ՊԱՏԳԱՄԱՎՈՐԻ ՈՐԴՈՒ ՍԿԱՆԴԱԼԱՅԻՆ ԸՆԿԵՐՆԵՐԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

2013թ. մարտի 26-ին «Մոսկվիչկա» սուպերմարկետի դիմացից ոստիկանության աշխատակիցները, խուզարկելով «Hyundai sonata» մակնիշի 08 UU 800 համարանիշի եւ «Bently» մակնիշի 08 LL 800 համարանիշի ավտոմեքենաները, զենք էին հայտնաբերել եւ ձերբակալել երեք հոգու` վարորդներին եւ ուղեւորին: Նշված մեքենաները պատկանում են ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանի ընտանիքին: Եվ չնայած այս ամենին՝ ընտանիքի անդամներն այս պատմությունից «չոր» դուրս  եկան: Փոխարենը ապօրինի զենք-զինամթերք պահելու, կրելու համար պատժվեց պատգամավորի որդու թիկնապահը:
«Մոսկվիչկա» սուպերմարկետը պատկանում է Երեւանի նախկին ոստիկանապետ Ներսես Նազարյանի որդուն, իսկ դուստրն էլ նշանված է ԱԺ ԲՀԿ-ական պատգամավոր Աբրահամ Մանուկյանի` իրավապահների ուշադրության կենտրոնում հայտնված որդու` Արթուր Մանուկյանի հետ: Իսկ նշված մեքենաներն էլ պատկանում են պատգամավորի որդիներին. «Bently»-ն հաշվառված է Արթուր Մանուկյանի, «Hyundai sonata»-ն՝ Հակոբ Մանուկյանի անվամբ: Ավելին, «Bently»-ն սպասարկում է անձամբ Աբրահամ Մանուկյանին:
Միջադեպը տեղի էր ունեցել Երեւանի ավագանու ընտրությունների քարոզարշավի ժամանակ, երբ ԲՀԿ շտաբի պետն Ա. Մանուկյանն էր: Այն ժամանակ «Ժողովուրդ»-ի հետ զրույցում Մանուկյանն ասել էր, թե քաղաքական հետապնդում չի տեսնում. «Ո՛չ, ազնվորեն, քաղաքական հետապնդում չեմ տեսնում»: Ավելին, պատգամավորը նշել էր, որ իր տղաներն իրենց մեքենաները պարբերաբար տալիս են իրենց ընկերներին. «Ճիշտ է, մեքենաները մերն են, բայց իմ տղաներն այս պատմության հետ կապ չունեն: Մեր հարեւաններից մեկի տղան, որն իմ տղայի հետ նորմալ հարաբերությունների մեջ է, խնդրել է մեքենան, թե իբր ծանոթներից մեկը երեխա է ունեցել, գնանք, տուն տանենք: Այդ օրը մեզ ծանոթ այդ տղայի հետ են եղել երկու կամ երեք հոգի, որոնց ո՛չ ես, ո՛չ իմ տղաները բացարձակապես չենք ճանաչում, եւ այս ամենն իմ ընտանիքի հետ, կրկնում եմ, ոչ մի կապ չունի: Ես խոսել եմ իմ տղաների հետ: Տղաներս այդ երկուսին չեն ճանաչում, եւ միայն հարեւանի տղային գիտենք: Դե մենք էլ չենք զրուցել նրանց հետ, բացատրություն չենք պահանջել, քանի որ կալանավորված են»:
Ենթադրել կարելի է միայն, որ պատգամավորի «մոտ հարեւանը» Դավիթ Մկրտչյանն է` «Hyundai sonata»-ի վարորդը, որն այդ դեպքից հետո դատապարտվել է մեկ տարվա ազատազրկման:

