Մեկնարկել են «Ուսանողական գավաթ» խաղերը՝ նվիրված անկախության 25-ամյակին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Ապրիլի 2-ին ամփոփվել է Հայաստանի Հանրապետության անկախության 25-ամյակին նվիրված «Ուսանողական գավաթ» մարզական խաղերի վոլեյբոլի աղջիկների առաջնությունը։ Խաղերում առաջին հորիզոնականը գրավել է Հայկական պետական մանկավարժական համալսարանի թիմը։ Երկրորդ տեղում են Բրյուսովի անվան լեզվահասարակագիտական համալսարանի աղջիկները, իսկ երրորդում՝ Հայաստանի պետական տնտեսագիտական համալսարանի թիմը։
Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան մրցանակ էր պատրաստել նաև լավագույն խաղացողին. այն շնորհվել է լեզվահասարակագիտական համալսարանի ուսանողուհի Անահիտ Եփրիկյանին։

ՀՀ վոլեյբոլի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Կարեն Ասմարյանը նկատում է, որ վոլեյբոլը բավականին տարածված մարզաձև է։ Մասնավորապես, անցած տարի ուսանողական առաջնություններում այս մարզաձևից կայացել է մոտ 100 խաղ։ Ըստ պարոն Ասմարյանի՝ սա ռեկորդային ցուցանիշ է Հայաստանի համար, ինչը խոսում է, որ երիտասարդությունը սիրում է վոլեյբոլ։ Նա նկատում է, որ տարբեր առաջնություններում մենք ունենք հաջողություններ, ու հույս հայտնում, որ ապագայում դրանք ավելի մասշտաբային կլինեն։ Նա հատկապես շեշտադրում է պատանեկան վոլեյբոլը, քանի որ դրանով է պայմանավորված մարզաձի զարգացումը։

Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի նախագահության անդամ, մարզական խաղերի պատասխանատու Հովհաննես Գաբրիելյանի տեղեկացմամբ՝ վոլեյբոլի աղջիկների առաջնությանը մասնակցում էր 8 թիմ։ Միջոցառումն իրականություն է դարձել ՀՀԿ երիտասարդական կազմակերպության և Հայաստանի ուսանողական մարզական ֆեդերացիայի շնորհիվ։ Ծրագրի իրականացմանն աջակցել է Հայաստանի վոլեյբոլի ֆեդերացիան։ Ըստ Հովհաննես Գաբրիելյանի՝ նման մրցաշարերը նպատակ ունեն մասսայականացնել սպորտը, ուսանողների շրջանում տարածել առողջ ապրելակերպը, նրանց սպորտային հաջողությունները շարունակական դարձնել։ Հովհաննես Գաբրիելյանի նկատում է, որ դպրոցն ավարտելուց հետո Հայաստանում ուսանողները քիչ են զբաղվում սպորտով, ֆիզկուլտուրայով, և նման խաղերը գալիս են լրացնելու այդ բացը։

ՀՀԿ երիտասարդական կազմակերպություն




Լրահոս