Նոյեմբերյանի քաղաքապետարանի աշխատակազմից 8 հոգի հայտնվել է աշխատանքը կորցնելու վտանգի առաջ. բանն այն է, որ քաղաքապետարանում սպասվում է հաստիքների կրճատում:
Օգոստոսի 16-ին Նոյեմբերյանի ավագանու նիստում քննարկվել է Տավուշի մարզպետ Արմեն Ղուլարյանի` քաղաքապետ Վանուշ Ամիրաղյանին ուղղված գրությունը: Այդ գրության մեջ մարզպետը Նոյեմբերյանի քաղաքապետին հայտնում է. «Ի կատարումն 25.06.13թ. ՀՀ փոխվարչապետ, տարածքային կառավարման նախարարի մոտ կայացած խորհրդակցության Մ25/06 արձանագրության 2 կետի ա) ենթակետի հանձնարարականի՝ Ձեզ եմ տրամադրում ՀՀ տարածքային կառավարման նախարարության կողմից իրականացված վերլուծության արդյունքները (տեղեկանքը կցվում է) եւ առաջարկում քննարկել աշխատակազմի աշխատակիցների թվաքանակը ներկայացված օպտիմալ թվաքանակին համապատասխանեցնելու հարցը»:
Ավագանու նիստում Վանուշ Ամիրաղյանն ասաց, որ ըստ բնակչության թվաքանակի՝ ճշտված է համայնքապետարանների աշխատակազմի օպտիմալ թվաքանակ: Նոյեմբերյան քաղաքն ունի 5500 բնակիչ, որը համապատասխանում է 5001-10.000 բնակիչ ունեցող համայնքների ցանկին: Քաղաքապետի խոսքով՝ տվյալ ցանկի համայնքապետարանների օպտիմալ աշխատակազմը պետք է լինի 18 մարդ: «Այժմ քաղաքապետարանում ունենք 26 աշխատող: Հոկտեմբեր ամսին կայանալիք ավագանու նիստում մենք քաղաքապետարանի հաստիքացուցակը պետք է 8-ով պակաս հաստատենք»,-ասաց Վ. Ամիրաղյանը: Նա ընդգծեց, որ սա մեծ խնդիր է իրենց համար:
Նշենք, որ Նոյեմբերյան համայնքի ավագանին քաղաքապետարանի եւ դրա ենթակայությամբ գործող հիմնարկություններում կրճատումներ անելու հարցը քննարկել էր դեռեւս 2012թ. հոկտեմբերի նիստում եւ հավանություն տվել դրան: Վ. Ամիրաղյանը «Ժողովուրդ»-ի հետ զրույցում ասաց, որ հաջորդ տարեսկզբին կրճատումներ կարվեն նաեւ քաղաքապետարանի ենթակայության տակ գտնվող հիմնարկություններում՝ 2 գրադարաններում, գեղարվեստի դպրոցում եւ այլն: Ներկայումս Նոյեմբերյանի քաղաքապետարանում եւ դրա ենթակայության տակ գտնվող հիմնարկություններում կա 137 աշխատող, ինչը մեծ, ուռճացած թիվ է: Այստեղ աշխատողների թվաքանակի կրճատումն անհրաժեշտություն է:
Զարմանալի է, որ համայնքապետարանների աշխատողներին կրճատելու վերաբերյալ ցուցում տվող կառավարությունը շարունակում է ուռճացնել առանց այդ էլ մեծաթիվ կառավարման ապարատը՝ ստեղծելով նոր կոմիտեներ եւ այլն: Օրինակ` Տավուշի մարզպետն ունի 2 խորհրդական, 2 օգնական, 2 տեղակալ, Տավուշի մարզպետարանում աշխատում են բազմաթիվ վարչությունների պետեր, բաժինների վարիչներ, գլխավոր եւ առաջատար մասնագետներ: Թող որեւէ մեկն ասի, թե մարզպետ Արմեն Ղուլարյանի 2 խորհրդականները, ամսական 150 հազար դրամ աշխատավարձ ստանալով, ինչի վերաբերյալ են խորհուրդներ տալիս նրան կամ, ընդհանրապես, խորհուրդներ տալիս են, թե ոչ:
Տավուշ