ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԸ ՓԱՍՏԱԲԱՆՆԵՐԻ ԴԵՄ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Սեպտեմբերի 14-ին տեղի կունենան ՀՀ փաստաբանների պալատի (ՓՊ) նախագահի ընտրությունները: Երեկվա դրությամբ առաջադրվել էր 3 թեկնածու` Տիգրան Աթանեսյանը, Աշոտ Թադեւոսյանը եւ ՀՀ փաստաբանների պալատի նախագահի տեղակալ Արա Զոհրաբյանը: Իսկ Կրոմվել Գրիգորյանը պատրաստվում է այսօր ներկայացնել առաջադրման վերաբերյալ իր փաստաթղթերը: Առաջադրման վերջնաժամկետը կավարտվի օգոստոսի 22-ին, որից հետո թեկնածուները կսկսեն իրենց քարոզչությունը:
Իսկ մինչ այդ Կրոմվել Գրիգորյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում դժգոհեց, թե ՓՊ-ում փաստաբանները տարանջատված են յուրայինների եւ օտարների: Ըստ նրա` արդեն 8 տարի շարունակ բոլոր գործուղումներին մասնակցում են միեւնույն մարդիկ, ավելի կոնկրետ՝ պալատի ներկայիս նախագահի` Ռուբեն Սահակյանի մտերիմները: Փաստաբանը նաեւ նշեց, որ պալատի ներկայիս նախագահն 8 տարի ներդրել է ցուցակներով ընտրվելու համակարգը: «Ընդամենը 3 ցուցակ է եղել, որտեղ խորհրդի անդամների 10 անուն է ներառված: Ու այդ ցուցակներում Փաստաբանների պալատի փոխնախագահ Արա Զոհրաբյանի անունը միշտ եղել է,-ասաց Կ. Գրիգորյանը` հավելելով,-առավելությունն ընդամենը այն է, որ ներկայիս նախագահը 7 տարի պահել է իր կողքին եւ այս տարիների ընթացքում փորձել աճեցնել իր իրավահաջորդին: Հիմա էլ պալատի նախագահը կարող է տարբեր պատճառներով ներկայացնել առավելությունները՝ փորձելով մարդկանց համոզել, որ ամենահարմար թեկնածուն նա է, որպեսզի նրա միջոցով շարունակի պալատը կառավարել»:
Կ. Գրիգորյանը նաեւ նշեց, որ իր հարաբերությունները պալատի ներկայիս նախագահի հետ այդքան էլ լավ չեն, եւ ցանկացած դեպք պալատի նախագահն օգտագործել է իրեն խանգարելու համար. «8 տարիների ընթացքում նա անհիմն բողոքների հիման վրա փորձել է  վարույթ հարուցել, տույժի ենթարկել ինձ: Նա ամեն կերպ փորձել է խոչընդոտել իմ փաստաբանական գործունեությունը»: Փաստաբանը տեղեկացրեց նաեւ, որ Ռուբեն Սահակյանը տույժի է ենթարկում նրանց, ովքեր չեն վճարում պալատի անդամավճարները: Հիշեցնենք, որ մարտին կայացած փաստաբանների խորհրդի ընտրություններին Կ. Գրիգորյանին չէր հաջողվել նույնիսկ խորհրդի անդամ դառնալ: Իսկ այս տարվա փետրվարին էլ նա դատական քաշքշուկների մեջ էր ՓՊ ղեկավարության հետ, ընդ որում շահել է հայցը:
Փաստաբանների պալատի փոխնախագահ Արա Զոհրաբյանը չցանկացավ պատասխանել որեւէ հարցի: «Փաստաբանների պալատի կանոնադրության համաձայն՝ ձեռնպահ կմնամ որեւէ հարցի պատասխանելուց»,-ասաց նա` հավելելով, որ հրաժարվել է խորհրդի անդամի եւ պալատի նախագահի տեղակալի պաշտոնից, որպեսզի հավասար պայմաններում մասնակցի ընտրություններին: Մինչդեռ Ռուբեն Սահակյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում նշեց, թե ինքն է առաջադրել Արա Զոհրաբյանին եւ նրան է տեսնում որպես իր իրավահաջորդ:
«Ժողովուրդ»-ը երեկ զրուցեց նաեւ թեկնածուներից Տիգրան Աթանեսյանի հետ: Վերջինիս խոսքով՝ Փաստաբանների պալատի կարեւորությունն այն է, որ պալատն օժտված է փաստաբանական ինստիտուտի եւ առհասարակ իրավական դաշտի զարգացման մի շարք հնարավորություններով: «Իսկ պալատի ներսում Փաստաբանների պալատի կարեւորությունն այն է, որ փաստաբանն իրեն կարող է պաշտպանված զգալ: Եթե Փաստաբանների պալատը փաստաբանների կողքին լինի, կօգնի ճիշտ կազմակերպել փաստաբանի աշխատանքն ու առօրյան»,-տեղեկացրեց թեկնածուն՝ հավելելով, որ ՓՊ դերակատարություններից մեկն էլ ոչ ազնիվ փաստաբաններից մարդկանց պաշտպանելն է: Պալատի ընտրությունների թերացումների վերաբերյալ Տ. Աթանեսյանն ասաց, որ մինչ այս պահը պալատի հաշվիչ հանձնաժողովը որեւէ դիրքորոշում չունի նախընտրական քարոզչության պաստառների վերաբերյալ:

ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄՈՒՐԱԴՅԱՆ




Լրահոս