ԼՂՀ անկախության ճանաչումը մեր վերջին փամփուշտն է. այն պետք է օգտագործել ճիշտ ժամանակին. խմբագրական

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Վաղվա նիստում ՀՀ կառավարության քննարկմանն է ներկայացվելու Ազգային ժողովի պատգամավորներ Զարուհի Փոստանջյանի եւ Հրանտ Բագրատյանի՝ օրենսդրական նախաձեռնության կարգով ներկայացրած «Արցախի Հանրապետությունը ճանաչելու մասին» ՀՀ օրենքի նախագիծը, որի եզրակացության մեջ նշված է. «ՀՀ կառավարությունը ներկայացված օրենքի նախագծի ընդունումը պայմանավորում է Հայաստանի եւ Արցախի միջեւ քննարկումների արդյունքներով՝ հաշվի առնելով հետագա զարգացումները, այդ թվում նաեւ արտաքին գործոնները»: Նախագծի քննարկմանը հարակից զեկուցմամբ հանդես է գալու ՀՀ արտաքին գործերի նախարարի տեղակալ Շավարշ Քոչարյանը:

Դատելով որոշակի ազդակներից` ՀՀ իշխանությունները պատրաստվում են այս գործընթացը հասցնել մինչեւ Ազգային ժողովի լիագումար նիստ` փորձելով այս, ըստ էության, վերջին խաղաքարտը միջազգային քաղաքական կենտրոնների հետ բանակցությունների ընթացքում մինչեւ վերջ խաղարկել:

Եվ այստեղ ողջ հարցն այն է, թե ինչ է լինելու, եթե այդ խաղարկումը ցանկալի արդյունքը չտա, եւ Հայաստանի իշխանություններն արդեն ստիպված լինեն ավարտին հասցնել իրենց սկսած այս գործընթացը` ճանաչելով Լեռնային Ղարաբաղի Հանրապետության անկախությունը:

Հիշենք, որ ապրիլյան սրացումներից հետո Սերժ Սարգսյանը նման հեռանկարի մասին խոսեց ԵԱՀԿ երկրների դեսպանների հետ հանդիպման ժամանակ` զգուշացնելով, սակայն, որ Հայաստանը կգնա նման քայլի, եթե Ադրբեջանը լայնամասշտաբ պատերազմական գործողություններ սկսի:

Առայժմ Ադրբեջանի կողմից լայնածավալ պատերազմ սկսելու ուղղությամբ կոնկրետ գործողություններ չեն իրականացվել, թեեւ Արցախի ՊՆ-ն նախօրեին հայտարարեց սահմանագծին ադրբեջանական զինուժի մեծ կուտակումների եւ զորքերի ակտիվ տեղաշարժի մասին: Սակյան, այդուհանդերձ, լայնամասշտաբ պատերազմ, որի սկսման դեպքում ըստ Սերժ Սրգսյանի, պիտի ՀՀ-ն ճանաչեր ԼՂՀ անկախությունը, առայժմ չկա, եւ ուրմեն ՀՀ կողմից ԼՂՀ անկախության ճանաչումը կարող է այլ կերպ ընկալվել, քան եթե դա տեղի ունենար հենց պատերզմական գործողությունների ընթացքում եւ պարտադրանքով:

Ըստ ամենայնի, Արցախի անկախության ճանաչման վերաբերյալ այս նախագծի քննարկման գործընթացը պատերազմական գործողություններից առաջ սկսելով ՀՀ իշխանությունները ցանկանում են կանխել Ադրբեջանի՝ նման մտադրությունները` հստակ վերջնագրային ուղերձ հղելով ինչպես մեր հակառակորդ երկրին, այնպե էլ ԵԱՀԿ միջնորդներին: Խնդիրն այն է, թե արդյոք այդ ուղերձը հենց այս պահին կտա ցանկալի արդյունքը: Ի վերջո` ԼՂՀ անկախության ճանաչումը, կարելի է ասել, մեր վերջին փամփուշտն է, ուստի այն օգտագործելուց առաջ պետք է երկար մտածել եւ դա անել ճիշտ ժամանակին: Հակառակ դեպքում կարող ենք հայտնվել վերջին փամփուշտը սեփական քունքին պարպողի կարգավիճակում:

 




Լրահոս