Ագրարային համալսարանի կարևոր ձեռքբերումը միջազգային հավատարմագրման գործընթացում

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Հայաստանի ազգային ագրարային համալսարանը 1999 թվականից Գերմանիայի Դաշնության Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսա­րա­նի հետ նախ միջհամալսարանական, այնուհետև միջպետական (2002 թվականից) համագործակցության պայմանագրերի շրջանակներում իրականացնում է համատեղ մագիստրոսական կրթական ծրագիր՝ «Ագրարային մենեջմենթ» («Ագրարային էկոնոմիկա և կառավարում») մասնագիտության գծով: Ծրագրի շրջանակներում յուրաքանչյուր տարի համալսարանի շուրջ 10 մագիստրանտ մեկ կիսամյակ արտադրական պրակտիկա են անցնում Գերմանիայի Դաշնության Բավարական մարզի ագրոպարենային համակարգի ամենատարբեր ընկերություն­ներում ու ֆերմերային տնտեսություններում: Նրանց գրեթե կեսը մրցութային կարգով ընտրվում և ուսումը շարունակում են գործընկեր համալսարանում, մյուսները վերադառնում են Երևան՝ ուսումը շարունակելու տեղում:

2013 թվականին Վայհենշտեֆան-Թրիսդորֆի համալսարանի նշված մագիստրոսա­կան միջազգային ծրագրի լավագույն գործընկեր համալսարաններ են ճանաչվել Հայաստանի ազգային ագրարային համալսարանը և Ուկրաինայի Սումիի համալսարանը: Նշված համալսարաններում «Ագրարային մենեջմենթ» կրթական ծրագրով ուսուցումը 2011 թվականից կազմակերպվում է նաև գերմաներեն լեզվով: Անցած 17 տարիների ընթացքում համատեղ մագիստրոսական ծրագիրն ավարտել են շուրջ 150 մագիստրոսներ: Եվ առանց բացառության բոլորն էլ այսօր աշխատում են՝ հիմնականում հանրապետության և արտերկրի ինչպես պետական, այնպես էլ մասնա­վոր կազմակերպություններում ու ընկերություններում, նաև Վայհենշտեֆան-Թրիսդորֆի և Հայաստանի ազգային ագրարային համալսարաններում: Հաշվի առնելով ծրագրի հաջող իրականացումը՝ երկու տարի առաջ սկսվեց Վայհենշտեֆանի կիրառական գիտությունների համալսարանի և համագործակցող համալ­սարան­ների՝ այդ թվում նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի, միջև մագիստրոսական ծրագրի համատեղ հավատարմագրման գործընթացը: Հավա­տարմագրման նախնական բոլոր փուլերն ավարտվել են հաջողությամբ: Սույն թվականի ապրիլի 25-ից 27-ը Վայհենշտեֆանի համալսարանում Գերմանիայի Դաշնության՝ կրթության որակի վերահսկման և հավատարմագրման ինստիտուտի (ACQUIN) փորձագիտական խումբը, որում ընդգրկված են Եվրոպական 9 առաջատար համալսարանների ներկայացուցիչներ, կազմակերպել է հավատարմագրման ավարտական փուլի քննարկում, որին մասնակցում է նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր, գիտության վաստակավոր գործիչ, ՀՀ ԳԱԱ իսկական անդամ Ա. Թարվերդյանը: Հաձնաժողովի՝ ապրիլի 26-ի նիստը սկսվեց Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Ագրարային մենեջմենթ» մագիստրոսական ծրագրի հավատարմագրման գործընթացի քննարկմամբ: Ռեկտոր Ա. Թարվերդյանը համառոտ ներկայացրեց համալսարանը, ապա անդրադարձավ համալսարանում իրականացվող միջազգային ծրագրերին՝ հանգամանորեն ներկայացնելով «Ագրարային մենեջմենթ» ծրագիրը: Հանձնաժողովի անդամների հարցերին տրվեց հստակ և սպառիչ պատասխաններ: Թե´ համալսարանի գործունեությունը, և թե´ «Ագրարային մենեջմենթ» մագիստրոսական կրթական ծրագրի կատարման ընթացքը գնահատվեց բարձր: Հատկանշական է, որ հանձնաժողովի կողմից ամենաբարձր վարկանիշային միավորներ ստացել են Հայաս­տանի ազգային ագրարային համալսարանը և Ուկրաինայի Սումիի համալսարանը:

