Միջազգային հավատարմագրումը մոտենում է ավարտին

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Գերմանիայի Դաշնության Վայհենշտեֆան-Թրիսդորֆի կիրառական գիտությունների համալսարանի և Հայաստանի ազգային ագրարային համալսարանի միջև երկու տարի առաջ մեկնարկած մագիստրոսական ծրագրի համատեղ հավատարմագրման գործընթացը մոտենում է ավարտական փուլին: Ապրիլի 25-ից 27-ը Վայհենշտեֆանի համալսարանում Գերմանիայի Դաշնության՝ կրթության որակի վերահսկման և հավատարմագրման ինստիտուտի (ACQUIN) փորձագիտական խումբը, որում ընդգրկված են Եվրոպական 9 առաջատար համալսարանների ներկայացուցիչներ, կազմակերպել է հավատարմագրման ավարտական փուլի քննարկում, որին մասնակցել է նաև Հայաստանի ազգային ագրարային համալսարանի ռեկտոր Ա. Թարվերդյանը:

Հաձնաժողովի՝ ապրիլի 26-ի նիստը սկսվել է Հայաստանի ազգային ագրարային համալսարանի “Ագրարային մենեջմենթ” մագիստրոսական ծրագրի հավատարմագրման գործընթացի քննարկմամբ: Ռեկտոր Ա. Թարվերդյանը համառոտ ներկայացրել է համալսարանը, ապա անդրադարձել համալսարանում իրականացվող միջազգային ծրագրերին և պատասխանել հանձնաժողովի անդամների հարցերին:
Գերմանիայի Դաշնության՝ կրթության որակի վերահսկման և հավատարմագրման ինստիտուտի (ACQUIN) փորձագիտական խմբի կողմից Հայաստանի ազգային ագրարային համալսարանի գործունեությունը, մասնավորապես “Ագրարային մենեջմենթ” մագիստրոսական կրթական ծրագրի կատարման ընթացքը գնահատվել է բարձր: Հատկանշական է, որ հանձնաժողովի կողմից ամենաբարձր վարկանիշային միավորները տրվել են Հայաստանի ազգային ագրարային համալսարանին և Ուկրաինայի Սումիի համալսարանին:

Գերմանիայում կազմակերպված սեմինար-քննարկմանը Երևանից առցանց համակարգով մասնակցել են նաև ՀԱԱՀ “Ագրարային մենեջմենթ” կրթական ծրագրի համակարգողները: Համաժողովի հիմնական նպատակը “Ագրարային մենեջմենթ” միջազգային մագիստրոսական ծրագրի մինչ այժմ այդ ուղղությամբ կատարված աշխատանքների ամփոփումն էր, որն անհրաժեշտ հիմք է ստեղծում՝ հավատարմագրման գործընթացն ավարտելուց հետո ծրագրի շրջանավարտ-մագիստրոսներին շնորհել կրկնակի դիպլոմներ: Այսինքն՝ բացի Հայաստանի ազգային ագրարային համալսարանի “Տնտեսագետ-մագիստրոսի” որակավորման դիպլոմից շրջանավարտները կարող են ստանալ նաև Վայհենշտեֆան-Թրիսդորֆի համալսարանի դիպլոմ (այսօր դեռևս ստանում են նշված համալսարանի սերտիֆիկատ):

Նշենք, որ 2011 թվականից համալսարանում “Ագրարային մենեջմենթ” կրթական ծրագրի ուսուցումը կազմակերպվում է նաև գերմաներեն լեզվով: Հավատարմագրումը վերջին տարիների կարևորագույն ձեռքբերումներից է, որը բուհին լայն հնարավորություն է ընձեռում ընդարձակելու և ամրապնդելու միջազգային համագործակցությունը, ինչպես նաև արմատապես բարելավելու կրթության որակը:




Լրահոս