ՀՀ ԳՄ նիստում քննարկվել են ներքաղաքական հարցեր: Այս մասին նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ մամուլի խոսնակ Էդուարդ Շարմազանովը:
Նրա խոսքով, Արցախի հարցով բանակցային գործընթացի վերսկսման համար անհրաժեշտ է երեք կարևոր քայլ, որոնց մասին նշել է նաև երկրի նախագահ Սերժ Սարգսյանը: Դրանք են` վստահության մեխանիզմների ներդրում, հասցեական հայտարարություններ, երաշխիքներ, որ Ադրբեջանը չի գնա նոր ագրեսիայի:
«Այս պահին բանակցային գործընթացի մասին խոսելը դեռ վաղ է: Մենք հարցի խաղաղ կարգավորման կողմնակից ենք, սակայն բանակցությունների սկսման համար այդ երեք քայլերն են կարևոր: Մեզ համար կարևորը Արցախի միջազգայնորեն ճանաչումն է», – ընդգծեց Շարմազանովը: