Կան ծրագրեր, որոնք հակամարտող կողմերի համար ձեռնտու կլինեն. ՌԴ Դաշնային խորհրդի անդամ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

ArmLur.am-ի զրուցակիցն է ՌԴ Դաշնային խորհրդի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահի տեղակալ Անդրեյ Կլիմովը:

– Պարո՛ն Կլիմով, ադրբեջանական կողմը ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում  տեխնիկայի տեղաշարժ է սկսել: Ըստ Ձեզ` ռազմական գործողությունների վերսկսումը հնարավո՞ր է:

– Ինձ համար դժվար է ասել` ռազմական գործողությունների վերսկսումը հնարավոր է, թե ոչ: Այնտեղ կան մարդիկ, կազմակերպություններ և անհատներ, որոնք ցանկանում են օգտվել քաղաքական լարվածությունից և իրենց շահերն առաջ տանել:

– Ո՞ւմ նկատի ունեք…

– Ես կարծում եմ, որ և՛ Հայաստանում, և՛ Ադրբեջանում, և՛ այս հարցի հետ կապ ունեցող երկրներում կան մարդիկ, ում այս կամ այն պատճառներից ելնելով ձեռնտու է լարվածությունը, որը, ցավոք սրտի, հաճախ ավարտվում է արյունահեղությամբ: Կան մարդիկ, ում անհրաժեշտ է Թուրքիայի հետ միասին ինչ-որ գործողություններ անել, բլից-կրիգ իրականացնել:

-Իսկ ի՞նչ շահագրգռվածություն ունի այստեղ Ռուսաստանը:

– Ռուսաստանը հետաքրքրված է Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորմամբ, քանի որ Ռուսաստանը ցանկանում է ռազմավարական առումով լավ հարաբերություններ պահպանել նախկին ԽՍՀՄ տարածքի բոլոր երկրների, այդ թվում` Հայաստանի և Ադրբեջանի հետ: Սակայն Ռուսաստանը շատ լավ հասկանում է, որ Հայաստանը, օրինակ, համարվում է ԵՏՄ և ՀԱՊԿ անդամ և, այդ կերպ, մենք ունենք պայմանագրային պարտականություններ Հայաստանի հանդեպ ավելի շատ, քան Ադրբեջանի: Իհարկե, դա չի նշանակում, որ մենք պետք է Բաքվից շրջվենք Երևանի կողմ, դա նշանակում է, որ Ռուսաստանն ամենից քիչ է ցանկանում ճգնաժամային իրավիճակների սրացումը: Մենք, միանշանակ, կողմ ենք, որ այս կոնֆլիկտը լուծվի երկկողմանի համաձայնությամբ, և այդպիսի մեխանիզմներ կան:

-Արդյոք այս ընթացքում Ռուսաստանը կատարե՞ց իր դաշնակցային պարտականությունները:

– Իմ կարծիքով` այո: Չնայած դա այնքան էլ հեշտ չէ անել, քանի որ կոնֆլիկտի յուրաքանչյուր կողմ մի փոքր այլ աչքերով է նայում աշխարհին, քան մենք` Մոսկվայում: Երկու կողմերից էլ եղել են մարդիկ, որ ինձ մեղադրել են իրենց չպաշտպանելու մեջ: Օրինակ, վերջերս իմ հայ ծանոթներն ինձ մեղադրեցին մեր պարտականությունների թերացման մեջ, միևնույն ժամանակ, իմ ադրբեջանցի ծանոթները նույնպես մեղադրեցին մեզ, որ մենք ինչ-որ բան այն չենք անում: Ես ՌԴ արտաքին գործերի նախարարի մոտ մասնակցել եմ ԼՂՀ թեմայով քննարկումներին, և նա  բացատրել է իրավիճակը, ու հիմնավոր կերպով կարող եմ ասել, որ վերջին լարվածության ժամանակ Ռուսաստանն արեց մաքսիմումը, որը հնարավոր էր այդպիսի իրավիճակում, որպեսզի իրավիճակը էլ ավելի չսրվի: Ես կարծում եմ, որ իրավիճակի միակ ելքն այն տարբերակներն են, որոնց շուրջ ՌԴ նախագահը պարբերաբար քննարկումներ է ունենում Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների հետ:

-Իսկ ի՞նչ եք կարծում` այս իրավիճակում ճի՞շտ կլինի Հայաստանի կողմից ԼՂՀ ճանաչումը:

-Ես չեմ կարող խոսել Ձեր երկրի ղեկավարների փոխարեն, քանի որ այդպիսի որոշումներ կայացնելը այս կամ այն երկրի ղեկավարների իրավունքն է: Սակայն ես չեմ կարծում, որ տվյալ պարագայում դա հարցի լուծման վրա ինչ-որ դրական ազդեցություն կունենա` ո՛չ քաղաքականապես, ո՛չ ռազմական առումներով: Իմ կարծիքով այդ որոշումը ոչ մի լավ բանի չի հանգեցնի:

-Այժմ բանակցությունների վերսկսման կամ հարցի կարգավորման համար նախադրյալներ տեսնո՞ւմ եք:

-Կարծում եմ` նման նախադրյալներ կան: Ես չեմ կարող մանրամասների մեջ խորանալ, սակայն հաստատապես գիտեմ, որ կան ծրագրեր, որոնք, իմ կարծիքով, երկու կողմերի համար էլ ձեռնտու կլինեն: Այդ կարգի կոնֆլիկտները, ցավոք, արագ լուծումներ չեն ունենում:  Սակայն ես կարծում եմ, որ ղարաբաղյան կոնֆլիկտը կգտնի իր լուծումը:

զրուցեց Նաիրա Հովհաննիսյանը




Լրահոս