ՈՏՔԻ՛, ԴԱՏԱՐԱՆՆ Է ԳԱԼԻՍ

Եվ այսպես, միջադեպից հետո ոստիկանությունում ՀՀ քր. օր.-ի 235-րդ հոդվածի 1-ին մասի հատկանիշներով հարուցվել էր քրեական գործ ապօրինի զենք-զինամթերք պահելու մեղադրանքով: Գործն ուղարկվել էր Երեւանի Կենտրոն եւ Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան:
Ըստ այդ գործի նյութերի` Դավիթ Մկրտչյանի, Վաչագան Սաֆարյանի ու Երվանդ Սարգսյանի նկատմամբ հարուցվել էր քրեական գործ ապօրինի կերպով հրազեն եւ ռազմամթերք ձեռք բերելու, պահելու եւ կրելու դեպքի առթիվ, եւ վերջիններս ձերբակալվել էին: Ավելի ուշ կասկածյալ Երվանդն ու Վաչագանն ազատ էին արձակվել, իսկ Դավիթին մեղադրանք էր առաջադրվել «այն բանի համար, որ նա 2013թ. մարտի 26-ին Երեւան քաղաքի Դավիթաշենի կամրջի տակից գտնելու եղանակով ապօրինի կերպով ձեռք է բերել գործարանային արտադրության, 7.65 մմ տրամաչափի, «CZ 27» մոդելի, «201707» համարի, ակոսափող հրազեն հանդիսացող ատրճանակ` պահունակում ռազմամթերք հանդիսացող 7.65 մմ տրամաչափի յոթ փամփուշտներով, արհեստագործական եղանակով պատրաստված 5.6 մմ տրամաչափի ակոսափող հրազեն հանդիսացող ատրճանակ, ինչպես նաեւ ռազմամթերք հանդիսացող 5.45 մմ տրամաչափի փամփուշտ, որից հետո ատրճանակներն ապօրինի կերպով կրել է իր մոտ, իսկ փամփուշտը ապօրինի կերպով պահել իրեն պատկանող Երեւան քաղաքի  իր  բնակարանում»: Այնուհետեւ տեղի էր ունեցել արագացված դատաքննություն, եւ դատավոր Արշակ Վարդանյանը Դ. Մկրտչյանին դատապարտել էր մեկ տարվա ազատազրկման:

ՆՈՐԻՑ ԲԱՑՎՈՒՄ Է
ԼՈՒՍԱԲԱՑԸ…

Կմտածեք, թե ամեն ինչ այսքանով ավարտվեց: Բայց ոչ: Դեպքից երեք ամիս անց` հուլիսի 14-ին, այս «աշխույժ» երիտասարդները կրկին հայտնվեցին ոստիկանների ուշադրության կենտրոնում: Համաձայն ոստիկանության պաշտոնական հաղորդագրության` հուլիսի 14-ին՝ ժամը 02:20-ի սահմաններում, ոստիկանություն բերման էին ենթարկվել երեք հոգի` Արթուր Մանուկյանը եւ նրա ընկերները` վերոհիշյալ գործով անցնող ու գործից չոր դուրս եկած Վաչագանն ու Երվանդը: Ավելին, ըստ ոստիկանության` Վաչագանն ու Երվանդն ուղարկվել են ՀՀ ԱՆ նարկոլոգիական դիսպանսեր՝ փորձաքննության, իսկ նշված ավտոմեքենաները տեղափոխվել են ՃՈ հատուկ պահպանվող տարածք: Ըստ lurer.com-ի՝ փորձաքննությունը երիտասարդների արյան մեջ թմրանյութերի առկայության վերաբերյալ դրական պատասխան է տվել:
«Ժողովուրդ»-ը փորձեց կատարվածի շուրջ պարզաբանում ստանալ Աբրահամ Մանուկյանից, սակայն մեր բազմաթիվ հեռախոսազանգերն այդպես էլ անպատասխան մնացին:

ՔՆԱՐ ՄԱՆՈՒԿՅԱՆ




Լրահոս