Նշենք, որ սեմինարին Երևանից առցանց համակարգով մասնակցում էին նաև ՀԱԱՀ «Ագրարային մենեջմենթ» կրթական ծրագրի համակարգողները: Հավելենք նաև, որ «Ագրարային մենեջմենթ» միջազգային մագիստրոսական ծրագրի այս ընթացիկ կոնֆերանսը միտված է ամփոփելու մինչ օրս այդ ուղղությամբ կատարված աշխատանքները, ինչպես նաև հող նախապատրաստելու հավատարմագրումն ավարտելուց հետո այս ծրագրի շրջանավարտ-մագիստրոսներին կրկնակի դիպլոմների շնորհման, այսինքն՝ բացի Հայաստանի ազգային ագրարային համալսարանի «Տնտեսագետ-մագիստրոսի» որակավորման դիպլոմից ստանալ նաև Վայհենշտեֆան-Թրիսդորֆի համալսարանի դիպլոմ (այսօր դեռևս ստանում են նշված համալսարանի սերտիֆիկատ):

Գործընկեր երկրներում ագրոտնտեսական ոլորտի զարգացման համար նշանակալից և բարձր գնահատվող այս ծրագրի կարևորության մասին է վկայում գերմանական մամուլի բավական ընդարձակ անդրադարձն «Ագրարային մենեջմենթ» մագիստրոսական ծրագրի հավատարմագրման գործընթացին: Այսպես, գերմանական «Fränkische Landeszeitung̎» թերթը գրում է. «Հավատարմագրման գործընթացին մասնակցելու համար Թրիսդորֆ են ժամանել համագործակից 12 համալսարանների 7 ռեկտորներ, 3 պրոռեկտորներ, ինչպես նաև բազմաթիվ դեկաններ և միջազգային ստորաբաժանումների ղեկավարներ: ACQUIN հավատարմագրման կազմակերպության կողմից անցկացվող գնահատման նպատակով կազմվել է 7 հոգանոց փորձագիտական խումբ` հայտնի պրոֆեսորներից, միջազգային գյուղատնտեսական փորձագետներից և ուսանողներից: Ստուգվելու են հատկապես ուսուցման բովանդակությունը, կրթական մակարդակը, մասնագիտական վերահսկումը, ընդհանուր տեղային պայմանները, ինչպես նաև թե՛ մարդկային, և թե՛ տեխնիկական և ֆինանսական ռեսուրսների ձևավորումը: Բոլոր մասնակից համալսարանները «Ագրարային մենեջմենթ և տարածաշրջանային զարգացում մագիստրոսական ուսուցման միջազգային ցանցի» մաս են կազմում: Այն ղեկավարում է բազմակի դոկտոր Ռալֆ Շլաուդերերը»:

Անդրադառնալով համալսարանական միության նպատակներին` թերթը հատկապես շեշտում է մասնակից երկրներում գյուղատնտեսական նախկին կրթության հիման վրա ժամանակակից ագրարային կառավարման համար ապագա մասնագիտական ուժերի պատրաստումն ու զարգացումը, որը կբերի ազգային և գերմանական գյուղատնտեսության բոլոր ճյուղերում սերտ համագործակցության:

Այս հավատարմագրումը Հայաստանի ազգային ագրարային համալսարանի վերջին տարիների կարևորագույն ձեռքբերումներից է: Այն համալսարանին լայն հնարավորություն է ընձեռում էլ ավելի ընդարձակելու և ամրապնդելու միջազգային համագործակցությունը, ինչպես նաև արմատապես բարելավելու կրթության որակը: Հավատարմագրման հանձնաժողովի հետ մասնավոր քննակումներ են անցկացվում համալսարանի մի շարք այլ կրթական ծրագրերի փորձաքննության և հա­վա­տարմագրման ուղղությամբ:




Լրահոս