Armenian text to speach

Չեմ կարող բարուրից ընկած ջահելի պես խաղալ. Հարություն Մովսիսյան (ֆոտո)

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ
Armenian text to speach

Հայաստանի վաստակավոր արտիստ, «Կտոր մը երկինք», «Գիքորը», «Ճերմակ անուրջներ» եւ այլ ֆիլմերից, «Որոգայթ», «Ժառանգներ», «Եզրագծից այն կողմ» սերիալներից հայտնի դերասան Հարություն Մովսիսյանը նպատակ ունի հանդես գալ մոնո-ներկայացմամբ, հենց որ կարողանա ստեղծել դրա համար անհրաժեշտ ֆինանսական միջոցներ: Նա «Ժողովուրդ»-ի հետ զրույցում անդրադարձել է երիտասարդ անփորձ կադրերին ասպարեզում շատ տեղ տալու վտանգներին, խոսել է Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի նախկին փառքն ու պատիվը վերականգնելու անհրաժեշտության եւ այլ թեմաների շուրջ:
-Պարո՛ն Մովսիսյան, նոր ֆիլմերում, սերիալներում նկարահանվելու առաջարկներ ունե՞ք: Առաջիկայում Ձեզ որեւէ նախագծի շրջանակում կտեսնե՞նք:
-Առաջարկներ կան, բայց դրանք դեռեւս խոսակցություններ են, ոչինչ հստակ չէ: Ես դեռ պետք է ընդունեմ դրանք. չեմ կարող բարուրից ընկած հինգ ամսական ջահելի պես խաղալ: Դերասանությունն արվեստ է, նաեւ արհեստ, պետք է իմանաս` ինչ ես անում: Երիտասարդ, անփորձ կադրերին տեղ տալը, օրինակ, վտանգում է ազգի պատմությունն ու կեցվածքը, լավ չի: Նրանք նախ պետք է կարողանան հասնել այն մակարդակին, որ խաղան: Հիմա ով փող է ճարում, նկարվում է: Այսինքն` ոչ մի ակադեմիզմ, կրթություն չկա:

13084157_1109359655787600_677944928_n
-Ի՞նչ եք առաջարկում:
-Այն մարդկանց, որոնք ունեն կյանքի փորձ, մեծ ստաժ, պետք է բանի տեղ դնել: Նրանք գիտեն՝ ինչ են անում, իրենց ժողովրդի, ուսուցիչների հետեւորդներն են:
-Այսինքն` նկատի ունեք` երիտասարդ կադրերի շրջանում պրոֆեսիոնալիզմը պակասո՞ւմ է:
-Չէ, ես էդ ջահելներին բան չունեմ ասելու, նրանց առաջ մղողներն են, որոնք չեն մտածում, որ այդպես չի կարելի: Չի կարելի, օրինակ, միայն ջահելների մասին ֆիլմեր նկարել. ամեն տարիք իր պատմությունն ունի: Իսկ ծնողները, տարեցները մարդ չե՞ն, ո՞նց կարելի է շրջանցել այդ սերունդներին: Ես հիմա թշնամանք չեմ հայտնում, այլ իմ դժգոհությունը: Հաճախ իմ ոլորտի երիտասարդ կադրերի հետ զրուցում եմ, խորհուրդներ եմ տալիս, երբեմն էլ դրա կարիքը պարզապես չի լինում: Մի երկու դեր խաղալուց հետո ուժեղ դերասաններն արդեն երեւում են. սա ոգեւորող հանգամանք է: Նրանցից շատերը թատերական ինստիտուտից են գալիս. ուրեմն դպրոց են անցել: Բայց տաղանդավորները, հանճարները, օժտվածները շատ քիչ են, մի 2-3-4 հոգի: Ես ինձ անտաղանդ դերասանների մեջ եմ տեսնում: Ուղղակի մեկը չկա, ասի` մի՛ խաղա, ի՞նչ գործ ունես: Ընդհանրապես, ես գլուխգովաններին չեմ սիրում, բայց հիմա բոլորը հիմնականում գլուխգովան են: Իսկ, առհասարակ, իմ խոսացածի 30 տոկոսն անլուրջ է, 70 տոկոսն է լուրջ (ծիծաղում է):
-Պարո՛ն Մովսիսյան, մի ժամանակ մոնո-ներկայացմամբ հանդես գալու ցանկություն ունեիք: Դեռ նման ծրագրեր կա՞ն:
-Այո՛, նման ծրագիր եմ ուզում իրականացնել, որի ընթացքում կներկայանամ ասմունքով, երգով, մենախոսություններով: Իմ պատկերացմամբ` այն կարող է տեւել 1 ժամ 20 րոպե: Մինիմալ ֆինանսները որ ստեղծեմ, արդեն ինձ հերիք կլինի, որ նպատակս իրականացնեմ:

13084045_1109359652454267_305178164_n
-Վերջին շրջանում տարբեր մասնագետների կողմից շատ է խոսվում այն մասին, որ Գ. Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնը, որտեղ Դուք խաղում եք, ստեղծագործական առումով իրեն սպառել է: Դուք ի՞նչ կասեք այդ առնչությամբ:
-Նման բան չի կարող լինել: Չի կարելի նման բան ասել: Սունդուկյան թատրոնը պետք է ոտքի կանգնի, ոչ թե հուսահատվի: Մենք պետք է վերականգնենք այն, ինչ կորցրել ենք:
-Ի՞նչ եք կորցրել:
-Սունդուկյանի մեծ փառքն ու պատիվը, որը հիմա այն աստիճանի վրա չի, ինչպես ժամանակին էր: Դերասանական կազմը կա, ռեժիսորականը` կա: Վերանորոգման աշխատանքներն ավարտվեն, պետք է անցնել աշխատանքի:
-Հիմա Դուք Ձեզ ի՞նչ ֆիլմերում եք տեսնում, ինչպիսի՞ կերպարներում:
-Մեր աշխարհագրական դիրքը, պետականությունն այժմ վտանգված է, մեզ շրջապատում են սարսափելի թշնամի ազգեր, որոնք հայոց երկիրը վերցնելու նպատակ են դրել: Անընդհատ մտորումների մեջ ես, ո՞նց կարող ես ստեղծագործել: Իհարկե, հիմա տեղին կլիներ գնալ դեպի պատմական թեմաները: Լավ կլիներ` ֆիլմ նկարահանվեր, օրինակ` Տիգրան Մեծի մասին, «Մուսա լեռան քառասուն օրը» ստեղծագործության, «Ռանչպարների կանչը» վիպասքի հիման վրա, որը, իմ համոզմամբ, ֆանտաստիկ գործ է:

13090436_1109359659120933_148218288_n
-Արցախյան քառօրյա պատերազմից ինքներդ Ձեզ համար ի՞նչ եզրակացություններ արեցիք:
-Թշնամությունը մեր հարեւան պետությունների կողմից ակնառու է, շատ վառ կերպով է արտահայտվում: Այդ մենք է, որ բոլորին լավն ենք կամենում, ուզում ենք ընկերական կապեր պահել, հարեւանություն անել: Էդ եմ հասկացել:
-Մեզ ի՞նչ է մնում անել մեր երկրի ներսում` արտաքին եւ ներքին թշնամիների դեմ պայքարի ճանապարհին:
-Պետք է միասնական լինենք, ամեն ասպարեզի շնորհալի մարդուն պետք է տեղ տանք, առաջ մղենք, այդ դեպքում կարող ենք ուժեղ երկիր դառնալ, հակառակ դեպքում` կկորչենք: Եթե մենք կարողանանք մեր ուժերը ծառայեցնել մեր երկրին, ինչպես դա անում են հրեաները, որեւէ ազգ չի կարող մեզ հետ հաշվի չնստել: Մեզ մոտ շատերը երկրից ուղղակի փախչում են. սա պետք է կանգնեցնել: Մեր երկրի ջահելներին թեւեր են պետք: Նրանք որ իմացան` մեջք ունեն, ոտքները էս երկրից դուրս չեն հանի:
Աննա Բաբաջանյան




Լրահոս