Ինչպես է սպանվել Բերդի զինկոմը

ՀԵՏԵՎԵՔ ՄԵԶ Telegram-ՈՒՄ

Բերդ քաղաքում՝ Տավուշի մարզի առաջին ատյանի դատարանում, ընթանում է Տավուշի մարզի Մովսես գյուղի 41-ամյա բնակիչ Արթուր Մկրտումյանի դատավարությունը: Նա մեղադրվում է 2015թ. սեպտեմբերի 18-ին Մովսես գյուղի բնակիչ, Բերդի զինկոմ, 1966թ. ծնված Դերենիկ Պապյանին սպանելու մեջ: Այդ քրեական գործով դատաքննությունը մոտենում է ավարտական փուլին: Դատական հաջորդ նիստը նշանակված է մայիսի 12-ին:

Դատավարության ընթացքում Արթուր Մկրտումյանը իրեն սպանության կատարող չի համարում, նշում է, թե չի հիշում դեպքը, այդ օրվա իրադարձությունները: Բանն այն է, որ նա եղել է հարբած վիճակում: Դատահոգեբուժական փորձաքննության եզրակացությամբ Արթուր Մկրտումյանը ճանաչվել է մեղսունակ: Նրա շահերը դատարանում պաշտպանում է հանրային պաշտպանը: Դատաքննության ընթացքում հերքվել են տարածված այն խոսակցությունները, թե զինկոմ Պապյանի եւ Արթուր Մկրտումյանի միջեւ նախկինում՝ զինվորական ծառայության ժամանակ, անհաշտ հարաբերություններ են եղել:

Դատարանի կողմից ապացուցված է համարվել, որ նրանց հարաբերությունները նորմալ են եղել: Դատաքննության ընթացքում հերքվել է նաեւ այն տեղեկությունը, թե զինկոմի սպանության օրը վերջինս ոգելից խմիչքի ազդեցության տակ գտնվող, համագյուղացի Արթուր Մկրտումյանին հայհոյել է, հարվածել:

Իրականում զինկոմ Դ. Պապյանը թեթեւ հրել է Ա. Մկրտումյանին: Վերջինս անչափահաս 3 երեխա ունի, իսկ Դ. Պապյանը՝ չափահաս երկու որդիներ: Սպանության օրը Ս. Մկրտումյանը պետք է բանկում վճարեր իր վերցրած վարկի գումարը: Նշենք, որ նրա նկատմամբ մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 104 հոդվածի 1-ին մասով:




Լրահոս