ԼՂՀ ՊԲ-ն այսօր հաղորդագրություն տարածեց այն մասին, որ չնայած մայիսի 1-ի լույս 2-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հիմնականում պահպանվել է կրակի դադարեցման պայմանավորվածությունը, բայցևայնպես, առաջնային գծի տարբեր ուղղություններում նկատվում է հակառակորդի զինուժի կուտակումներ ու ակտիվ տեղաշարժեր:
ԼՂՀ նախագահի մամուլի խոսնակ Դավիթ Բաբայանի գնահատմամբ՝ զինտեխնիկայի ամեն մի շարժ, երբ մեքենայով կամ մոտոցիկլետով այս կամ այն կողմ են գնում, մենք չպետք է սկսենք ցույց տալ որպես հարձակման փորձ: Դավիթ Բաբայանը չի շտապում առաջնագծում հակառակորդի զինուժի ակտիվ տեղաշարժերը և կուտակումները գնահատել որպես նոր հարձակման փորձ:
ՊԲ փոխանցմամբ՝ այս պահի դրությամբ հակամարտ զորքերի շփման գծում կրակի դադարեցման պայմանավորվածության խախտումներ գրեթե չկան: Իրադրությունն ամբողջությամբ գտնվում է ՊԲ առաջապահ ստորաբաժանումների աչալուրջ վերահսկողության տակ:
ՀՀ պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյան ArmLur.am-ի հետ զրույցում նկատեց, որ հակառակորդի զինուժի կուտակումներից ու ակտիվ տեղաշարժերից այս պահին վտանգ չկա: Միևնույն ժամանակ, Ա. Հովհաննիսյանը հորդորում է պատրաստ լինել:
Պետք չէ մոռանալ, որ այդ երևույթը կա, և անկանխատեսելի ու այս օրերին ավելի մեծ վախի մթնոլորտում հայտնված Ադրբեջանից ամեն բան կարելի է սպասել և կանխարգելել:
Ի դեպ, կուտակումների ու զորքերի տեղաշարժի մասին տեղեկությունը պաշտոնապես հաստատել է նաև ադրբեջանական կողմը: