Նորատուսի միջադեպով ևս 4 ձկնորս է կալանավորվել․ նոր մանրամասներ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անցած տարի դեկտեմբերի 19-ին Սեւանա լճի Նորատուսի հատվածում ծառայություն իրականացնող ջրային պարեկների ու «Սեւան» ազգային պարկի աշխատակիցների հետ կռվի մեջ մտած նորատուսցիներից եւս 4 հոգի դատարանի որոշմամբ կալանավորվել է։ Տեղեկությունը ArmLur.am-ի հետ զրույցում հաստատեց ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Գոռ Աբրահամյանը։

«Նորատուսի դեպքով 4 անձանց նկատմամբ է քրեական հետապնդում հարուցվել, բոլորի վերաբերյալ էլ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու միջնորդություն է ներկայացվել, որոնք բավարարվել են դատարանի որոշմամբ»,-նշեց նա։

Հիշեցնենք, որ շաբաթ օրը հաղորդվել էր, որ 4 նորատուսցու նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել, նրանց մեղադրանք առաջադրվել։ Ըստ պաշտոնական հաղորդագրության՝ նրանք, հակառակ սիգի որսի արգելքի մասին պարեկների ու ազգային պարկի աշխակիցների զգուշացումների, սկսել են հայհոյանքներ և անպարկեշտ արտահայտություններ հնչեցնել, նախապես իրենց հետ վերցրած ջրով և դյուրավառ հեղուկներով լի շշերը, փայտերը, երկաթյա առարկաները, մուրճերը նետել են նավի վրա գտնվողների վրա։

Հիշեցնենք, որ դեկտեմբերին Սեւանա լճում սիգի ձվադրման ժամանակահատվածում աղմկահարույց միջադեպ տեղի ունեցավ ձկնորսության համար լիճ դուրս եկած նորատուսցիների եւ իրավապահների միջեւ։ Ձկնորսությունն իրենց միակ ապրուստի միջոց համարող նորատուսցիները, որ ոչ մի կերպ չէին հաշտվում ձուկ չորսալու իշխանությունների որոշման հետ, «ծովամարտի» դուրս եկան ջրային պարեկների հետ։ Այս միջադեպից հետո 26 ձկնորս ձերբակալվեց՝ ՀՀ քրեական օրենսգրքի 452-րդ հոդվածի 4-րդ մասի 2-րդ կետով նախատեսված հանցավոր արարքը կատարելու համար, նրանից մեկը՝ կալանավորվեց։




Լրահոս