Կառավարության նիստի այսօրվա օրակարգում ընդգրկված էր «Արցախի ճանաչման մասին» նախագիծը, որը հեղինակել էին Ազգային ժողովի պատգամավորներ Հրանտ Բագրատյանն ու Զարուհի Փոստանջյանը: Գործադիրը դրական եզրակացության արժանացրեց կառավարության եզրակացությունը, որում նշված է, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը պայմանավորում է Հայաստանի և Արցախի միջև քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում` արտաքին գործոնները: Հարցը կառավարությանը ներկայացրեց արտաքին գործերի փոխնախարար Շավարշ Քոչարյանը:
Առաջին անգամ չէ, որ պատգամավոր Զարուհի Փոստանջյանը հանդես է եկել նման առաջարկով, որը, սակայն, մշտապես բացակասական եզրակացության է արժանացել: Զարուհի Փոստանջյանը, ով այսօր մասնակցում էր կառավարության նիստին, դրական համարեց գործադիրի եզրակացությունը և հույս հայտնեց, որ խորհրդարանում քննարկումները կտան իրենց արդյունքը:
Փոխարտգործնախարար Շավարշ Քոչարյանն արդեն լրագրողների հետ զրույցում ներկայացրեց Հայաստանի կողմից Արցախի ճանաչման պայմանը. եթե Ադրբեջանը կրկին դիմի ագրեսիայի, ապա ճանաչման հարցը կմտնի օրակարգ:
Ըստ ամենայնի` Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ այս նախագծի քննարկման գործընթացը պատերազմական գործողություններից առաջ սկսելով` ՀՀ իշխանությունները ցանկանում են կանխել Ադրբեջանի նման մտադրությունները` հստակ վերջնագրային ուղերձ հղելով ինչպես մեր հակառակորդ երկրին, այնպես էլ ԵԱՀԿ միջնորդներին: Խնդիրն այն է, թե արդյոք այդ ուղերձը հենց ա՞յս պահին կտա ցանկալի արդյունքը: Ի վերջո, ԼՂՀ անկախության ճանաչումը, կարելի է ասել, մեր վերջին փամփուշտն է, ուստի այն օգտագործելուց առաջ պետք է երկար մտածել և դա անել ճիշտ ժամանակին: Հակառակ դեպքում կարող ենք հայտնվել վերջին փամփուշտը սեփական քունքին պարպողի կարգավիճակում:
Մանրամասները` ArmLur.am-ի տեսանյութում:
Նաիրա Հովհաննիսյան, Նարեկ Սարգսյան, Հովսեփ Հովսեփյան