ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ այսօր Գեղարքունիքի մարզի Նորատուս համայնքի մի խումբ բնակիչներ բողոքի ակցիա են կազմակերպել և փակել միջպետական ավտոճանապարհը: Բանն այն է, որ գյուղացիները չեն կարողանում արտահանել իրենց բուծած խեցգետինը և, ինչպես իրենք են մեկնաբանում, ՀՀ վարչապետ Հովիկ Աբրահամյանի ընտանիքի ստեղծած մենաշնորհի պատճառով:
ArmLur.am-ը հայտնել էր նաև, որ գյուղացիների հետ հանդիպման էր գնացել Գեղարքունիքի մարզպետ Ռաֆիկ Գրիգորյանը: Հանդիպումից հետո ճանապարհը բացել էին, և մարզպետի մոտ խորհրդակցություն էր տեղի ունեցել: Մեզ հետ զրույցում Գրիգորյանը հայտնեց, որ խնդիրներ են առաջացել խեցգետնի արտահանման հետ կապված, քանի որ նոր չափանիշներ են սահմանվել:
«Պայմանավորվածության արդյունքում ճանապարհը բացվեց, վարչապետի հանձնարարությամբ քննարկում տեղի ունեցավ աննդի անվտանգության ծառայության պետի աշխատակիցների հետ, պայմանավորվածություն ձեռք բերվեց հետագա անելիքների շուրջ»,- ընդգծեց նա` հավելելով, որ արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել համատեղ աշխատելու:
Հավելենք, որ մեր տեղեկություններով նոր չափորոշիչներ են մշակվել, որոնց համաձայն` խեցգետին արտահանողները կիլոգրաի դիմաց նախկին 250 դրամի փոխերն, պետք է վճարեն 1000 դրամ: