Եվրոպական երիտասարդական ֆորումի խորհրդի անդամները հանդիպել են Վիգեն Սարգսյանի հետ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Եվրոպական երիտասարդական ֆորումի խորհրդի անդամները հունիսի 11-ին հանդիպել են Հայաստանի Հանրապետության Նախագահի աշխատակազմի ղեկավար Վիգեն Սարգսյանի հետ։ Պարոն Սարգսյանը եվրոպացի երիտասարդների հետ զրույցում նկատել է, որ երիտասարդ սերունդը Հայաստանում շատ ակտիվ է, փորձում է գտնել իր դերը տարբեր բնագավառներում՝ հանրային, պետական, գործարար հատվածներում։ Ընդ որում, մեր երկրում բավականին մեծ թիվ են կազմում երիտասարդ մասնագետները տարբեր ոլորտներում, այդ թվում՝ պետական կառավարման համակարգում։

ՀՀ Նախագահի աշխատակազմի ղեկավարը եվրոպացի երիտասարդներին ներկայացրել է Հայաստանի անցած ուղին, քաղաքական, տնտեսական զարգացումները, Հայաստանի Հանրապետության արտաքին քաղաքական առաջնահերթությունները, հարաբերությունները հարևանների հետ և այլն։

Վիգեն Սարգսյանը նշել է, որ արժեքային համակարգի, զարգացման մոտեցումների, բարեփոխումների առումով Հայաստանը եվրոպական ընտանիքի մաս է։ Եվ դրա հիմքում ոչ թե քաղաքական մոտիվացիաներ են, այլ մի գործընթաց, որով մենք փորձում ենք գտնել լավագույն լուծումները տնտեսությունը զարգացնելու, պետականաշինության և այլ հարցերում։

Վիգեն Սարգսյանը, պատասխանելով հյուրերի հարցին, նշել է, որ Հայաստանում երիտասարդները մեծ հնարավորություններ ունեն՝ ցածր տոկոսադրույքներով բնակարաններ ձեռք բերելու, start up-ներ հիմնելու, կրթություն ստանալու առումով։ Որպես օրինակ բերեց Լույս հիմնադրամի գործունեությունը, որը սատարում է երիտասարդներին՝ ուսանելու աշխարհի լավագույն համալսարաններում։ Լույս հիմնադրամի շնորհիվ տարեկան բազմաթիվ հայ երիտասարդներ կրթություն են ստանում աշխարհի լավագույն համալսարաններում։

Նշենք, որ այս օրերին Եվրոպական երիտասարդական ֆորումի խորհրդի անդամները Երևանում անցկացնում են իրենց հավաքը, որը Հայաստանում կազմակերպել են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և Հայաստանի երիտասարդության ազգային խորհուրդը։

Հայաստանի երիտասարդական հիմնադրամի

հասարակայնության հետ կապերի ծառայություն




Լրահոս