ՀԵՆՐԻԿ ՔՈՉԻՆՅԱՆԻ ՉԽԱՄՐՈՂ ԱՍՏՂԸ

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Անկախ Հայաստանի առաջին եւ երկրորդ սերնդի գործիչներից շատերն արդեն հեռացել են ասպարեզից, մոռացության մատնվել: Բայց Հենրիկ Քոչինյանը` Ջումշուդիչը, այն բացառիկ գործիչներից եղավ, որ արդեն 21 տարի իշխանության մեջ է` հայտնվելով ամենատարբեր պաշտոններում եւ միշտ լինելով թամբի վրա: Իհարկե, երբեմն-երբեմն հողը սահել է նրա ոտքերի տակից, բայց իր մեծ հայրենակից Անաստաս Միկոյանի նման նա կարողացել է ելք գտնել բոլոր վատ դրություններից եւ ավելացնել իր ֆինանսական եւ նյութական կապիտալը, որը հիմնականում կուտակված է ծննդավայր Լոռիում:1966 թվականին արծաթե մեդալով ավարտելով հայրենի Շնող գյուղի դպրոցը` Հենրիկ Քոչինյանն ընդունվեց եւ 1971-ին ավարտեց Մարքսի անվան պոլիտեխնիկական ինստիտուտը` ստանալով ճարտարագետ-մեխանիկի մասնագիտություն: Հենց ավարտելու տարում էլ աշխատանքի ընդունվեց ՀՍՍՀ ավտոմոբիլային տրանսպորտի մինիստրության կոնստրուկտորական-տեխնոլոգիական բյուրոյում` այստեղ զբաղեցնելով կոնստրուկտորի, առաջատար կոնստրուկտորի, ապա առաջատար ճարտարագետի պաշտոնները: Սովետական բանակում ծառայելու մասին Հենրիկ Քոչինյանը չմտածեց, այլ պաշտպանեց թեկնածուական ատենախոսությունն ու 1974 թ-ից աշխատանքի անցավ պոլիտեխնիկական ինստիտուտում` սկզբում որպես ասիստենտ, հետո արդեն դոցենտ, դեկանի տեղակալ: 1990-ին նա դարձավ Վազգեն Մանուկյանի ձեւավորած կառավարության տրանսպորտի եւ հաղորդակցության առաջին նախարարը` այդ պաշտոնը զբաղեցնելով  մինչեւ 1998 թվականը: Հենրիկ Քոչինյանն այս շրջանում աչքի ընկավ զարմանալի աշխատասիրությամբ եւ բացառիկ հնարամտությամբ. ղեկավարելով նախարարությունը պատերազմի ու սոցիալական ձեւախեղումների ամենաբարդ ժամանակաշրջանում` 1990-95 թվականներին նա միաժամանակ պոլիտեխնիկական ինստիտուտի ավտոմոբիլային ամբիոնի վարիչն էր: Իսկապես, «հրաշագործ» էր պետք լինել ուսումնական բարդագույն կառույցի ղեկավարումը նախարարի պաշտոնի հետ համատեղելու համար: Բայց եթե հիշենք, թե այդ տարիներին տվյալ ամբիոնն ինչ դեր ու նշանակություն ուներ, մեզ համար ամեն ինչ պարզ կլինի:Իր պաշտոնավարման ութ տարիների ընթացքում Հենրիկ Քոչինյանը հասցրեց գրեթե կազմաքանդել պետական ուղեւորափոխադրումը, ձեւավորել «գծերի տիրապետման» քաղաքականությունը, փոշիացնել նախարարության ենթակայության տակ գտնվող բոլոր ավտոպարկերը: Այդ տարիներին ոչ մի ճանապարհ չկառուցվեց Հայաստանում: Դրա փոխարեն նախարարության ենթակայության տակ գտնվող «Հայտրանս» հզոր ձեռնարկությունը մաս-մաս արվեց:Ռոբերտ Քոչարյանի` իշխանության գալուց հետո` 1998-ի դեկտեմբերին, Հենրիկ Քոչինյանը ստանձնեց Լոռու մարզպետի պաշտոնը` միաժամանակ լինելով Վանաձորի մանկավարժական ինստիտուտի պրոֆեսոր: Նոր մարզպետի առաջնային խնդիրներից մեկը եղավ յուրայիններին համայնքապետեր դարձնելը. նրա հրահանգներով իրականացվեցին ՏԻՄ ընտրությունները` Վանաձորում քաղաքապետ դարձնելով Սամվել Դարբինյանին, մյուս համայնքներում եւս իշխանություն տրվեց մարզպետի մտերիմներին: Կարճ ժամանակ անց ղեկավարները փոխվեցին նաեւ այնպիսի մեծ համայնքներում, ինչպիսիք էին Ալավերդին, Ստեփանավանը, Օձունը, Տաշիրը, Մեծավանը եւ այլն: Համայնքապետ դարձավ նաեւ մարզպետի հարազատ եղբայրը` Հայկազ Քոչինյանը, որին նա շուտով դարձրեց ԱԺ պատգամավոր: Ալավերդու քաղաքապետի ընտրության ժամանակ, երբ թեկնածուներից մեկը ՀՀԿ-ական Էդվարդ Շարմազանովն էր, Հենրիկ Քոչինյանը, ի հեճուկս կուսակիցների, հրապարակավ պաշտպանեց էլցանցի տնօրեն Արթուր Նալբանդյանին` ձեւավորելով լուրջ հակամարտություն իր եւ ՀՀԿ երիտասարդական թեւի առաջնորդ Արմեն Աշոտյանի միջեւ: Երեւանի ժամացույցի գործարանի մոտ  ունենալով շքեղ բնակարան`  Քոչինյանը Լոռու մարզում կառուցեց էլ ավելի շքեղ  առանձնատուն: Նա իր մասնաբաժինը հաստատեց  մարզի բոլոր կենսական նշանակություն ունեցող ոլորտներում: Քոչինյանի օրոք մարզի մշակույթը մեծ «զարթոնք» ապրեց. մարզպետն իր մասնակցությունն էր բերում բոլոր միջոցառումներին` այսպես նաեւ ծանոթանալով մարզի կադրերին: Շուտով նա սկսեց դպրոցների տնօրենների «վերադասավորումը»` տնօրեններ կարգելով իր համար ընդունելի մարդկանց, որոնցից մի մասի հետ արյունակցական, խնամիական կամ քավոր-սանիկային կապեր ուներ: Այսպես, Վանաձորի ամենանշանավոր թիվ 1 դպրոցի տնօրեն կարգեց «Կանակա» ֆիրմայի սեփականատիրոջ քրոջը` Գայանե Հովիվյանին, որովհետեւ սերտ էին քավորական կապերը: Քոչինյանի պաշտոնավարման շրջանում քիմգործարանի աշխատողները հացադուլ հայտարարեցին այն բանի համար, որ նրանց աշխատավարձերը փոշիացվել էին. 2002-2004 թվականների աշխատավարձերը չէին տրվել: Մարզպետն, իհարկե, արդարացավ, թե ամսեամիս կատարվում են վճարումներ, սակայն այդպես էլ շատերն իրենց գումարները չստացան: Բողոքի ալիք բարձրացավ նաեւ Վանաձորի թիվ 25, թիվ 30 եւ Մարգահովտի դպրոցներում, որովհետեւ փոշիացվել էր 15-40 միլիոն դրամ, որը նախատեսված էր դպրոցների եւ գյուղական կենցաղի տան հիմնանորոգման համար: Այս դպրոցների տնօրեններն ու Մարգահովտի գյուղապետը չստորագրեցին