Կրթության որակի բարձր նշաձող յուրաքանչյուր աշակերտի համար

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանն ընդունել է աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Մոսկվայի հանրակրթական ուսումնական հաստատությունների պատվիրակությանը՝ Մոսկվայի թիվ 967 կրթահամալիրի տնօրեն Արմինե Առաքելյանի գլխավորությամբ:

ՀՀ ԿԳ նախարարի տեղակալ Մանուկ Մկրտչյանի հետ հանդիպման ժամանակ հյուրերը ներկայացրել են այցի արդյուքները՝ շեշտելով, որ հիմնական նպատակը Երևանի և Մոսկվայի դպրոցների միջև հորիզոնական կապերի ամրապնդումն ու զարգացումն է: Նշելով, որ տպավորված են Հայաստանի դպրոցների արդյուքներով՝ ռուսաստանցի մանկավարժները վստահություն են հայտնել, որ հայ-ռուսական բազմավեկտոր հարաբերությունների հիմքում նախ և առաջ դրված են կրթամշակութային հարաբերությունները: Այս համատեքստում անդրադարձ է եղել հանրակրթության ոլորտում հայ-ռուսական համատեղ կրթական ծրագրերի իրագործմանը՝ կարևորելով ռուսաց լեզվի ուսուցման բարելավման և դասավանդող ուսուցիչների վերապատրաստման խնդիրները:

Հանդիպման ընթացքում քննարկվել են նաև Հայաստանում և Ռուսաստանում իրականցվող հանրակրթության ոլորտի բարեփոխումներին առնչվող հարցեր. “Հանրակրթության ոլորտում ուսումնական գործընթացի հետ կապված հիմնական խնդիրներն ընդհանրական բնույթ ունեն: Հայաստանի կրթության համակարգում մենք ունենք տպավորիչ արդյունքներ՝ միջազգային օլիմպիադաներից մեր դպրոցակաները մշտապես վերադառնում են մեդալներով: Սակայն մենք խնդիր ենք դնում բարձրացնել կրթության որակի նշաձողը, ոչ թե միայն լավագույն աշակերտների, այլ՝ յուրաքանչյուր աշակերտի համար”,- իր խոսքում նշել է Մ. Մկրտչյանը:
Ներկայացնելով Մոսկվայի հանրակրթության ոլորտի փոփոխությունները՝ հյուրերը նշել են, որ ՌԴ մայրաքաղաքում ընթանում է կրթական հաստատությունների խոշորացման գործընթաց՝ նախկինում գործող 4000-ից ավելի դպրոցներն այժմ վերակազմավորվել են մոտ 700 կրթահամալիրների, որոնք իրենց մեջ ներառում են հանրակրթության ամբողջական շղթան. սկսած մանկապարտեզից մինչև դպրոց և լրացուցիչ կրթություն / գեղարվեստական և սպորտային կրթություն/:

Նշենք, որ մանկավարժների պատվիրակությունն այցել էր Ծիծեռնակաբերդի հուշահամալիր, հանդիպումներ ունեցել Խ. Աբովյանի անվան հայկական պետական մանկավարժական համալսարանում, այցելել երևանյան դպրոցներ, պատմամշակութային վայրեր: Այցի շրջանակում ստորագրվել է համագործակցության պայմանագիր՝ Մոսկվայի թիվ 967 կրթահամալիրի և Երևանի Պուշկինի անվան թիվ 8 հիմնական դպրոցի, ինչպես նաև Ա. Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի միջև :
Հանդիպման ընթացքում նշվել է նաև, որ փոխադարձ այցերը լինելու են շարունակական, ամռանը Մոսկվա կմեկնի հայկական պատվիրակությունը:




Լրահոս