Մարդիկ արդեն չեն տարբերում բարոյականությունն անբարոյականությունից. Հարություն Մովսիսյան

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ վաստակավոր արտիստ Հարություն Մովսիսյանը վստահ է, որ ամերիկահայ հեռուստաաստղ Քիմ Քարդաշյանի այցը Հայաստան միմիայն դրական կողմեր ունի: Դերասանը չի ընդունում քննադատությունները, որոնք հնչում են Քիմ Քարդաշյանի` Հայաստան ժամանելու շուրջ. «Քիմ Քարդաշյանը հանրահայտ տիկին է աշխարհով մեկ: Նա հասել է ինչ-որ բանի, ինչ-որ աստիճանի:

Այսօր աշխարհում տարբեր բիզնեսներ կան, որոնցից մեկի ներկայացուցիչն էլ Քիմ Քարդաշյանն է: Նա աշխարհում չի ընկալվում այնպես, ինչպես մեզ մոտ է ընկալվում: Նրան ընդունում են որպես ինչ-որ բանի հասած մարդու, որն ազգությամբ հայ է: Պարզապես Հայաստանի տեղը բոլորը կիմանան: Երկիր, որն ունի իր դարերի մշակույթը, ավանդույթները: Նրա այցելությունը դրական է»:

Armlur.am-ի հետ զրույցում Հարություն Մովսիսյանը նշեց, որ Քիմին քննադատողները, նախ պետք է վերլուծեն իրենց արարքներն ու քայլերը, հետո միայն անցնեն ուրիշներին քննադատելուն. «Մարդիկ արդեն չեն տարբերում բարոյականությունն անբարոյականությունից: Քննադատողները թող իրենց հետևեն` ինչ են անում իրենք, հետո միայն անցնեն Քիմ Քարդաշյանին:

Այնքան բաներ կան, որոնք պետք է անենք, բայց չենք անում: Նա հայուհի է, ով Մեծ եղեռնի կապակցությամբ ժամանել է Հայաստան: Նրա մասնագիտությունն էլ այնպիսին է, ինչպիսին կա: Հիմա նա մարմին է ցուցադրում, թե ինչ է անում, իր խնդիրն է: Նա երկրպագուների մեծ բանակ ունի, ինչը կարևոր հանգամանք է` մեզ համար մեծ նշանակություն ունեցող: Հիմա Հյուսիսային սառուցյալ օվկիանոսի սպիտակ արջն էլ գիտի Հայաստանի մասին: Նրա գալով ես շարժում եմ տեսնում, դա կարևոր է»,- շարունակեց մեր զրուցակիցը` միաժամանակ նշելով, որ Քարդաշյաններին մեր երկիր կանչելով` քաջ գիտակցել ենք, որ այդ իրադարձությունն իր դրական հետքը կթողնի Հայոց ցեղասպանության 100-ամյակին ընդառաջ. «Եկեք հիշենք, թե ինչպես Հոլիվուդում Շերոն Ստոունը «Դլե յաման»-ի տակ լաց եղավ: Ինչո՞ւ ուրիշների արածներն այդքան վատ չեն ընդունվում»,- ասաց Հ. Մովսիսյանը` հիշելով նաև աշխարհահռչակ դերասանուհի Մերիլ Ստրիպին, ով մշտապես բաց տեսարաններով է ներկայացել և համարվել պրոֆեսիոնալ դերասանուհի:




Լրահոս