ակտի տակ, ինչի պատճառով էլ արժանացան մարզպետի «զայրույթին»: Բնականաբար, Քոչինյանի ուշադրությունից դուրս չէր կարող մնալ այնպիսի եկամտաբեր ոլորտը, ինչպիսին անտառն էր: Նրա պաշտոնավարման օրոք ապօրինի անտառահատումների գործընթացը վերահսկում էր սեփական  եղբայրը` Հովհաննես Քոչինյանը, որը,  մասնագիտությամբ պատմաբան լինելով,  նշանակվել էր «Հայանտառ»-ի Ջիլիզայի անտառտնտեսության տնօրեն: Իսկ «Լալվար» անտառտնտեսության տնօրենն էլ Քոչինյանի  աներձագ Կոլյա Շահնազարյանն էր: Ժամանակին մեծ աղմուկ հանեց մի գործ, որը մեծ դժվարությամբ հաջողվեց պարտակել. Նոր տարվա սեղանին այծյամ ունենալու համար Հենրիկ Քոչինյանը պարտադրել էր որսորդներին իր տուն հասցնել Կարմիր գրքում գրանցված այծյամի միս: Որսորդներից մեկը զոհվեց որսի ժամանակ, իսկ Հենրիկ Քոչինյանն անգամ չկամեցավ օգնել զոհվածի ընտանիքին, նույնիսկ  ցավակցություն չհայտնեց:2006-ին Հենրիկ Քոչինյանի անվան շուրջ ծայր առան խոսակցություններ, նրան սկսեցին անվստահաբար վերաբերվել ինչպես կառավարությունում, այնպես էլ Հանրապետական կուսակցությունում, որի մարզային կառույցի ղեկավարն էր: Նրա պաշտոնանկությունը կապվեց ինչ-ինչ կուսակցական դավաճանության հետ. Հենրիկ Քոչինյանը մամուլում հայտարարեց, որ ինքն անմեղ էր, որ իրեն ամբաստանել ու զրպարտել էին: Խոսակցություններ էին պտտվում այն  մասին, որ վարչապետի մտերիմներից մեկը համարվող Վազգեն Խաչիկյանն էր «փորել»  Քոչինյանի  տակ` իր տեղակալ ու մտերիմ Արամ Քոչարյանին Լոռու մարզպետ դարձնելու համար: Երբ Ջումշուդիչը պաշտոնանկ արվեց, նրա կողքին մնաց միայն նույն ինստիտուտի ռեկտոր Գուրգեն Խաչատրյանը` չդավաճանելով այն մարդուն, որն իրեն ռեկտորություն էր նվիրել:Մի կարճ շրջան «երիտասարդ թոշակառուի» կարգավիճակում լինելուց հետո Հենրիկ Քոչինյանը հայտնվեց Վանաձորի հարկային տեսչության պետի պաշտոնում: Սա, իհարկե, անկում էր ՀՀ տրանսպորտի առաջին նախարարի համար, սակայն նրան անհրաժեշտ էր «ռեաբիլիտացիա», թեկուզ այդ կարգավիճակով: Վերջերս Հենրիկ Քոչինյանը նոր պաշտոն է ստացել` «Հայավտո» միավորման տնօրեն, իսկ  օրերս էլ  նորից ընտրվել է  Վանաձորի Հ. Թումանյանի անվան մանկավարժական ինստիտուտի կառավարման խորհրդի նախագահ: Նշանակում է` ընտրությունների նախօրյակին ՀՀԿ-ն  զգացել է փորձված չինովնիկի ու ընտրական գործընթացների «հմուտ վարպետի» անհրաժեշտությունը: Ի դեպ, նրա նոր նշանակումը համընկավ Վազգեն Խաչիկյանի շուրջ ձեւավորված սկանդալային պատմությունների եւ պաշտոնանկության հետ: ՆԱՐԵԿ ԼԵՎՈՆՅԱՆ




Լրահոս