ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀԱՐՑ. Որդիս 2-րդ կարգի հաշմանդամ է, չի աշխատում: Ունի 3 անչափահաս երեխա: Ապրում են սոցիալական ծայրահեղ պայմաններում: Անցյալ տարի ֆինանսական խնդիրների պատճառով երեխան դպրոց չհաճախեց: Ապրում են վարձով Արտաշատում, բայց նա գրանցված է Ջերմուկում: Գրանցումը չի կարող փոխել, քանի որ զինկոմիսարիատում բնակարանային հերթ ունի: Գրանցման խնդրի համար նրան նպաստ չեն տալիս: Ստանում է ընդամենը 34.000 դրամ թոշակ: Ի՞նչ է հնարավոր անել, որպեսզի նպաստ ստանան:

Ռուստամ Դավթյան (ք. Ջերմուկ)


ՊԱՏԱՍԽԱՆ.
Համաձայն «Պետական նպաստների մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվ. 1-ին մասի՝ ընտանեկան նպաստ ստանալու համար ընտանիքի չափահաս անդամներից մեկը ընտանիքների անապահովության գնահատման համակարգում հաշվառվելու նպատակով ընտանիքի մյուս չափահաս անդամների համաձայնությամբ դիմում է փաստացի բնակության վայրի տարածքային մարմին՝ ներկայացնելով դիմում-հայտարարագիր, ընտանիքի անապահովության միավորը հաշվարկելու համար իր ընտանիքի յուրաքանչյուր անդամի եկամտի, ընտանիքի կազմի, բնակարանային պայմանների, ընտանիքի յուրաքանչյուր անդամի զբաղվածության, սոցիալական վիճակի եւ այլ պայմանների մասին հավաստի եւ ամբողջական տեղեկությունները հավաստող փաստաթղթեր:
Իսկ «Բնակչության պետական ռեգիստրի մասին» ՀՀ օրենքի 7-րդ հոդվ. 1-ին մասի համաձայն՝ ռեգիստրում ընդգրկվելու համար բնակիչը պարտավոր է սահմանված կարգով եւ ժամկետներում համապատասխան տեղական ռեգիստրին տրամադրել իր մշտական բնակության վայրի հասցեն: Մշտական բնակության վայրը փոխելիս անձը պարտավոր է 7-օրյա ժամկետում գրավոր տեղեկացնել այն համայնքի տեղական ռեգիստրին, որտեղ գտնվում է նրա նոր կացարանը: Բնակիչը կարող է հաշվառվել միայն մեկ կացարանում:

շարունակելի
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի
նախարարության սոցիալական աջակցության վարչություն

«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Պատասխանից կարծես թե չի հասկացվում, թե կոնկրետ ինչ կարող է անել ծայրահեղ վիճակում գտնվող ընտանիքը՝ դրությունը փոքր-ինչ բարելավելու համար: Եվ Հայաստանում նման վիճակում հայտնված ընտանիքների թիվը գնալով աճում է:




Լրահոս