Արսեն Բաբայա՞նն է հրահանգել analitik.am-ի տնօրենին պատգամավորներից գումար շորթել

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ն արդեն հայտնել է, որ մայիսի 2-ին ՀՀ Աժ պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ-ում հաղորդում է տվել, որ «analitik.am» լրատվական կայքի տնօրենը կայքում պարբերաբար իր անձի, ընտանիքի անդամների, ինչպես նաև իր` որպես ԱԺ պատգամավորի գործունեությանը վերաբերող սուտ տեղեկատվություններ, զրպարտություններ և վարկաբեկիչ այլ նյութեր հրապարակելու կապակցությամբ հանդիպումներ է ունեցել իր հետ, որոնց ընթացքում, անդրադառնալով կայքի նախկին հրապարակումներին, դրանք չդադարեցնելու և հետագայում նմանատիպ հոդվածներ հրապարակելու սպառնալիքով իրենից պահանջել է յուրաքանչյուր ամիս վճարել 300.000 դրամ:

Երեկ ոստիկանության ԿՀԴՊ ԳՎ կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչության ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ, ըստ նախնական պայմանավորվածության, ժամը 15-ի սահմաններում, Երևան քաղաքի Նալբանդյան փողոցում գործող սրճարաններից մեկում, շորթման առարկա հանդիսացող 300.000 դրամ գումարը վերցնելուց հետո փաստով կայքի տնօրենի օգնական, ինքը և մամուլի ակումբի ղեկավարը բռնվել և բերման է ենթարկվել ԿՀԴՊ ԳՎ: Հայտնաբերվել և բերման է ենթարկվել նաև կայքի տնօրենը: Նրանք ձերբակալված են: Կատարվում է քննություն:

ArmLur.am-ին հայտնի է դարձել, որ լրատվականի թիրախում միայն Տիգրան Ուրիխանյանը չի եղել: Մեր տեղեկություններով, ԱԺ ԲՀԿ խմբակցության ղեկավար Նաիրա Զոհրաբյանը ևս բախվել է խնդրին: Նա , ի դեպ, մեզ հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը:

ArmLur.am-ը խնդրի շուրջ զրուցեց մի քանի պատգամավորների հետ` հասկանալու համար` ինչ է կատարվում ԱԺ-ում: Մեր զրուցակիցները, որոնց անունները դեռևս չենք նշում, ասացին, որ analitik.am-ի հովանավորը ԱԺ հասարակայնության և տեղեկատվության միջոցների հետ կապերի վարչության պետ Արսեն Բաբայանն է: Վերջինս, ըստ մեր զրուցակիցների, ամեն երեկո` ժամը 20:00-ի սահմաններում, «Սեգաֆրեդո» սրճարանում հանդիպել է լրատվական կայքի տնօրենի հետ, նրան ցուցմուներ, հրահանգներ է տվել` ինչ և ում մասին գրել: Արդյունքում, մի քանի պատգամավորներ, անգամ, ստիպված են եղել, Ա. Բաբայանից պարզաբանումներ ստանալ: Ավելի ուշ Բաբայանն իր վերադասից նկատողություն է ստացել:

 

Բաբայանը, սակայն, ArmLur.am-ի հետ զրույցում հերքեց այս տեղեկությունը` ասելով, թե ինքը երբևէ նման ստոր գործունեությամբ չի զբաղվել և չի զբաղվում. «Այդ պատգաավորներին (Բաբայանի մասին տեղեկությունը մեզ փոխանցած, խմբ.) ասեք, որ բամբասելը ստորություն է: Եվ, գուցե, նման գործունեություն ծավալելն իրենց ձեռագիրն է»,- հավելեց մեր զրուցակիցը:

Դե ինչ, սպասենք` տեսնենք…

Տաթև Հարությունյան




Լրահոս