ԱՐՎԵՍՏԻ ԳՈՐԾԵՐԸ` ԿՈՂՈՊՈՒՏԻ ԶՈՀ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Արվեստի գործերի կողոպուտն ու թալանը հանցագործությունների թվում աշխարհում գրավում են երրորդ տեղը զենքի եւ թմրադեղերի վաճառքից հետո: Բայց եթե զենքի կամ թմրանյութերի վաճառքը հաճախ բացահայտվում է, ապա արվեստի գործերի կողոպուտի բացահայտումը ընդամենը 10 տոկոս է: Այսօր միջազգային հետախուզման մեջ են աշխարհահռչակ շատ նկարիչների, այդ թվում` Պաբլո Պիկասոյի 500, Մարկ Շագալի՝ 250, Օգյուստ Ռենուարի՝ 200, Սալվադոր Դալիի՝ 100, Վինսենթ վան Գոգի՝ 50-ից ավելի գործեր:
Մշակութային արժեքների կողոպուտ տեղի է ունեցել նաեւ Հայաստանում: «Ժողովուրդ»-ի հետ զրույցում գրող, քրեագետ Սերգեյ Գալոյանը նշեց Մինաս Ավետիսյանի արվեստանոցի հրկիզումը, որը, ըստ նրա, հաջորդել էր կողոպուտին: «1972թ. հունվարի 2-ին այրվեց Մինասի արվեստանոցը: Արձանագրությունում ասված է, որ այնտեղ եղած 100 գործերն էլ այրվել են: Սակայն, իմ կարծիքով, այդտեղից եթե ոչ հարյուր, ապա շատ նկարներ են դուրս տարվել, որից հետո այրել են արվեստանոցը: Ոստիկանությունը հարցաքննել է նաեւ Մինասին, որն ընդամենը մեկ բացատրագրի տակ է ստորագրել՝ շեշտելով. «Իմ արվեստանոցի հրկիզման մեջ կասկածում եմ որոշ մարդկանց, սակայն չեմ կարող կոնկրետ անձի նշել»: Մինասը բավական խելոք մարդ էր ու «հրկիզել» եւ «հրդեհ» բառերն իրարից հաստատ տարբերում էր,-պատմեց նա` հավելելով,-ի դեպ, երբ ՆԳ նախարար դարձավ Վանո Սիրադեղյանը, խնդրեց նորից ստուգումներ կատարել, ու մասնագետները նշեցին, որ քննությունը շատ անփույթ է անցկացվել»:
Սերգեյ Գալոյանի խոսքով՝ շատ կտավներ անհետացել են նաեւ Ազգային պատկերասրահից: Երբ 1989-ի վերջին Շահեն Խաչատրյանին առաջարկել են ղեկավարել նաեւ Ազգային պատկերասրահը (նա աշխատում էր Մարտիրոս Սարյանի տուն-թանգարանում), նա պահպանվող բոլոր արժեքների ցուցակները համեմատել է եղածի հետ: Ստուգվել են ոչ միայն ցուցակագրված նկարները, այլեւ ֆոնդերում պահվողները, ու արձանագրվել է տասնյոթ կտավի պակաս՝ Այվազովսկի, Հակոբ Հովնաթան, Լեւիտան… Դրանից հետո անընդհատ ստուգումներ են կատարվել, եւ պարզվել է, որ 1995թ. կորել է Այվազովսկու՝ 1858թ. ստեղծված «Լուսնկա գիշեր հեծյալը» նկարը: «Կորուստը հայտնաբերելուց ընդամենը չորս ամիս անց պատկերասրահի տնօրեն Շահեն Խաչատրյանին իր մոտ է կանչել ՆԳ նախարար Վանո Սիրադեղյանն ու կորած նկարը դրել սեղանին. «Խնդրեմ, ձեր նկարը»։ Միայն ավելացրել է, որ հայտնաբերվել է Մոսկվայում։ Մինչ այդ՝ 1990թ., Այվազովսկու երկու գործ կորավ Ազգային պատկերասրահից: Պատկերասրահները երբեմն իրենց նկարներից հանձնում են որեւէ կազմակերպության, ու այդ նկարներից Այվազովսկու «Արարչագործություն»-ը գտնվում էր ԱՕԿՍ-ում, եւ պարզվեց, որ այն կտրել-տարել էին…»,-ասաց նա:
շարունակելի

Ռ. ԹԱԹՈՅԱՆ




Լրահոս