՂ հակամարտության բանակցությունները` չհամաձայնելով խնդրի լուծման առաջարկված տարբերակներին, խեղաթյուրելով խնդրի բանակցային էությունը: Ընդ որում, վերջին հինգ տարիների ընթացքում դժվար է գտնել ԼՂ խնդրի մասին Ս.Սարգսյանի կամ Էդ. Նալբանդյանի որեւէ ելույթ կամ հարցազրույց, որտեղ նրանք այդ միտքը հնչեցրած չլինեն: Այնպես որ, հիմա հարց է առաջանում. ՀՀ իշխանությունները մինչ ա՞յս են ստել, թե՞ հիմա են ստում, Ադրբեջանը խեղաթյուրում է բանակցությունների էությունն ու տորպեդահարո՞ւմ խնդրի խաղաղ կարգավորման ընթացքը, թե՞ հրապարակավ ընդունել է ԵԱՀԿ ՄԽ համանախագահների առաջարկած սկզբունքները:
Թեեւ այս հարցադրումներն, ըստ էության, միգուցե եւ անիմաստ են, որովհետեւ ակնհայտ է` ինչպես Իլհամ Ալիեւը, այնպես էլ Սերժ Սարգսյանը ղարաբաղյան խնդիրը եւ բանակցությունները մշտապես օգտագործել ու օգտագործում են իրենց իշխանությունը պահելու համար: Ու դրա համար էլ երկուսին էլ ձեռնտու է դիմացինի ընտրությունը:
Հ.Գ. Ի դեպ, 2008թ. ՀՀ նախագահական ընտրություններում Ադրբեջանի իշխանամերձ քաղաքական շրջանակները պարբերաբար հայտարարություններ էին հնչեցնում, թե իրենց երկրի համար ձեռնտու թեկնածուն Սերժ Սարգսյանն է, այլ ոչ թե ընդդիմադիր Լեւոն Տեր-Պետրոսյանը, որի նախագահության օրոք իրենք տարածքային կորուստներ են ունեցել:

ԱՐՄԱՆ ԳԱԼՈՅԱՆ




Լրահոս