ՀԱՐՑ. Հայրս իր անունով բանկում ներդրած ավանդ ուներ: Նա հաշվառվել էր, որպեսզի ստանար այն, բայց չհասցրեց. մահացավ: Մեզ ասացին, որ այլեւս չենք կարող ստանալ նրա գումարը: Խնդրում եմ պարզաբանել՝ կարո՞ղ ենք ստանալ իր գումարը, թե ոչ:
Սուրիկ Սարգսյան (Քանաքեռ, 1-ին փող. նրբ 49 տուն)
ՊԱՏԱՍԽԱՆ. Քաղաքացի Սուրիկ Սարգսյանի ավանդի փոխհատուցման վերաբերյալ հայտնում ենք, որ «Հայաստանի Հանրապետության 2016 թվականի պետական բյուջեի մասին» ՀՀ օրենքի 9-րդ հոդվածի 12-րդ կետի համաձայն՝ 2016 թվականին շարունակվում է «ՎՏԲ-Հայաստան բանկ» ՓԲԸ-ում ավանդատու հանդիսացող քաղաքացիների, որպես նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման ծրագիրը (այսուհետ՝ Ծրագիր):
Ծրագիրն իրականացվում է ՀՀ կառավարության 2014 թվականի ապրիլի 23-ի N 460-Ն որոշմամբ հաստատված «Նախկին ԽՍՀՄ Խնայբանկի ՀԽՍՀ հանրապետական բանկում մինչեւ 1993 թվականի հունիսի 10-ը ներդրված դրամական ավանդների դիմաց փոխհատուցման տրամադրման» կարգով (այսուհետ՝ Կարգ) սահմանված նորմերին համապատասխան:
Համաձայն Կարգի 20-րդ կետի՝ ավանդատուի փոխհատուցում ստանալու պահանջի իրավունքը համարվում է անձի հետ անխզելիորեն կապված իրավունք, այն չի կարող անցնել այլ անձի (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 398-րդ հոդված), լինել գրավի առարկա (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 230-րդ հոդվածի առաջին մաս), մտնել ժառանգության զանգվածի մեջ (Հայաստանի Հանրապետության քաղաքացիական օրենսգրքի 1186-րդ հոդվածի երկրորդ մաս):
Իսկ 22-րդ կետով սահմանված է, որ ավանդատուի՝ Հայաստանի Հանրապետության նկատմամբ փոխհատուցում ստանալու գույքային իրավունքը համարվում է դադարած կատարմամբ՝ վճարմամբ, կամ ավանդատուի մահով:
Կարգի 29-րդ կետի համաձայն՝ եթե ավանդատուի տվյալները ներառված են փոխհատուցման վճարման ցուցա¬կում, ապա ավանդատուի մահվան դեպքում ավանդատուին հասանելիք փոխհատուց¬ման գումարը վճարվում է նրա ժառանգին (ժառանգներին)` նոտարի կողմից տրված ժառան¬գության իրավունքի վկայագրի հիման վրա: Վճարման ցուցակում ներառվում են ժառանգի (ժառանգների) տվյալները:
Վերոգրյալից ելնելով՝ քաղաքացի Սուրիկ Սարգսյանը մահացել է, եւ նրա տվյալները չեն ներառվել փոխհատուցման վճարման ցուցա¬կում, ուստի նրա ժառանգը չի կարող ձեռք բերել փոխհատուցման իրավունք:
ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարության սոցիալական աջակցության վարչություն
«ԺՈՂՈՎՈՒՐԴ». Տեղեկացնենք, որ փոխհատուցում ստանալու համար առաջին պայմանն այն է, որ ավանդատուի ընտանիքը ընտանիքների անապահովության գնահատման համակարգում ունենա «0»-ից բարձր անապահովության միավոր:
Որից հետո ավանդատուն սոցիալական ծառայությունների տարածքային բաժին պետք է ներկայացի անձը հաստատող փաստաթուղթ կամ նույնականացման քարտ, ավանդատուի հանրային ծառայությունների համարանիշը կամ սոցիալական ապահովության քարտը կամ տեղեկանք հանրային ծառայությունների համարանիշ չունենալու մասին, ավանդատուի խնայողական գրքույկը, դրա պատճենը եւ տեղեկանք «ՎՏԲ-Հայաստան» բանկից՝ ավանդատուի բանկային հաշվի քարտում 1993 թվականի հունիսի 10-ի դրությամբ առկա տվյալների մասին:
Հավելենք, որ եթե ավանդատուն փաստաթղթերը հանձնում է, եւ գումարը դեռ «Հայփոստ» չի ուղարկվում, իսկ այդ ընթացքում ավանդատուն մահանում է, ապա նա գումարը ստանալ չի կարող: Ի դեպ, եթե 1930-31 թթ. ծնված ավանդատուն փաստաթղթեր է հանձնել, եւ նրա ամուսինը կամ կինը մահացել է, այդ դեպքում ինքը կարող է ստանալ վերջինիս ավանդի դիմաց փոխհատուցման 50 տոկոս գումարը:
ArmLur.am-ը շարունակում է ներկայացնել «Ժողովուրդ» օրաթերթին դիմած ընթերցողներին հուզող հարցերի պատասխանները: Ձեզ հետաքրքրող բոլոր հարցերի պատասխանները ստանալու համար կարող եք դիմել «Ժողովուրդ» օրաթերթի խմբագրություն՝ զանգահարելով (010, 093, 096) 546-423 հեռախոսահամարներին:
Կարող եք Ձեր հարցերն ուղարկել էլեկտրոնային տարբերակով՝ [email protected] հասցեին: