Ապրիլի 29-ը Պարի միջազգային օրն է:
Թատրոնի միջազգային ինստիտուտի և Պարի միջազգային կոմիտեի նախաձեռնությամբ 1982 թվականից ի վեր ապրիլի 29-ը նշվում է որպես Պարի միջազգային օր ի պատիվ ժամանակակից բալետի հիմնադիր, ֆրանսիացի պարուսույց Ժան Ժորժ Նովերի ծննդյան օրվա (1727-1810թթ.):
1995 թվականից Պարի միջազգային օրը նշվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի բարձր հովանու ներքո: Տարիներ շարունակ աշխարհով մեկ սփռվող Պարի միջազգային օրվա ուղերձը հեղինակում է պարարվեստի որևէ ականավոր ներկայացուցիչ:
2011թ.-ին այդ պատիվը տրվել է բելգիացի պարուհի Ան Թերեզա Դը Կերսմեկերին, ով ապրիլի 27-ին այդ ուղերձն ընթերցելուց բացի, Փարիզում միաժամանակ հանդես է եկել մենապարով՝ ՅՈՒՆԵՍԿՕ-ի տանը: Իր խոսքում նա նշել է՝ «Ես կարծում եմ, որ պարը տոնակատարություն է, որը մեզ վերադարձնում է մարդկայինը:
Երբ մենք պարում ենք, բնականաբար, օգտագործում ենք մեր մարմնի ու զգացողությունների մեխանիզմները՝ ուրախություն, տխրություն և այլ զգացումներ: Կյանքի շրջադարձային իրադարձությունները տոնելու համար մարդիկ միշտ են պարել, և մեր մարմինները կրում են մարդկային փորձի ողջ հիշողությունների ծանրությունը:
Մենք կարող ենք պարել մենակ կամ միասին: Մենք կարող ենք կիսել այն, ինչը մեզ դարձնում է նման կամ տարբերակում իրարից: Ինձ համար պարել նշանակում է մտածել: Պարի միջոցով մենք կարող ենք մարմնավորել ամենավերացական մտքերը և բացահայտել այն, ինչը չենք կարող տեսնել կամ անվանել:
Պարը կամուրջ է մարդկանց միջև, կամուրջ երկրի ու երկնքի միջև: Մենք կրում ենք աշխարհը մեր մարմիններում: Եվ վերջին հաշվով ես կարծում եմ, որ պարի յուրաքանչյուր ակնթարթ հատված է մի պարից, որը չունի ոչ սկիզբ, ոչ ավարտ»: