Միացյալ Նահանգները կոչ է անում ղարաբաղյան հակամարտության բոլոր կողմերին բանակցային սեղանի շուրջ վերադառնալ՝ համապարփակ կարգավորման հասնելու նպատակով:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ-ի Պետքարտուղարության փոխխոսնակ Մարք Թոները՝ մեկնաբանելով Հայաստանի խորհրդարանում ԼՂ անկախության ճանաչման օրինագիծը:
«Միացյալ Նահանգները, ամբողջ միջազգային հանրության հետ միասին, չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը: Լեռնային Ղարաբաղի վերջնական կարգավիճակը պետք է որոշվի միայն համապարփակ կարգավորման ենթատեքստում: Այսպիսով, մենք կոչ ենք անում կողմերին կարգավորման սեղանի շուրջ հավաքվել բարի կամքով՝ այդ նպատակներին համապատասխանող կարգավորման հասնելու համար»,- ասել է նա:
Պետքարտուղարության ներկայացուցիչն ավելացրել է, որ Միացյալ Նահանգներն առաջնորդվում է ուժի չկիրառման, ինքնորոշման իրավունքի եւ սահմանների անձեռնմխելիության սկզբունքներով, միեւնույն ժամանակ նշելով. «Այս ամենը, սակայն, պետք է մշակվի Մինսկի խմբի համատեքստում: Գոյություն ունի գործընթաց, որը պետք է հարգեն բոլոր կողմերը»: